«Այդ ծառայությունը չի կազմակերպվել կրթական լիազոր մարմնի կամ մարզպետարանի կողմից, դա տեղում գործող կոորդինատի նախաձեռնությունն է, մասնավոր կազմակերպության, որը տրանսպորտային ծառայություններ է մատուցում շրջակա գյուղերի երեխաների դպրոց հաճախելու համար»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն՝ անդրադառնալով Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքին՝ դպրոցական երեխաներին տեղափոխող ավտոբուսը գլորվել էր գետը, մեկ հոգի մահացել է։
«Բնականաբար, դա մնում է մեր պատասխանատվության շրջանակում, խորապես ցավում եմ։ Մենք հիմա անում ենք ամբողջական վերլուծություն՝ հասկանալու տրանսպորտային ծառայությունների ամբողջական պատկերը, թե ինչպես են կազմակերպվում դպրոցներում՝ անկախ նրանից, թե ում նախաձեռնությամբ է։ Հավաքագրում ենք ամբողջական տեղեկատվություն եւ պետք է չափանիշները հստակեցնենք։ Օրինակ՝ պետք է մեքենան կցված լինի կոնկրետ վարորդին, պետք է լինեն ավելի հստակ մեխանիզմներ, բուժզննության, տեխզննության մասին։ Անելու ենք ամենը, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն»,-ասաց Անդրեասյանը։
Հարցին՝ ինչու ավելի շուտ դա չէին անում, որպեսզի նման դեպքը կանխվեր, նախարարը պատասխանեց․ «Որպեսզի ձեզ համար պարզ լինի՝ մենք ամեն օր պետական բյուջեի միջոցներով ապահովում ենք ավելի քան 3000 երեխաների եւ ավելի քան 1500 ուսուցիչների տրանսպորտային ծառայություններ։ Ունենք հստակ կարգավորումներ սրանց մասին»։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ