ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ որոշ դպրոցների տնօրենների հետ հանդիպմանն ու այդտեղ հնչած՝ ռուսական դպրոցների կառուցման եւ աշխատանքային խումբ ձեւավորելու մասին հայտարարությանը։
«Եթե դուք բացեք միջկառավարական հանձնաժողովների դեկտեմբերին կայացած վերջին նիստի արձանագրությունը, կտեսնեք, որ նախատեսված է՝ համատեղ ծրագրի կոնցեպտի քննարկման նպատակով պետք է ձեւավորվի աշխատանքային խումբ։ Մենք ունենք հայ-չինական բարեկամության դպրոց, որտեղ Չինաստանի կառավարության հետ համատեղ ունեցել ենք ներդրումներ՝ ենթակառուցվածքների մասով։ Հիմա էլ Չինաստանի կառավարությունը շարունակում է օժանդակություն ցուցաբերել դպրոցին, Չինաստանից մասնագետներ են ուղարկում․․․»,-ասաց Անդրեասյանը։
Լրագրողների հստակեցնող հարցին՝ այսինքն՝ ռուսական դպրոցներ բացելու հարց կա՞ օրակարգում, նախարարը պատասխանեց․ «Այն խնդիրը, որը դրված է այսօր օրակարգում՝ համատեղ ծրագիր ունենալու մասին է, դեռ քննարկման փուլում է, թե մենք ինչ կոնցեպտի մասին ենք խոսում։ Մեր պատկերացմամբ, դա պետք է լինի կամ հայ-չինական դպրոցի տարբերակով համատեղ նախաձեռնություն, որը մենք առաջարկել ենք ռուսական կողմին։ Կամ մենք կարող ենք հավելյալ քննարկել այն հնարավորությունները․․․ վերջին շրջանում մեծ թվով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են գտնվում Հայաստանում, եւ եթե կա նրանց կրթության հավելյալ ապահովման հարց, ապա դա պատրաստ ենք ապահովել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ