Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահանջում ենք ինչպես ՀՀ կառավարությունից Էմերալդ ցանցի թեկնածու տարածքներն օպտիմալացնելու գործընթացում հակաժողովրդավարական և միջազգային կապիտալի շահերին սպասարկող որոշումներ չկայացվեն». ՀԲՃ

Մարտ 16,2023 23:57

Էմերալդ ցանցի թեկնածու տարածքների և Ամուլսարի կապակցությամբ

Դիրքորոշում

 

Ուղղվում է՝

  • Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտին
  • ՀՀ Կառավարությանը
  • Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակին
  • ԵՄ պատվիրակությանը Հայաստանում

 

Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունը Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտից հրավերք է ստացել՝ 2023 թ․ մարտի 17-ին մասնակցելու Էմերալդ տարածքներին վերաբերող աշխատաժողովի , որն անցկացվում է ԵՄ ֆինանսավորմամբ և Համաշխարհային բանկի համակարգմամբ իրականացվող՝ «Էմերալդ տարածքների ստեղծման առաջխաղացում և էմերալդ տարածքների կառավարում» ծրագրի շրջանակներում։

Մեր նախաձեռնությունը տարիներ շարունակ հետևել է Բեռնի կոնվենցիայի շրջանակներում «էմերալդ»՝ հատուկ պահպանվող տարածքների հետ կապված Հայաստանի կառավարության գործունեությանը կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ անգործությանը, ուստի մենք իսկապես ասելիքներ ունենք այս կապակցությամբ, սակայն ցավոք աշխատաժողովին ներկա գտնվել չենք կարող, ուստի մեր դիրքորոշումն արտահայտում ենք գրավոր։

Արձանագրում ենք, որ Բեռնի կոնվենցիային միանալով՝ ՀՀ-ն առաջադրել է էմերալդ ցանցում ընդգրկվելու համար թեկնածու գոտիներ, որոնց մեջ է մտնում «Ջերմուկ» տարածքը (35015 հա)՝ ներառելով Ամուլսարում ոսկու հանքարդյունահանման ծրագրի համար հատկացված տարածքի մի մասը։

Հայաստանյան և միջազգային բնապահպանական հանրության կողմից 2020 թ-ին բողոք է բերվել Բեռնի կոնվենցիայի կոմիտե՝ Էմերալդ գոտու թեկնածու տարածքում ընդգրկված Ամուլսարում հանքարդյունաբերական ծրագիր հաստատվելու և կենսաբազմազանությանը վտանգող գործունեություն իրականացնելու կապակցությամբ, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ ոչ միայն «Ջերմուկ», այլև «Գորհայք տարածքի» և «Սևան» ազգային պարկի վրա (բոլորը ՀՀ կառավարության կողմից ժամանակին առաջադրված Էմերալդ թեկնածու տարածքներ են)։ Բողոքում նշվել է, որ պատշաճ կերպով չի գնահատվել Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագրի ազդեցությունն Էմերալդի թեկնածու տարածքներում գոյություն ունեցող կենսատեսակների և նրանց ապրելավայրերի վրա, ինչպես նաև ծրագրի ազդեցությունն Էմերալդ ցանցի հետ համապատասխանության դիտանկյունից։

Ի պատասխան բողոքի՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացրել է, որ պատրաստվում է օպտիմալացնել Էմերալդ թեկնածու գոտիների ցանկը, սակայն ոչ թե կենսաբազմազանության պահպանության ու գիտական, այլ քաղաքական ու տնտեսական նկատառումներից ելներով, ինչն անընդունելի է Բեռնի կոնվենցիայի համատեքստում (մեջբերում նախարարության նամակից՝ «․․․թեկնածու գոտիների ցանկը համաձայնեցված չէ Շրջակա միջավայրի նախարարության հետ․․․», «․․․նախատեսվում են արդյունաբերական և տնտեսական գործողություններ․․․»)։ Այս պնդումները մեծ կասկածներ են հարուցում, քանի որ անգամ տեխնիկապես պետական հաստատություններից բացի ոչ ոք չունի Common Data Repository-ն օգտագործելու և այնտեղ նյութեր, այսինքն՝ թեկնածու տարածքներ զետեղելու հնարավորություն։

Հետագա հաղորդակցության ընթացքում ՇՄ նախարարության ներկայացուցիչը նշել է, որ նշված կաթնասունների տեսակների գոյությունն Ամուլսարի տարածքում չի հաստատվել, որ նշված թռչունների տեսակներն այստեղ չեն բնադրում, ձկների, անողնաշարավորների և բույսերի նշված տեսակները նույնպես չեն բնակվում այդ տարածքում։ Ընդ որում, նախարարության պատասխանից պարզ չէ, թե ինչպես է քաղվել տեղեկությունը նշված մի քանի տասնյակ տեսակների առեղծվածային անհայտացման մասին։ Ակնհայտ է, որ նման տվյալներ քաղելու համար ծավալուն հետազոտությունների ու դաշտային աշխատանքի կարիք կա։

Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի տարիներ առաջ նշանակված  «Ջերմուկ» թեկնածու տարածքի վերջնական ամրագրումը որպես հատուկ պահպանվող գոտի էմերալդ միջազգային կարգավիճակով՝ հաշվի առնելով այս տարածքում արժեքավոր և վտանգված կենսատեսակների ապրելավայրերի առկայությունը, ինչպես նաև տարածքի մեծ արժեքը ջրագրական և բնական միջավայրի այլ հատկանիշներով։ Կենսաբազմազանության առումով հատուկ արժեք է ներկայացնում պարսկական ընձառյուծի գործոնը․ 2002 թ․ օգոստոսին հրապարակված «Պարսկական ընձառյուծի տարածվածությունն ու կարգավիճակը Կովկասյան էկոռեգիոնում» հոդվածում խոսվում է Հարավային Կովկասում ընձառյուծի վերականգնման մասին, և փաստեր են ներկայացվում Արփա պահպանվող տարածքում, Վայքի լեռնաշղթայում և Կովկասյան վայրի բնության ապաստարանում ընձառյուծի ներկայության մասին։ Վերջին 20 տարիների ընթացքում ընձառյուծը վտանգված է եղել մասնավորապես իր ապրելավայրերի մասնատվածության պատճառով, ինչը սրվել է սոցիալ-տնտեսական զարգացումների և քաղաքական իրավիճակների հետևանքով։ Կարևոր է դիտարկել նաև ընձառյուծի հիմնական որսի հանդիսացող բեզոարյան այժերի և հայկական մուֆլոնների և նրանց ապրելավայրերի պաշտպանությունը։

Ցավով արձանագրում ենք նաև, որ նախորդ տարիներին Էմերալդ տարածքների հետ կապված միջազգային գործընթացներում ներգրավված փորձագետ Գեորգի Ֆայվուշը, ով ներգրավված է նաև այս ծրագրում, հանդես է եկել որպես և՛ կառավարության ներկայացուցիչ-փորձագետ, և՛ ֆինանսական շահ հետապնդող մասնավոր ընկերության՝ Լիդիանի փորձագետ։ Այս խնդրի մասին, առանց անուններ հրապարակելու, նշված է նաև Բեռնի կոնվենցիայի կոմիտեին ՀՀ ՇՄ նախարարության 2020 թ․ No. 4/08.8/8058 պատասխանի մեջ։

Չի բացառվում, որ Էմերալդ թեկնածու գոտիների օպտիմալացման շրջանակում նրա մասնակցությամբ գործընթացներ ընթանան նաև Ջերմուկ գոտին թեկնածու գոտիների ցանկից կրճատելու ուղղությամբ։ Սույն փորձագետի գիտելիքի նկատմամբ հարգանքով հանդերձ և անկախ այն հանգամանքից, որ Հայաստանում այս ոլորտի փորձագիտական ներուժի խիստ պակաս կա՝ նույն փորձագետի ներառումը թե՛ շահույթ հետապնդող ընկերության, և թե՛ այդ ընկերությանը վերահսկելուն կոչված պետական մարմնի փորձագետների թվում մենք գնահատում ենք շահերի բախում։ Սա հետևանք է պետական կառավարման խիստ թերացման, կարգավորիչ դեր չկատարելու և պետության ու հանրային իշխանության նկատմամբ կորպորատիվ վերահսկողությունը թույլ տալու։

Հնչեցնում ենք մեր ահազանգն առ այն, որ միջազգային ծրագրի ներքո մասնավոր շահերի սպասարկում տեղի չունենա, և սահմանվեն հստակ չափանիշներ՝ բացառելով շահերի բախում, հովանավորչություն կամ կոռուպցիայի որևէ դրսևորում միայն նման չափելի ու վերահսկելի սկզբունքների շնորհիվ է հնարավոր նման դրսևորումների կանխումը։ Ակնկալում ենք ծրագիրն իրականացնող բոլոր կառույցներից կոռուպցիայի ու շահերի բախման այս չափանիշների և վերահսկման մեխանիզմների հանրայնացում, որպեսզի որպես շահագրգիռ հանրություն մենք նույնպես ունենանք ահազանգի ու պատասխանատվության կանչելու հնարավորություն։  

 

  1. Պահանջում ենք ինչպես ՀՀ կառավարությունից, այնպես էլ այս ծրագիրն իրականացնող հաստատություններից, որ Էմերալդ ցանցի թեկնածու տարածքներն օպտիմալացնելու գործընթացում հակաժողովրդավարական և միջազգային կապիտալի շահերին սպասարկող որոշումներ չկայացվեն։
  2. Էմերալդ ցանցի թեկնածու գոտիների վերանայումը կատարվի բացառապես կենսաբազմազության պահպանման, այլ ոչ տնտեսական ու քաղաքական նկատառումներից դրդված, ինչպես նաև բացառվի մասնավոր շահառու ընկերությունների հետ սերտ համագործակցած փորձագետների ազդեցությունը որոշումների կայացման վրա։

 

Ինչ վերաբերում է կոնկրետ «Ջերմուկ» գոտուն, ապա այն մեր ուշադրության կենտրոնում է։

 

«Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031