«Փաշինյանի բոլոր հայտարարությունները պետք է դիտարկել հետեւյալ տրամաբանության մեջ։ Ինքը ձախողվել է այսպես կոչված «խաղաղության օրակարգ»-ում, շատ լավ հասկանում է դա ու հիմա ուզում է մեղքը վրայից քցել։ Եվ հիմա թիրախում են ՌԴ խաղաղապահները։ Իր ասածն այն է, որ ՀՀ-ի անվտանգությունը հարցականի տակ է, Արցախի հարցը չի կարում լուծի, ի՞նչ կարող է ինքն անել․․․իր բերած քաղաքականությունն է դարձել պատերազմի եւ Արցախի շրջափակման պատճառ, որովհետեւ Պրահայում հոկտեմբերին ինքն ընդունել է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Դրանից հետո եղած բոլոր հայտարարությունները մանիպուլյացիա են»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու առնչությամբ ՀՀ ԱԺ-ի հայտարարության նախագիծը, որն ավելի վաղ նույն հանձնաժողովի նիստում քվեարկության պահին հետաձգվել էր երկու ամսով։ ՔՊ-ն ձեռնպահ քվեարկեց, այդ պատճառով նախագիծը չի ընդգրկվի լիագումար նիստերի օրակարգում։
Անդրադառնալով կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի այսօրվա պնդմանը, թե ՌԴ-ն ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ ԼՂ-ում էթնիկ զտումների փաստի հարցով, Անդրանիկ Թեւանյանը նշեց․ «Քանի դեռ Փաշինյանն է իշխանությունը, ՀՀ-ն ամեն օր պետք է սպասի էսկալացիայի՝ անկախ նրանից, կա՞ն ՌԴ խաղաղապահներ կամ այլ դիտորդներ, թե ոչ։ Իրենք պատերազմի եւ պարտության կուսակցությունն են։ ՀՀ-ն հիմա դարձել է աշխարհաքաղաքական կռվախնձոր, որը նույնպես Փաշինյանի քաղաքականության հետեւանքն է։ Նա իր կամքով է մտել մանրադրամի տրամաբանության մեջ՝ անձնական անվտանգության երաշխիքներ ստանալով արեւմուտքից։ Վաշինգթոնի տրամաբանությունն այն է, որ Արցախը կարող է մնալ Ադրբեջանի կազմում, իսկ Մոսկվայինը, որ Արցախի կարգավիճակի հարցը կարող է թողնվել հետոյին։ Մինչդեռ Փաշինյանը վերացրել է մոսկովյան հարթակի հնարավորությունը»։
Կարդացեք նաև
Ըստ Անդրանիկ Թեւանյանի՝ ինքնորոշման իրավունքը պնդող Արցախն այսօր միայն մասամբ կարող է ազդել այս գործընթացի վրա, որովհետեւ հարցերն իրականում Երեւանում են լուծվում. «ՀՀ-ի վարած քաղաքականությունն է խնդիրը, որ Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս, եւ Արցախը դրա հետեւանքն է ճաշակում։ Ի՞նչ վերաինտեգրացիա․ այդպես Արցախում ուղղակի հայ չի մնա»։
Հիշեցնենք՝ օրերս իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը փաստեց, որ Բրյուսելի հովանու ներքո հանդիպումներում պայմանավորվել են ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության երաշխավորման մասին, սակայն կարճ ժամանակ անց պաշտոնական Բաքուն սկսել է խոսել «Ղարաբաղի հայերի հետ ինտեգրացիայի» մասին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ