Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, բայց՝ մասամբ. մեղավոր է հինգերորդ շարասյունր, որը 2018-ին եկավ ու զավթեց ՀՀ իշխանությունը, և դրա պարագլխի անունն է Փաշինյան Նիկոլ». Գագիկ Մինասյան

Մարտ 16,2023 16:14

«Պետք է անդրադառնանք այն խնդրին, թե ինչու այսպես ստացվեց: Այն իրավիճակում, որում այսօր գտնվում ենք, արդեն վերջին խնդիրնե՞րն են, որ մեր առաջ ծառացել են, թե՞ շարունակությունը բերելու է նոր և ավելի ծանր խնդիրների»,- «Հենարան» մամուլի ակումբում կարծիք հայտնեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը:

Ըստ նրա՝ ակնհայտ է դառնում՝ խնդիրները, որոնք մեզ սկսել են հետապնդել, սկսել են նրա բնութագրմամբ՝ 2018-ի իշխանափոխությունից, գունավոր հեղափոխությունից հետո, որը տեղի ունեցավ ՀՀ-ում: Այս առիթով հավելեց. «Այդ խնդիրները շատ նման են այն բոլոր երկրներում եղած խնդիրներին, որտեղ տեղի են ունեցել նման հեղափոխություններ: Դրանք այն երկրներն են, որոնք գտնվում են ՌԴ-Արևմուտք շփման գծում»:

Գագիկ Մինասյանը ցավով նշեց, որ այս իշխանությունները վերացրին այն բանակցային գործընթացը, որն առնվազն 10 տարի շարունակ իրականացվում էր եռանախագահողների միջնորդությամբ, մադրիդյան սկզբունքների հիման վրա: Գագիկ Մինասյանն ասաց. «Այդ գործընթացը մեզ բերում էր այն հանգրվանին, որ այլևս պետք է Արցախը դուրս լիներ Ադրբեջանի վերահսկողությունից, իրացներ իր ինքնորոշման իրավունքը, և լուծվեր այն գերխնդիրը, որը դրված էր դեռ 1988-ի հենց սկզբից: Փաշինյան Նիկոլն, իր խոսքերով ասած, բանակցությունները սկսեց նոր կետից: Այն գործընթացը, որն արդեն շուրջ տասը տարի գնում էր, արձանագրել էր շատ մեծ հաջողություններ: Գալով իշխանության՝ նա չեղարկեց Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները, բանակցությունները սկսեց իր սեփական կետից, և, ըստ էության, հրաժարվեց մադրիդյան սկզբունքներից: Առաջարկեց իր մյունխենյան սկզբունքները, որտեղ ինքնորոշման իրավունքի իրացումն այլևս գերխնդիր չէր: Եվ, որ ամենակարևորն է, ինքը ջուրը լցրեց այն ամբողջ աշխատանքը, որը ՄԱԿ-ի ԱԽ երեք հիմնական անդամները՝ ՌԴ-ն, Ֆրանսիան, ԱՄՆ-ն իրականացնում էին այդ խնդրի կարգավորման համար: Եվ բնական է, որ այդ երեք պետությունների և ընդհանուր միջազգային հանրության վերաբերմունքը դեպի ղարաբաղյան խնդրի արդարացի, ինքնորոշման իրավունքի հիման վրա լուծում, էապես նվազեց»:

Գագիկ Մինասյանը նաև շեշտեց. «Համոզված եմ՝ գիտեք, որ ինքնորոշման իրավունքի որևէ իրացում որևէ երկրում տեղի չի ունեցել մետրոպոլիայի համաձայնությամբ, դա եղել է միջազգային հանրության ճնշումների արդյունքում՝ հատկապես այն պարագայում, երբ մետրոպոլիան փորձել է խնդիրը լուծել ռազմական գործողություններով»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն պնդումներին, թե պատերազմում մեր պարտության պատճառը հինգերորդ շարասյունն էր, Գագիկ Մինասյանն այսպես արձագանքեց. «Ինքը ճիշտ էր, բայց՝ մասամբ: Ոչ միայն պատերազմում, այլև ընդհանրապես այն բոլոր ողբերգություններում, որոնք մեզ ուղեկցել են 2018-ից սկսած, համոզված եմ դեռ մեզ կուղեկցեն մինչև այն պահը, երբ այդ այս իշխանությունները կմնան իշխանության, մեղավոր է հինգերորդ շարասյունր, որը 2018-ին եկավ ու զավթեց ՀՀ իշխանությունը: Եվ այդ հինգերորդ շարասյան պարագլխի անունն է Փաշինյան Նիկոլ»:

Խոսելով Լաչինի միջանցքի շրջափակման մասին՝ Գագիկ Մինասյանն ասաց. «Ցանկացած ընդառաջ քայլը դեպի Ադրբեջանի պահանջները բերելու է նոր քայլերի իրականացման, քանի որ Ադրբեջանն ասել է՝ հստակ ունի մեկ գերնպատակ. մնացած բոլոր քայլերն ուղղված են դրա իրականացմանը: Իրենք պնդում են, որ ընդհանրապես չկա որևէ իրավունքների և ազատությունների խնդիր ԼՂ ժողովրդի համար, քանի որ ԼՂ ժողովուրդը Ադրբեջանի ցանկացած քաղաքացու նման ունի իր իրավունքներն ու ազատությունները: Այս տեսակետից, այդ բանակցությունները շատ հեռու են այն մտքից, որը նույնիսկ Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ իրավունքների և ազատությունների պահպանում՝ իր ընկալումներով: Այսօր դրա փոխարեն Ալիևն առաջ է քաշում ինտեգրացիայի խնդիրը: Սա մի փակուղի է, որն առավել քան ակնհայտ էր, որ պետք է տեղի ունենա: Դրա արդյունքը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանն իր խոսքերով՝ զտում կամ ցեղասպանություն: Այս ճանապարհը տանելու է Ադրբեջանի կազմում ԼՂ-ի տարալուծման, ընդհանրապես հայկական տարրի վերացման, իսկ ՀՀ-ն Թուրքիայի կազմում՝ միգուցե մշակութային ավտոնոմիայի ձևով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031