Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մարտի 20-ից կմեկնարկի գարնանային կրթամշակութային ճամբարը: Գրադարանում մեկնարկած ծրագիրը կգործի դպրոցական արձակուրդների ընթացքում՝ հնարավորություն ընձեռելով 6-13 տարեկան երեխաներին ունենալ հագեցած առօրյա և մասնակցել բազմաբովանդակ միջոցառումների:
Երկշաբաթյա տևողությամբ ծրագիրն իր մեջ ներառում է ստեղծագործությունների ընթերցումներ, գրքի շուրջ քննարկումներ: Երեխաները հնարավորություն կունենան մասնակցելու թատերական ու երաժշտական դասերի, զարգացնելու կիրառական արվեստում իրենց փորձառությունը: Ծրագրով նախատեսված ինտերակտիվ, հետաքրքրաշարժ և ժամանցային դասընթացները նպատակ ունեն ընդլայնելու դպրոցականների աշխարհայացքը, փոխանցելու հաղորդակցական, քննադատական մտածողության հմտություններ: Գրադարանում նախատեսվող դասընթացներից բացի կլինեն նաև այցեր թանգարաններ ու թատրոններ, Երևանի այլ պատմամշակութային հաստատություններ: Այս ձևաչափով ճամբարը ոչ միայն երեխաներին կրթելու, այլև՝ գրադարանի աշխատանքներին ծանոթացնելու, գրքի ու ընթերցանության նկատմամբ սերն ու հետաքրքրվածությունը մեծացնելու նպատակ ունի՝ այդ ամենը զուգահեռելով նոր ընկերների ձեռքբերման հետ:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան