Վերջերս «Մոսֆիլմ» կինոկոնցեռնը, շվեդական կինոինստիտուտի եւ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության հետ համատեղ Երևանում իրականացրեց ռուսական եւ միջազգային կինոյի դասական Անդրեյ Տարկովսկու ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը (հետահայացի պրոդյուսեր՝ Սերգեյ Ցելիկով): Կինոյի տանը ցուցադրվեց ռեժիսորի՝ վերականգնված 6 ֆիլմ ՝ «Իվանի մանկությունը», «Անդրեյ Ռուբլյով», «Սոլարիս», «Հայելի», «Ստալկեր» եւ «Զոհաբերություն»: Յուրաքանչյուր ցուցադրությունից հետո տեղի կայացավ ֆիլմի քննարկում և կինոքննադատի հետ համատեղ վերլուծություն։
Հետահայաց ցուցադրության համակազմակերպիչ, «Искусство кино» ամսագրի խմբագիր Վլադիմիր Քոչարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, թե ինչու է ընտրվել հենց Տարկովսկին: «Տարկովսկին այն քիչ ռուսական, խորհրդային ռեժիսորներից է, որը կրում է համամարդկային արժեքներ, Տարկովսկու արվեստը յուրօրինակ կամուրջ է կինոյում»: Նրա ձեւակերպմամբ, Տարկովսկին ֆուտուրիստ է, թեեւ ֆիլմերի մեծ մասը պատմական թեմաներով են, ինչպես «Անդրեյ Ռուբլյովը» կամ «Իվանի մանկությունը»: Քոչարյանի խոսքով, «Սոլարիսում» եւս ֆուտուրիստական կոնցեպցիա կա, բայց այստեղ ֆուտուրիզմը ոչ թե էսկապիզմի (խուսափում կյանքում տհաճ, ձանձրալի իրողություններից) միջոց է, այլ մեզ անվերջ հետաքրքրող թեմաների արտացոլանքը՝ կյանքի, մահվան, ինքնաճանաչողության հարցերի վերաբերյալ:
«Դրանք հարցեր են, որ փոխանցվում են սերնդեսերունդ, եւ սա ոչ թե Տարկովսկու ֆիլմերի հետահայաց ցուցադրությունն է, այլ մարդկային գիտակցության հետահայացը, որը շատ հետաքրքիր ձեւով դրսեւորվել է ռեժիսորի գեղարվեստական ձեռագրով: Կինոքննադատի հետ (Մաքսիմ Սելեզնյով) ֆիլմերի ցուցադրության ձեւաչափը փորձարկված է դեռեւս Ռուսաստանում, մենք այն փորձել ենք մեր` «Искусство кино» ամսագրի տարբեր միջոցառումների ժամանակ:
Այդ մեթոդը հնարավորություն է տալիս դիտողին խորանալ ֆիլմի էության մեջ, բանավիճել, ֆիլմը դիտել մի քանի տեսանկյունից: Այս պարագայում նաեւ կինոցուցադրությունը անջատված չէ իրականությունից, այն ստեղծվում է հենց կինոդահլիճի ներսում եւ մարդիկ շփվում են, դա համատեղ հույզ է , ապրումակցում, համատեղ փորձ, իսկ մոդերատորը հնարավորություն է տալիս մարդկանց արտահայտվել»,- ընդգծեց Վլադիմիր Քոչարյանը:
Հարցրինք՝ իսկ ինչպես մոտեցնել Տարկովսկուն TikTok-ի, սիթքոմների սերնդին, ինչ ձեւաչափով է հնարավոր նրանց արժեքներ քարոզել: «TikTok-ի սերունդն առանձնապես չի տարբերվում հեռուստատեսության եւ Սանտա Բարբարայի սերնդից: Յուրաքանչյուր սերունդ հնարավորություն ունի կտրվել իրականությունից համապատասխան շեղող մեխանիզմներով, դա է մարդկային էությունը: Ոչ բոլորը կարող են դիտել Տարկովսկու ֆիլմերը, հուզվել դրանցից, իսկ նրանք, ովքեր կնայեն, կապրեն այդ ֆիլմերով կազդեն մարդկային գիտակցության, գլոբալ շարժումների վրա, նոր հումանիստական աշխարհի վրա, դեպի ուր մենք ձգտում ենք: Ամեն դեպքում, մենք խնդիր չենք դրել մեր առաջ՝ մարդկանց TikTok-ից կտրելու: Տարկովսկու մոտ մարդիկ իրենք են գալիս, պետք չէ ոչ մեկին ստիպել, դա կրոնական գործընթաց չէ, մշակութային գործընթաց է, այն էլիտար չէ, գոյություն ունի ինքն իրենով, միեւնույն ժամանակ իր ինքնատիպությամբ եւ անկախությամբ գրավում է այն մարդկանց, որոնք ձգտում են ավելի բարդ բաների, քան զվարճալի հոլովակների ընտրությունն է» :
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ