Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կարող է միջնորդությամբ գալ ԱԺ՝ ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ քրեական հետապնդում իրականացնելու համար: Այդ մասին հարց եղավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Արսեն Թորոսյանը հերքեց այդ լուրը. «Ես երբեւէ որեւէ պատճառ չեմ տեսել նման միջնորդության համար»: Նա հերքեց նաեւ մանդատը վայր դնելու լուրը:
Անդրադառնալով արդարադատությունից իր դժգոհություններին՝ նա ասաց. «Ես հստակ իմ երկու հաղորդագրությունների մեջ կետերով նշել եմ պրոբլեմների վերաբերյալ եւ հույս ունեմ, որ այն մարմինները, որոնք այդ պրոբլեմներով զբաղվում են, նաեւ իրենց ներքին ընթացակարգերով կպարզեն, թե ինչու է այդ ամեն ինչը տեղի ունեցել եւ հուսով եմ՝ արդարադատությունը կհաղթի: Այն մեղադրանքները, որոնք տեքստի մեջ գրված էին, որեւէ կերպ չէին կարող առնչվել դուրսգրման տրիաժ խմբերի ղեկավարին եւ որեւէ փոխնախարարի, որովհետեւ նման վերահսկողական գործառույթ նրանք չեն ունեցել եւ չէին էլ կարող ունենալ, բացառությամբ այն դեպքերի, եթե հատուկ կազմակերպված հանցավոր խումբ չէր աշխատում, ինչի վերաբերյալ ապացույցներ այս պահին առնվազն ես չգիտեմ, որ կան: Այդ հրապարակման մեջ լրիվ ուրիշ բանի մասին էր խոսք գնում, ինչի վերաբերյալ հայտարարություն եմ արել: Պետք է բոլոր հարցերը պատասխաններ ստանան, թե չէ կստացվի, որ ցանկացած պաշտոնյայի ինչ-որ բան չանելու համար կարելի է դատել՝ անկախ նրանից՝ ինչ-որ բան ինքը պե՞տք է աներ, թե՞ չպետք է աներ»:
Նա ասաց, որ իրեն հարցաքննության չեն կանչել, հակառակ դեպքում այդ մեղադրանքը ընդհանրապես առոչինչ կդառնար. «Չնայած արդեն առոչինչ է, անկախ մեզ կանչելուց»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ