Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանությունը Պրահայում թեւեր է տվել Ալիեւին»․ Մարիա Կարապետյանը չհամաձայնեց ու ՔՊ-ին առաջարկեց ձեռնպահ քվեարկել

Մարտ 16,2023 13:16

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու առնչությամբ ՀՀ ԱԺ-ի հայտարարության նախագիծը, որն ավելի վաղ նույն հանձնաժողովի նիստում քվեարկության պահին հետաձգվել էր երկու ամսով։

«Մեր հայտարարությունը պայմանավորված էր տվյալ պահի կանխատեսումներով, բայց իրավիճակը փոխվել է։ Ավելի քան երեք ամիս Արցախը շրջափակված է, եւ հիմա պետք է խոսել ոչ թե շրջափակման, այլ Ադրբեջանի կողմից ռազմաքաղաքական ագրեսիայի, դիվերսիաների և, այդ թվում միջանցքի շրջափակման մասին»,-նախ ասաց հարցի զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։

«Այս հանցավոր քայլերն ակնհայտ նպատակ ունեն հայաթափելու Արցախը եւ էթնիկ զտումներ իրականացնելու։ Իրենք չեն էլ թաքցնում դա ԼՂ պաշտոնյաների հետ հանդիպումներում։ Ադրբեջանը փաստացի չի կատարում նաեւ արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը շատ վատ նախադեպ է միջազգային հանրության ու մեր համար։ Այս ամենը մենք արձանագրել ենք հայտարարության նախագծի լրամշակված տարբերակում»,-նշեց Անդրանիկ Թեւանյանը։

Նրա խոսքով՝ դեռեւս 2022թ․ հոկտեմբերին Պրահայում Փաշինյան-Ալիեւ հանդիպումն է նաեւ Ալիեւին հնարավորություն տվել դիմել Արցախի շրջափակման գործողություններին, որովհետեւ ՀՀ իշխանությունն Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս․ «Սա հաշվի առնելով՝ Ալիեւը վերախմբագրել է նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությունը, որով Լաչինի միջանցքն առանձին կարգավիճակ ուներ։ Փաշինյանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, ինչի պատճառով Ալիեւը դիմել է ագրեսիվ քայլերի։ Եթե «Ղարաբաղն իրենն է», ապա իրենն են նաեւ Լաչինի միջանցքն ու այդտեղի հանքերը։ Ուստի Ադրբեջանը նման գործողությունների է դիմել՝ օգտվելով նաեւ ՀՀ իշխանության գործողություններից։ Եթե այդպես չէ, ապա իշխող խմբակցությունը պետք է միանա այս հայտարարությանը եւ ասի, որ Ալիեւը խեղաթյուրում է Պրահայի համաձայնությունները։ Բայց Փաշինյանի ասուլիսն այլ բան է ասում՝ ինքը Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս, որ փրկի ՀՀ-ն, բայց դրա համար երաշխիքներ չկան։ ՀՀ իշխանությունը Պրահայում թեւեր է տվել Ալիեւին։ Եթե իշխող խմբակցությունը համաձայն չէ, թող խոսեն այդ մասին»։

Անդրանիկ Թեւանյան

Անդրանիկ Թեւանյանն իշխող խմբակցությանն առաջարկեց՝ եթե համաձայն չեն հայտարարության հետ, թող գոնե դեմ չքվեարկեն եւ չվնասեն ՀՀ-ի եւ Արցախի շահերին։

Հարցի հարակից զեկուցող, ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն իր թիմակիցներին առաջարկեց ձեռնպահ քվեարկել՝ հետեւյալ հիմնավորումներով․ «Հաշվի առնելով առնվազն երկու հանգամանք՝ ոստիկանների սպանությունը եւ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարումը, կարելի էր ԱԺ հայտարարության եւս մեկ տեքստ ընդունել։ Մեկն արդեն իսկ ընդունել ենք։ «Հայաստան» խմբակցությանն առաջարկել ենք քննարկել եւ ընդունել փոխադարձաբար ընդունելի բառապաշար, որովհետեւ, օրինակ, Ալիեւի մղումների մասին մենք համակարծիք ենք։ Մենք երեկ Արծվիկ Մինասյանի հետ նորմալ քննարկում ենք ունեցել, բայց չենք կարողացել նորմալ համաձայնության գալ հայտարարության տեքստի առանձին բառերը խմբագրելու հարցում։ Որքան հասկանում եմ՝ ձեր մոտեցումն այն է, որ ՀՀ-ն հարցերը ճիշտ սրությամբ պետք է ներկայացնի միջազգային հանրությանը, որպեսզի վերջինս դիրքորոշում ձեւավորի։ Այստեղ կա ճշմարտություն, բայց մեր կարծիքով՝ ՀՀ-ն իր դիրքորոշումները պետք է ներդաշնակեցնի միջազգային հանրության դիրքորոշման հետ։ ԼՂ հիմնախնդիրը եւ Լաչինի միջանցքի բացումը եթե լուծում ունեն, ապա այն հնարավոր է միջազգային հանրության ներգրավմամբ։ ՀՀ-ն ի զորու չէ տարածաշրջանի դեմ միայնակ պայքարելու»։

Մարիա Կարապետյանը նշեց՝ իրենց համար կարեւոր է, որ տեքստում շեշտվի ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության ապահովումը միջազգային մեխանիզմի ներքո․ «Ձեր համար սրանք չեն կարեւոր, այլ ուրիշ շեշտադրումներ։ Մեր համար ընդունելի չէ նաեւ հարցին աշխարհաքաղաքական երանգներ հաղորդելը, բանակցությունների հարթակներն իրար հակադրելը, ասելը, որ ՀՀ-ն արել է որեւէ գործողություն, որն առիթ է տվել Ադրբեջանին՝ նման գործողություններ անելու։ Չկա մի գործողություն, որն Ադրբեջանին թույլ է տալիս լեգիտիմացնելու ցեղասպանական գործողությունները։ ԱԺ հայտարարությունը ոչ զսպելու է Ալիեւին, ոչ սադրելու է։ Այն ուղերձ է միջազգային հանրությանը։ Մենք ընտրում ենք միջազգային հանրության համար ընկալելի լինելու տարբերակը, ոչ թե հակառակը։ Ուստի առաջարկում եմ ձեռնպահ քվեարկել»։

Նախագծին կողմ քվեարկեցին 3 եւ ձեռնպահ՝ 5 պատգամավորներ․ հետեւաբար, որոշումը չընդունվեց, եւ նախագիծը չի ընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031