Այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում հրավիրված էր ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ այն նախկին պաշտոնյաներին, որոնք մերժել են իր հրավերն ու չեն եկել հանձնաժողով՝ պատասխանելու հարցերին. «Հիմա ես կարծում եմ, որ Օնիկ Գասպարյանի գալուց հետո շատերը կհասկանան, որ հանձնաժողովից պետք չի փախչել՝ սկսած Վարդան Օսկանյանից, վերջացրած այն զինվորականներով, որոնք, չգիտես ինչու, ամպագոռգոռ հայտարարություններ են անում՝ դրանք ով են, որ մենք գանք-չգանք: Ոչ մեկը ո՛չ Օնիկ Գասպարյանի չափ ավանդ ունի ԶՈՒ կայացման հարցում, ո՛չ էլ գիտելիքներով կարող է մրցի: Օրինակ, Տիրան Խաչատրյանը: Եթե իր ղեկավարը եկել է, իր չգալը ոչ մեկը չի կարող հասկանալ: Ինքը հրապարակայնորեն հրաժարվել է, նույնը՝ Վարդան Օսկանյանը»:
Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց, որ այսօր իրենց հանձնաժողովի ցանկացած անդամի հարցնենք, ափսոսանքով կասի, որ կորցրել են մի զինվորականի, որը կերտել է իրեն՝ չլինելով զինվորական: Ուստի նրան նորից պաշտոն տալու հետ կապված ասաց՝ հանձնաժողովի եզրակացությունն ունենան՝ կտեսնեն:
Առաջիկայում հրավիրելու են գեներալ Ջալալ Հարությունյանին, Մովսես Հակոբյանին:
Խոսելով վերջինիս մասին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Իրեն առնչվող լիքը հարցեր կան: Այսօր նկատեցինք, որ Մովսես Հակոբյանի՝ նախկինում ԳՇ պետ եղած ժամանակ որոշ կառույցների հետ կապված իր որոշումներին անդրադարձ կա եւ բնականաբար կուզեինք իրենից լսել, նորից կհրավիրենք: Ձեր միջոցով հրավիրում ենք հիմա, պաշտոնական գրություն էլ կուղարկենք, որովհետեւ Մովսես Հակոբյանը չգիտենք որ բնակարանում է ապրում, ինքը ե՛ւ ՊՆ-ից ունի ստացած բնակարան, ե՛ւ Արցախում ունի առանձնատուն, ե՛ւ այստեղ Սայաթ-Նովայի վրա, ասում են, ունի մեծ բնակարան»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ