ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Քանի որ երեկ ինձ դիմած լրատվամիջոցներին խոստացել էի տեղեկատվություն հրապարակել ավելի ուշ, հիմա հայտնում եմ հետևյալը․
2023թ․ մարտի 15-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող, որոնցից երեքի վիճակը եղել է բավարար, մեկի վիճակը՝ միջին ծանրության։
Նախնական տվյալներով վերջիններս վնասվածքները ստացել են մարտի 15-ին, ժամը 13:30-ի սահմաններում, Սիսիան-Իշխանասար ճանապարհի 3 կմ հատվածում նրանցից մեկի կողմից վարած Մերսեդես CLK 320 մակնիշի ավտոմեքենայով՝ մեքենայի կառավարումը կորցնելու հետևանքով ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս գալու և դաշտամիջյան հատվածում մոտ 15 մետր գլորվելու հետևանքով:
Կարդացեք նաև
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև դատաավտոտեխնիկական փորձաքննություն:
Ավտոմեքենայի վարորդը ենթարկվել է սթափության զննման, ըստ որի վերջինիս օրգանիզմում ալկոհոլ չի հայտնաբերվել:
Նախաքննությունը շարունակվում է: Դեպքի հանգամանքները պարզվում են։