Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստացի վերջնագիր են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ասելով` «Կամ ինտեգրվեք կամ հեռացեք Ղարաբաղից». Սամցխե-Ջավախքի Մեդիա վերլուծական կենտրոն

Մարտ 16,2023 19:11

Բաց նամակ Վրաստանում ԱՄՆ-ի եւ ԵՄ երկրների դեսպաններին

Հարգարժան դեսպաններ, արդեն երեք ամսից ավելի է, ինչ Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է պահվում Լեռնային Ղարաբաղը, փակ է Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքը։ Այն միակ ճանապարհն է 120 000 հայ ազգաբնակչության համար՝ հաղորդակցվելու արտաքին աշխարհի հետ։ Երեք ամսից ավելի է, ինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բախվում է անմարդկային տանջանքների ունենալով սննդի եւ դեղորայքի լրջագույն պակաս։ Լաչինի միջանցքի ապաշրջափակման կոչեր են հնչեցվել ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից, ինչպես նաեւ ԵՄ խորհրդարանի եւ մի շարք եվրոպական երկրների կողմից, սակայն Ադրբեջանը չի ենթարկվել ու անտեսել է նմանատիպ բոլոր կոչերը։ Ադրբեջանը համարձակվել է նույնիսկ անտեսել Հաագայի ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը, որով այդ երկիրը պարտավոր էր բացել Լաչինի միջանցքը՝ ըստ եռակողմ հայտարարության կետերի։

Չնայած այս ծանրագույն պայմաններին, որում հայտնվել է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, Ադրբեջանը ոչ միայն չի հրաժարվել իր քաղաքականությունից այլ ավելին դիմել է ահաբեկչական գործողությունների նպատակ հետապնդելով Լեռնային Ղարաբաղում իրականացնել էթնիկ զտումներ։ Մարտի 5-ին ադրբեջանական կողմը Ստեփանակերտ-Լիսագոր  ճանապարհին դիվերսիոն ներթափանցման փորձ է իրականացրել Լեռնային Ղարաբաղ եւ սպանել տեղի ոստիկանության երեք ծառայողի։ Դրանից բացի Ադրբեջանի իշխանությունները միջազգային հանրության աչքին թոզ փչելու նպատակով Լեռնային Ղարաբաղի հետ բանակցությունների կեղծ իմիտացիա են ձեռնարկել, որի ժամանակ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, ոչ թե քննարկել են կոնֆլիկտի լուծման ուղիները, այլ փաստացի վերջնագիր են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ասելով «Կամ ինտեգրվեք կամ հեռացեք Ղարաբաղից»։ Այս վերջնագրին հետեւել են զորքերի մեծաքանակ կուտակումները Լեռնային Ղարաբաղի շուրջ, ինչը բազմաթիվ հայ փորձագետների պնդմամբ կարող է վերաճել նոր պատերազմի եւ էթնիկ զտումների։ Մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանի այս ագրեսիվ վարքագիծը թելադրվում է հյուսիսից եւ նպատակ ունի նոր պատերազմով միանգամից մի քանի հարցեր լուծել, Սյունիքի բռնագրավումից մինչեւ Հայաստանում ԵՄ դիտորդների վարկաբեկում եւ հայկական ժողովրդավարության կործանում, ինչը թույլ կտա Մոսկվային մեր տարածաշրջանում Ադրբեջանի նման նոր ավտորիտար եւ իրեն ենթակա ռեժիմ ձեւավորել։ Չէ որ իրենց հաշվարկով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ  հնարավոր նոր պատերազմի մեջ կարող է ներքաշվել նաեւ Հայաստանը, որը չի կարող թույլ տալ հայերի ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղում։

Այդ իսկ պատճառով մեր կազմակերպության անունից որոշում կայացվեց դիմել Ձեզ հարգելի՛ դեսպաններ, որպեսզի դուք կրկին  մեր տարածաշրջանով զբաղվող Ձեր պաշտոնյաների ուշադրությունը հրավիրեք նոր պատերազմի, ցեղասպանության եւ էթնիկ զտումների վտանգի վրա։ Համոզված ենք, որ այսօրվա պայմաններում Ձեր երկրները ունեն բոլոր քաղաքական  լծակները եւ միջոցները զսպելու Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը եւ թույլ չտալու նոր պատերազմ եւ ցեղասպանություն։ Շատ ավելի լավ է փորձել կանխել ցեղասպանությունը, քան հետո հայ ժողովրդին կարեկցել նոր ողբերգության համար։

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Այվազյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031