Լրահոս
Օրվա լրահոսը

Սա առաջին դեպքը չէ, երբ մտահոգիչ զուգադիպությամբ իշխանություններին հասցեագրված քննադատությանը հետևում են առցանց հարթակների նկատմամբ հաքերային հարձակումներ. հայտարարություն

Մարտ 16,2023 17:03

 Մարտի 14-ին հաքերային հարձակման արդյունքում կոտրվել է «Aravot.am» լրատվական կայքի յութուբյան ալիքը, ջնջվել տեսանյութերի ողջ արխիվը։ Ըստ կայքի խմբագիր Աննա Իսրայելյանի, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ խմբագրությունն անոնս է տեղադրել հետևյալ բովանդակությամբ․ «․․․Ինչպե՞ս և որքա՞ն հարստացան հեղափոխական պաշտոնյաները պատերազմող երկրում, պատերազմի տարում: Ովքե՞ր են մեր օրերի «Չախչախ թագավորները»:  Այն վերաբերում էր մոտակա ժամերին հրապարակվելիք հետաքննական տեսանյութին։

Սա առաջին դեպքը չէ, երբ մտահոգիչ զուգադիպությամբ իշխանություններին հասցեագրված քննադատությանը հետևում են առցանց հարթակների նկատմամբ հաքերային հարձակումներ։ Տեղեկատվական անվտանգության մասնագետների նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս այդ գործողությունների ձեռագրի տեխնիկական ընդհանրությունը։ Մասնավորապես՝ մասնագետները նկատել են այս դեպքի և մեկ այլ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի յութուբյան ալիքի վրա այս տարվա հունվարին իրականացված հաքերային հարձակման տակտիկայի համընկնում։

Այս պայմաններում տարակուսանք է առաջացնում, երբ իշխող քաղաքական ուժի որոշ ներկայացուցիչներ անհեթեթ և հեգնական մեկնաբանություններ են տարածում սոցցանցերում՝ մեղքը բարդելով նույն լրատվամիջոցի վրա։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ինչպեսև «Aravot.am»-ը, առայժմ ձեռնպահ ենք մնում մեղադրանք ուղղել որևէ մեկի հասցեին, քանի դեռ ձեռք չեն բերվել ապացույցներ։ Սակայն մեզ իրավունք ենք վերապահում արձանագրել և համադրել փաստերը՝ հանրային ուշադրություն հրավիրելով դրանց վրա։

Արտահայտելով մեր վրդովմունքը լրատվամիջոցի նկատմամբ իրականացված հաքերային հարձակման կապակցությամբ՝ պահանջում ենք․

  • Իրավապահ մարմիններից՝ այս հայտարարությունն ընդունել որպես հաղորդում կիբեր-հանցագործության մասին և անհապաղ միջոցներ ձեռնարկել մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար,
  • Իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչներից՝ զերծ մնալ անհիմն ենթադրություններից և մեկնաբանություններից, որոնք ոչ այլ ինչ են, քան խնդրի էությունից ուշադրությունը շեղելու փորձեր։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031