Մեղրու ոսկու հանքավայրում հանքափոր Արթուր Մնացականյանը անցած տարվա մարտի 11-ին հանքի ներսում աշխատանքներ կատարելու ժամանակ վնասվածքներ էր ստացել: Վերեւից պոկված քարն ընկել է ուղիղ իր վրա՝ պատճառելով թիակի, կողերի, թոքերի, երիկամների շրջանում ծանր վնասվածքներ. հրաշքով է ապրում: Դեպքի օրը նրան հանքից տեղափոխել են Մեղրու հիվանդանոց ու, ինչպես իրավաբան Աշոտ Շախսուվարյանն է ասում, փորձել` դեպքը կոծկել:
Վերջինիս խոսքով, բժշկական հաստատությունից իրավապահներին կատարվածի մասին տեղեկություն չի տրամադրվել. կատարվածի մասին լռել են նաեւ հանքի տնօրինությունից: Միայն դեպքից ամիսներ անց, երբ Արթուր Մնացականյանը դիմել է իրավաբան Աշոտ Շախսուվարյանին իրավաբանական խորհրդատվություն ստանալու, վերջինս հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որ հանքում չեն պահպանվել անվտանգության կանոնները, հանքի համապատասխան մասնագետների կողմից ստուգումներ չեն արվել, ինչի արդյունքում Արթուր Մնացականյանը ստացել է մարմնական ծանր վնասվածքներ:
Հաղորդման հիման վրա քրեական վարույթի նախաձեռնումը մերժվել է տեղեկատվության աղբյուրի չբացահայտման հիմքով: Հետագայում, երբ իրավապահները ստուգել են այդ տեղեկությունը ու պարզել, որ, իսկապես, նման դեպք է տեղի ունեցել, քրեական վարույթ են նախաձեռնել, բայց դեպքից մեկ տարի անց չկան մեղադրյալներ, միայն Արթուր Մնացականյանն է ճանաչվել տուժող: Նշանակվել են փորձաքննություններ՝ պարզելու արդյոք տեղի ունեցածը հանքափորի անփութությա՞ն, թե՞ անվտանգության կանոնների չպահպանելու հետեւանքով է եղել:
Տուժողը պնդում է, որ իր կողմից պահպանվել են անվտանգության բոլոր կանոնները, ինքը պարզապես չէր կարող իմանալ՝ գետնափոր հանքի վերեւում ինչ վիճակ է, իրենք պետք է իմանային վերեւում փլվող է, թե փլվող չէ: Վերջինս նաեւ հայտնեց, որ, բուժման ծախսեր տնօրինությունը չի փոխհատուցել, սկզբում պատճառաբանելով, թե ինքը հանքից դուրս է ստացել վնասվածքը ու միգուցե իր անփութության պատճառով: Իսկ, երբ ինքը խեղման ակտ է պահանջել տնօրինությունն առաջարկել է անորոշ ժամկետով իրեն ձեւակերպել 200.000 դրամ աշխատավարձ, որ այդ ակտը չտան, ինչին ինքը համաձայնել է: Վնասվածքների արդյունքում Արթուր Մնացականյանը ստացել է երրորդ կարգի հաշմանդամություն:
Դեպքի օրը Մնացականյանը այլ տեղում էր աշխատանքներ անում, ղեկավարության կողմից հրահանգ են արել տեղը փոխել: Հանքի նշված տարածքը այժմ փակ է, չի թույլատրվում ներս մտնել: Իրավաբան Աշոտ Շախսուվարյանը չի պատկերացնում՝ ինչպես է փորձագետը նշված տեղում փորձաքննություն անելու, որ հասկանա՝ անփութություն էր, թե՝ ոչ: Այդ իսկ պատճառով մտավախություն ունեն նաեւ, որ կարող է սխալ եզրակացություններ ներկայացվեն վարույթ իրականացնող մարմնին:
«Անվտանգության կանոնները, եթե պահպանված էին, ամեն ինչ արված էր, քարը ո՞նց եղավ, որ ընկավ, միայն երկրաշարժի դեպքում կարող էր; Եթե դեպքը տեղի է ունեցել, հետեւաբար, չի պահպանվել անվտանգության նորմերը, եթե պահպանվեր, նման բան չէր լինի»,- ասաց Շախսուվարյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ