Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանը ԵՄ խորհրդին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, եթե չկատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը

Մարտ 16,2023 13:34

Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստը մարտի 15-ին ընդունել է ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների 2021-2022թթ. զեկույցները, որոնք անդրադառնում են Հայաստանի և Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների առանցքային կետերին, Արցախի հակամարտությանը և տարածաշրջանում Եվրամիության դերին՝ կայունության ու խաղաղության հաստատման գործում:

Երկու զեկույցները վերահաստատում են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համապարփակ պայմանագիրը պետք է երաշխավորի Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Արցախում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։

Եվրախորհրդարանն ընդգծում է՝ ղարաբաղյան հակամարտությունը պահանջում է միջազգային իրավունքին համապատասխան համապարփակ քաղաքական կարգավորում, հիմնված ՄԱԿ-ի կանոնադրությամբ և 1975թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտով ամրագրված սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009թ. հրապարակված բանակցային հիմնարար սկզբունքները։

Եվրախորհրդարանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության քայլերն ուղղված տարածաշրջանում հարատև և կայուն խաղաղության հասնելու համար, սակայն միևնույն ժամանակ դատապարտում է Ադրբեջանի ղեկավարների պահվածքը, ինչը խաթարում է այդ ջանքերը: Մասնավորապես՝ նկատի են առնված հետագա հարձակումների բացահայտ սպառնալիքները, սահմանային հաճախակի ագրեսիան, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» նկատմամբ տարածքային պահանջները կամ հայ բնակչության նկատմամբ ատելության խոսքի տարածումը, հատկապես կրթության ոլորտում։

Երկու զեկույցներում էլ Եվրախորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի ռազմական ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ ԵՄ-Ադրբեջան զեկույցում նշվում է բազմաթիվ հայ ռազմագերիների ֆիզիկական բռնության և ադրբեջանական ուժերի կողմից հայ խաղաղ բնակիչներին նվաստացնելու ու խոշտանգումների ենթարկելու մասին:

Հայաստանի մասին զեկույցում Եվրախորհրդարանն ընդգծվում է, որ ղարաբաղյան հակամարտության բուն պատճառը Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի կարգավիճակի և բնակչության անվտանգության չլուծված խնդիրն է։

Ինչ վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության 9-րդ հոդվածի կատարմանը՝ ԵԽ-ն երկու զեկույցներում էլ ընդգծում է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային և հաղորդակցական կապերի ապաշրջափակումը չի կարող ոտնահարել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։
Եվրախորհրդարանն ընդգծում է Ադրբեջանի պարտավորություններն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը կատարելու վերաբերյալ, որը պահանջում է Ադրբեջանից ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։ Այս համատեքստում Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, եթե Դատարանի որոշումն անհապաղ չկատարվի։

Նշենք՝ ԵՄ-Ադրբեջան զեկույցում ԵՄ խորհրդարանականներն ափսոսանք են հայտնում, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև փոխըմբռնման հուշագիրը կենտրոնանում է միայն էներգետիկ համագործակցության վրա և ենթակա չէ որևէ պայմանի։

Ավելին, ԵՄ խորհրդարանը դատապարտում է Թուրքիայի առավելապաշտական ​​և ապակայունացնող դերը Հարավային Կովկասում, այդ թվում՝ սիրիացի վարձկաններ ուղարկելու միջոցով, որոնք Ադրբեջանի կողմից կռվել են Արցախի դեմ: Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է անում կառուցողական դեր խաղալ տարածաշրջանում և վերանայել Ադրբեջանին իր անվերապահ աջակցությունը: Թուրքիան պետք է շոշափելի քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Եվրախորհրդարանը երկու կողմերին, հատկապես Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են ընկալվել որպես ատելության կամ բացահայտ բռնություն հրահրող խոսք:
ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, մեկնաբանելով զեկույցները, նշում է. «Զեկույցները հստակորեն դատապարտում են ադրբեջանական ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ և Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ Եվրախորհրդարանը նաև կոչ է անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, եթե նա չկատարի Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։

Կարևոր է, որ Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում ընդգծվում է, որ Արցախի հակամարտության լուծումը պետք է համապատասխանի միջազգային իրավունքին, մասնավորապես 3 հիմնարար սկզբունքներին»։ Ըստ Կարապետյանի՝ «Եվրախորհրդարանի դիրքորոշումը կարևոր է հայկական կողմի համար, այնուամենայնիվ, ԵՄ գործադիր իշխանությունն է, որ պետք է կոնկրետ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի դեմ՝ հիմք ընդունելով Եվրախորհրդարանի դիրքորոշումը։ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակը կշարունակի եռանդուն կերպով աշխատել այս ուղղությամբ»:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031