Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները հատուկ ուշադրություն էին դարձնում ժողովրդագրական քաղաքականությանը՝ ոչ միայն  Արցախին հարակից հայկական շրջանների ակտիվ ադրբեջանականացմանը, այլև մարզի ներսում ադրբեջանականացմանը. «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 16,2023 11:48

Արցախահայության դեմ իրականացվող զազրելի քաղաքականության մասին «ՀՀ» թղթակցի հետ զրույցում նոր վկայություններ է ներկայացնում ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ, նախկին պատգամավոր Վալերի Ղազարյանը:

Խորհրդային տարիներին Ադրբեջանի իշխանությունները, ինչպես եւ նախկինում, հատուկ ուշադրություն էին դարձնում ժողովրդագրական քաղաքականությանը՝ ուղղված ոչ միայն Քուռ գետի աջափնյակի եւ Արցախին հարակից հայկական շրջանների ակտիվ ադրբեջանականացմանը, այլեւ մարզի ներսում դանդաղ ընթացող ադրբեջանականացմանը։ «1962 թ. Ադր. ԽՍՀ ԳԽ նախագահության որոշմամբ առաջարկվում էր մարզի մի քանի բնակավայրեր անվանափոխել այն պատրվակով, թե դրանք «չեն համապատասխանում մեր դարաշրջանի ոգուն, եւ այդ գյուղերի բնակչության համար վիրավորական, մութ անցյալի ժառանգություն են»։ Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ Ջամիլ Բեգլյարովի (որի հարազատ եղբայրը՝ Ջամալ Բեգլյարովը, Շուշիում 1966 թ. հուլիսի 16-ին օրը ցերեկով սպանել էր Եղցահող գյուղի զոոտեխնիկին՝ գյուղին հաջողությունների համար Կարմիր դրոշ շնորհելուց հետո, ինչը, սակայն, չէր խանգարել կիսագրագետ Ջ. Բեգլյարովին՝ հետագայում եւս զբաղեցնելու պատասխանատու պաշտոններ) նամակում առաջարկվում էր փոխել բուն հայկական անվանումներով մի շարք գյուղերի անուններ,- պատմում է Վալերի Ղազարյանը:- Սակայն դա Ադրբեջանի իշխանություններին չհաջողվեց իրականացնել, քանզի զգում էին, որ իրենց քաղաքականությունը տալիս է իր պտուղները: Այդ գյուղերը դատարկվում էին, եւ 1960-ականների վերջին հայ չմնաց Խերխանում, հայկական Ջամիլլուում Մուստաֆաեւի օրոք բնակեցված ադրբեջանական տարրը դուրս մղեց վերջին հայերին»:

Տնտեսական դժվարությունների եւ գյուղացիների ծայրահեղ աղքատության պատճառով լիովին դատարկվեցին Բերդաձորի հայկական գյուղերը՝ Խերխան, Դաշտահող, Փահլուր, Սխտորաշեն, Մավաս, Բիլբիլյաք, Ուլուբաբ, Քարագլուխ եւ այլն։ Հադրութի շրջանի Տող հայկական գյուղում սպառնալիորեն արագ աճում էր ադրբեջանցիների թիվը: Մարզկենտրոնից ոչ հեռու գտնվող Դաշբուլաղ (Աստղաշեն) գյուղն ակտիվորեն ադրբեջականացվում էր: «Մարտունի շրջկենտրոնին կից աճեց Խոջավենդը, հովիվների անվան տակ բազմաթիվ հայկական գյուղերում բնակեցվում էին ադրբեջանցիներ եւ քրդեր…. Խրուշչովյան «ձնհալն» ավարտվեց՝ այդպես էլ չհասնելով Ղարաբաղ,- հիշեցնում է զրուցակիցս։- Համեմատության համար նշեմ. 1923-ից սկսած ադրբեջանական ոչ մի գյուղ չի դատարկվել, դրանք աճում էին եւ տարածքով, եւ բնակչության թվաքանակով։ Ահա լենինյան ազգային քաղաքականության հաղթանակը սոցիալիզմի դարաշրջանում»…

Պատմական արդարությունը վերականգնելու հույսով Ղարաբաղի հայ բնակչությունը Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորվելու պահանջով հավաքեց ավելի քան 45000 ստորագրություն եւ դրանք ուղարկեց ԽՄԿԿ Կենտկոմ եւ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդ։ Շարժումը գլխավորում էր հայրենասիրական տրամադրություններով մտավորականության խումբը՝ գրող եւ պատմաբան Բ. Ուլուբաբյանի գլխավորությամբ։ 1967 թ. սեպտեմբերի 30-ին Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Ա. Քոչինյանը միութենական մարմիններ ուղարկեց գրություն՝ «Նախիջեւանը եւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերադարձնելու հարցերի» քննարկման անհրաժեշտության մասին։ ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարությունը որոշեց ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի կոմկուսների հանրապետական հանձնաժողով՝ ԼՂԻՄ-ի հարցի լուծման նախապատրաստման համար։ «1967 թ. Ա. Քոչինյանը դիմում է Վ. Ախունդովին՝ Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ հանդիպման ժամկետների ճշգրտման հարցով։ Վերջինս ամեն կերպ ձգձգում է հանդիպումը եւ մեկնում Ռումինիա՝ արձակուրդն անցկացնելու համար։ Այնտեղ Ախունդովը հանդիպում է այդ երկրում Թուրքիայի դեսպանին եւ թուրք եղբայրներին իրազեկում Ղարաբաղի շուրջ անբարենպաստ զարգացումների մասին։ Կարեւոր չէ, թե ինչպես, Թուրքիայի հրահանգով կամ Ախունդովի խնդրանքով Թաթարստանի կուսմարզկոմի առաջին քարտուղար Ֆ. Տաբեեւը նամակ հղեց Մոսկվա՝ խնդրելով ստեղծել Թաթարա-Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Նամակում ոչ երկիմաստ ձեւով մատնանշվում էր, որ թաթարներն ու բաշկիրները նույնատիպ ազգային միավորումներ են, ինչպես Հայաստանի եւ Ղարաբաղի հայերը… Միութենական ղեկավարությունը, վախենալով երկրում առկա տասնյակ չլուծված ազգատարածքային խնդիրների երերումից, դադարեցնում է Ղարաբաղի հարցի լուծման մշակումը՝ այդուհանդերձ, այն չհանելով օրակարգից»,- խոսքն ընդհանրացնում է Վալերի Ղազարյանը։

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031