Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկը լինի Փաշինյանին հարցնի՝ ինչքա՞ն կարելի է սեփական ժողովրդին թմրեցնել խաղաղության դարաշրջանով»․ Չուգասզյան

Մարտ 16,2023 20:20

«Այսօր ականատես ենք նոր աշխարհակարգի ձեւավորման, եւ այս պայմաններում ռուս-թուրքական ճարտարապետությունը փլուզման մեջ է։ Ի՞նչ նախագծեր կարող են ի հայտ գալ այսօր մեր տարածաշրջանում։ Մեկը «Նոր թուրան»-ն է եւ դրա մաս հանդիսացող «արեւմտյան Ադրբեջան»-ի նախագիծը՝ ներառյալ Սյունիքը, Սեւանա լիճը, իսկ հետագայում՝ Երեւանը»,-«Ազգային ժողովրդավարական բեւեռ»-ի համաժողովի ժամանակ այսօր հայտարարեց ԱԺԲ անդամ Գարեգին Չուգասզյանը։

Տարածաշրջանում մյուս նախագիծը, նրա բնորոշմամբ, ռուսական «Հյուսիս-հարավ»-ն է՝ իր ենթատարբերակներով, իսկ մյուսն արեւմուտքի «Հյուսիս-հարավ»-ն է։ Կան նաեւ չինական նախագծեր, օրինակ՝ Չինաստան-Սաուդյան Արաբիա-Իրան։ Ըստ Գարեգին Չուգասզյանի՝ նոր աշխարհակարգը ենթադրում է Եվրասիայի նոր ենթակառուցվածքի ստեղծում, եւ ճանապարհներն անցնում են Ուկրաինայով ու Հարավային Կովկասով․ «Սա եւս հակասում է ռուս-թուրքական ներկայիս ճարտարապետությանը եւ ենթադրում է դրա փլուզում։ Այս բոլորը խոսում է այն բանի մասին, որ մենք տարածաշրջանային ռազմաքաղաքական երկրաշարժերի նախաշեմին ենք։ Նախադրյալները կան։ Հայ ժողովուրդը պատրա՞ստ է սրան։ Ռազմաքաղաքական վերնախավն ունի՞ տեսլական, աշխարհակարգ ստեղծելու հնարավորություն։ Մեկը լինի Փաշինյանին հարցնի՝ ինչքա՞ն կարելի է սեփական ժողովրդին թմրեցնել անընդհատ խոսելով խաղաղության դարաշրջանից եւ 29 000 խորհրդային սրբազան հողից»։

Գարեգին Չուգասզյանի կարծիքով՝ ԽՍՀՄ փլուզումից հետո ՀՀ բոլոր ղեկավարները, որպես Լեւոն Տեր-Պետրոսյանի «աշակերտներ», հետեւել են «տարածաշրջանի անվտանգության բանալին Մոսկվայում է» անփոխարինելի դոգմային ու արեւմուտքին վերագրել «Անգլիայի նավերը չեն կարող բարձրանալ հայկական լեռները» անկարեւոր թեզը։

«Սա այն պարագայում, որ արեւմուտքն ի դեմս ԱՄՆ-ի ներկա դարձավ աշխարհի բոլոր տարածաշրջաններում՝ վերջին հարյուր տարում․․․արեւմուտքի կողմից ռուսներին տարածաշրջանից հեռացնելու համար հարկավոր է տարածաշրջանային ռազմաքաղաքական հավասարակշռություն։ Սակայն արեւմուտքի օգնությունը ՀՀ կայուն ապագայի անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է։ Բավարար պայմանը համապատասխան եւ կամային իշխանության ձեւավորումն է, որն ի վիճակի կլինի մոբիլիզացնել բնակչության ներուժը»,-հավելեց Գարեգին Չուգասզյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031