Լրահոս
Օրվա լրահոսը

5 անձ ձերբակալվել է Արծվանիստում պարեկային ծառայողների գործունեությանը բռնությամբ միջամտելու կասկածանքով

Մարտ 16,2023 15:42

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում պարզվում են պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործողությանը միջամտելու հերթական դեպքի հանգամանքները:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ․ մարտի 15-ին պարեկային ծառայության երեք աշխատակիցներ ծառայություն են իրականացրել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրի վարչական տարածքում: Հիշյալ բնակավայրի գյուղամիջյան ճանապարհով ժամը 22.00-ի սահմաններում երթևեկելիս նկատել են նույն բնակավայրի բնակչի, ով գտնվել է ճանապարհի միջնամասում, դուրս չի եկել ճանապարհից և այդ ընթացքում հայհոյանքներ է հնչեցրել ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների հասցեին:

Պարեկային ծառայողները կայանել են մեքենան, մոտեցել տղամարդուն, սակայն վերջինս շարունակել է հայհոյել և դրսևորել ագրեսիվ վարքագիծ: Ոստիկանության աշխատակիցները փորձել են հայհոյանքներ հնչեցնելու համար վերջինիս ենթարկել վարչական ձերբակալման, սակայն նրա հայրը խոչընդոտել է պարեկային ծառայողների գործողություններին, սկսել հայհոյել և քաշքշել ոստիկաններին։

Վիճաբանությանը միջամտել են նույն բնակավայրի ևս երեք բնակիչներ, ովքեր քաշքշել և ձեռքերով, բռունցքով հարվածներ են հասցրել ոստիկանության աշխատակիցներին:

Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով միջադեպի մասնակից 5 անձ ձերբակալվել է:

Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հարգելով և հիմք ընդունելով անմեղության կանխավարկածը՝ հարկ ենք համարում կրկին իրազեկել, որ ծառայողական պարտականությունները կատող պարեկային ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելը, նրանց ծառայողական գործողություններին որևէ ձևով միջամտելը, մասնավորապես՝ նրանց, նրանց մերձավորների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելը, նրանց գույքը ոչնչացնելը կամ նրանց նկատմամբ բռնություններ գործադրելը քրեորեն հետապնդելի արարքներ են, որոնց համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ 5-ից մինչև 10 տարի ժամկետով ազատազրկում։

Դրսևորելով բարձր քաղաքացիական գիտակցություն՝ ծառայողական պարտականությունները կատարող պաշտոնատար անձանց գործողությունների հետ անհամաձայնություն ունենալու պարագայում անհրաժեշտ է ոչ թե դրսևորել հակաօրինական վարքագիծ, այլ նրանց առերևույթ ոչ իրավաչափ գործողությունները վիճարկել վարչական կամ քրեաիրավական համապատասխան ընթացակարգերով։

Կրկին զգուշացնում ենք, որ հանցավոր վարքագիծ դրսևորելու բոլոր դեպքերը անաչառ քննությամբ բացահայտվելու են, իսկ հանցավոր արարքը հիմնավորվելու դեպքում համաչափ քրեաիրավական հետևանքները լինելու են անխուսափելի։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031