Մոտ մեկ ամիս հետո Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կտրվի ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց առաջնության մեկնարկը: Այդ առիթով այսօր հենց մրցավայրում վարչապետի աշխատակազմի ղեկավար, կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը եւ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի բարձրագույն կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը հանդիպեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Արայիկ Հարությունյանն ասաց. «Ես շնորհավորում եմ բոլորին այս կարեւոր մարզական միջոցառման մեկնարկի առիթով: 2023 թվականին այն մեր հանրային կյանքում լինելու է ամենակարեւոր իրադարձություններից մեկը եւ, ըստ էության, մենք այսօրվանից մեկնարկ ենք տալիս դրա պաշտոնական մասին: Վաղը արդեն Հյուսիսային պողոտայում կտանք հետհաշվարկը. ժամացույցը ցույց կտա, թե որքան օր եւ ժամ է մնացել մինչեւ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը նաեւ վարկանիշային է, ինչը էլ ավելի մեծացնում է հետաքրքրությունը այս մրցման նկատմամբ: Դա ենթադրում է նաեւ, որ Հայաստան են գալու Եվրոպայի ամենաուժեղ մարզիկները:
Այս պահին ֆիքսել ենք 40-ից ավելի երկրի ավելի քան 500 մարզիկների մասնակցության նախնական հայտ, որը կարող է փոփոխվել: Սա նշանակում է, որ պատվիրակություններով, մարզիչներով եւ այլ ֆունկցիոներների մասնակցությամբ Հայաստան կգա ավելի քան հազար մարդ: Սա շատ մեծ թիվ է մեզ համար»:
Արայիկ Հարությունյանը մեկնաբանեց, թե ինչու են անցկացվում այս եւ մյուս բարձրակարգ առաջնությունները: «Առաջին հերթին այն ունի մարզական հետաքրքրություն: Երկրորդ, լուծում ենք ոչ պակաս կարեւոր խնդիրներ՝ ոլորտի զարգացում, մեր պետության, որպես մարզական կենտրոնի՝ դերի բարձրացում, ինչը նաեւ խթանում է Հայաստանում ֆիզիկական կուլտուրայի զարգացումը, առողջ ապրելակերպը: Մենք սրա վրա մեծ ուշադրություն ենք դարձնում:
Կարդացեք նաև
Առանց չափազանցության պետք է ասեմ, որ յուրաքանչյուր նման մրցման հայտ ներկայացնելիս մենք՝ կազմակերպիչները եւ ֆեդերացիաները, ծրագրում ենք, որ անելու ենք առավելագույնը եւ նոր նշաձող ենք սահմանելու: Դա արել ենք անցած տարի՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ, որից հետո ոչ միայն բռնցքամարտի ոլորտում, այլ նաեւ շատ մարզաձեւերում խոսում են, որ Հայաստանում անցկացված միջոցառումը կազմակերպվել էր ամենաբարձր մակարդակով: Այսինքն, ըստ էության, մենք նման մրցումների համար նոր պրոտոկոլներ եւ նոր նշաձողեր ենք սահմանում:
Մենք ուզում ենք ներկայանալ նաեւ որպես մշակութային արժեքների կենտրոն եւ ցանկանում ենք, որ մեր հյուրերը առավելագույն հաճույք ստանան Հայաստանի Հանրապետությունում, Երեւան քաղաքում իրենց ներկայությունից»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ