Այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում հրավիրված էր ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, որը պատերազմի ընթացքում բանակն էր ղեկավարում: 6 ժամ տեւած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հանդիպումը դեռ շարունակվելու է. «Պարոն Գասպարյանի՝ մեզ այցելելուց առաջ քննիչ հանձնաժողովը հրավեր էր ուղարկել եւ ներկայիս ԳՇ պետն էր եկել, որը Օնիկ Գասպարյանի ղեկավարման տարիներին եղել է կարեւորագույն վարչություններից մեկի ղեկավարը: Մենք ունենք ցանկ ռազմական գործողություններին քաջ տիրապետող ամենակարեւոր պաշտոնյաների, սկսեցինք ներկայիս ԳՇ պետով՝ հաշվի առնելով իր նախկին պաշտոնավարումը եւ ինֆորմացված լինելը: Հաջորդը պետք է լիներ մեր ցանկալին՝ պատերազմի տարիներին բանակը ղեկավարած զինվորական, գեներալ գնդապետ Գասպարյանը: Ես նամակ ուղարկեցի ու ի տարբերություն շատերի, որոնք կաշկանդված, վախեցած են, Օնիկ Գասպարյանը անմիջապես արձագանքեց: Այն, ինչ մենք արձանագրեցինք, շատ կարեւոր է բանակում եղած շատ խնդիրներ ապագայում միասնաբար լուծելու համար»:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Օնիկ Գասպարյանի հետ քննարկել են մի շարք հարցեր՝ սպառազինության, բանակի կադրային համալրման, աշխարհազորի լինել-չլինելու եւ այլն. «Ես ափսոսում եմ, որ Օնիկ Գասպարյանը ԳՇ պետի պաշտոնին ավելի ուշ անցավ, քան պետք էր, եթե նա իր պատկերացումներով ավելի շուտ նշանակված լիներ, մենք բանակում բարեփոխումների ավելի մեծ ճանապարհ անցած կլինեինք»:
Ըստ Անդրանիկ Քոչարյանի, Օնիկ Գասպարյանին տարան քաղաքականության մեջ, բայց նա պատերազմից հետո էլ շատ անելիք ուներ բանակում. «Հետագայում Օնիկ Գասպարյանը չմտավ քաղաքական հորձանուտի մեջ, պահեց զինվորականի իր կեցվածքը եւ վստահ եմ, որ այսօր էլ նախաքննական մարմինը, որն իրականացնում է բազմաթիվ դրվագների քննությունը, Օնիկ Գասպարյանի կարիքը զգում է, նա իր գիտելիքներով կիսվում է նախաքննական մարմնի հետ»:
Հարցին՝ այսինքն, երբ ասվում էր, որ ռազմական հեղաշրջման փորձ է արվում, Օնիկ Գասպարյանը այդ հեղաշրջման կազմակերպիչներից մե՞կը չէր՝ Քոչարյանը պատասխանեց. «Ռազմական հեղաշրջման փորձ, իհարկե, եղել է: Նրան դրդող քաղաքական հարթակը պետք է զսպեր իրեն, որովհետեւ մեր երկիրը մի հատ է եւ այդ երկրում զինվորականությանը երբեք չի կարելի գրկաբաց բերել դեպի ներքաղաքական խմորումների դաշտ ու փորձել բանակն օգտագործել՝ բազուկների ցուցադրման համար»:
Կարդացեք նաև
Հարցին՝ Օնիկ Գասպարյանի բացթողումները տեսնո՞ւմ եք պարտության մեջ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ բոլորի բացթողումն է տեսնում. «Նաեւ մեր հասարակության այն հատվածի, որ պառկում էին զորամասի դեմը եւ չէին թողնում, որ ԳՇ պետի հրամանն ի կատար ածվի: Դա էլ է եղել: Եղել է դեպք, երբ զորամասից պիտի անձնակազմը դուրս գար, տվյալ զորամասի դեմը հարազատները, մյուսները փակել են, որ դուրս չգա, բայց չէ՞ որ պատերազմ էր»:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այսօր խոսել են նաեւ «5-րդ շարասյան» մասին. «Կարող է լրատվական դաշտում էլ շարասյուն փորձենք գտնել եւ կասկածներ ունենանք: 44-օրյայի օրերին սենսացիաներ ման գալով՝ հակառակորդին լավ աղբյուր էին հանդիսանում զորքերը ոնց եկան, ոնց գնացին»:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ցանկություն է հայտնել հանձնաժողով գալ ու պատասխանել հարցերին. «Իմ առաջարկն է եղել, որ եթե խոչընդոտներ կան, մենք պատրաստ ենք գանք մեկուսարանում շփվենք: Եթե հիշում եք, Մարտի 1-ի ժամանակ փաստահավաք խումբը նաեւ այցեր էր անում մեկուսարաններ, քաղբանտարկյալներին էր այցելում եւ ծնվեց 5 զեկույց»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ