Մենք մի քանի հարց ենք ուղղել «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին:
– Նիկոլ Փաշինյանը խոսում էր 2020 թվականի պատերազմում պարտության մասին եւ նոր վարկած առաջ քաշեց, որ բանակում «5-րդ շարասյուն» ենք ունեցել, որի պատճառով ենք պարտվել: Երեկ նաեւ պաշտոնից ազատվեց Տիգրան Փարվանյանը` Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարը: Միքայել Արզումանյանի կալանքն են երկու ամսով երկարացրել, Դավիթ Տոնոյանի դատն են ձգձգում` նա դեռ կալանավայրում է, Սեյրան Օհանյանի եւ Գրիգորի Խաչատուրովի դեմ են գործ հարուցել: Ի՞նչ «5-րդ շարասյան» մասին է խոսքը: Սա արդյո՞ք ուղիղ հրահանգ չէր` ուղղված դատական համակարգին, եւ զինվորականության նկատմամբ հերթական արշավի մեկնարկ:
– Վերջին երեք տարում Նիկոլ Փաշինյանը պատերազմում պարտության բազմաթիվ պատճառներ է նշել, բայց այդպես էլ չի խոստովանում, որ գլխավոր մեղավորն ու պատասխանատուն ինքն է։ Ի՞նչ «հինգերորդ շարասյան» մասին է խոսքը։ Երկրի ղեկավարը պարտավոր է խոսել իրավական լեզվով։ Գոյություն ունի օրենսդրություն, գոյություն ունեն իրավապահ եւ արդարադատության մարմիններ։ Պատերազմից անցել է 3 տարի, այդ ժամանակը միանգամայն բավարար էր, որ բացահայտվեր այդ «հինգերորդ շարասյունը»։
Ավելին՝ եթե դա կար, ապա օր առաջ պետք է բացահայտվեր, որպեսզի կանխվեր հետագա սաբոտաժը կամ ապակառուցողական գործունեությունը։ Իհարկե, դավաճանության առանձին դեպքեր եղել են, տեսել ենք հաղորդագրությունները, բայց արդեն երեք տարի է անցել, որեւէ մեկը գիտի՞, թե ովքեր են այդ «հինգերորդ շարասյան» մեջ գտնվողները, ինչքանով են կազմակերպված, ով է կազմակերպել, ով է հրահանգներ տալիս։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը փաստացի հայտարարում է, որ հենց վաղը կարող է նոր պատերազմ սկսվել, բայց նախորդ պատերազմի եւ պարտության մեղավորներին դեռ չի բացահայտել։ Իսկ գլխավոր մեղավորը, կրկնում եմ, հենց ինքն է՝ Նիկոլ Փաշինյանը։ Որովհետեւ անգամ եթե այդ «հինգերորդ շարասյունը» եղել է, այն պետք է բացահայտվեր եւ ոչնչացվեր անմիջապես պատերազմի ընթացքում։ Ավելին, դա չէր կարող լինել պարտության պատճառ։ Այսօր ինքներդ կարող եք համոզվել, որ բազմաթիվ այլ երկրներում «հինգերորդ շարասյուները» չեն խանգարում, որ այդ երկրների իշխանություններն ու ժողովուրդները արդյունավետ պայքար մղեն հանուն իրենց ազատության ու անկախության։ Չի խանգարում, որովհետեւ մնացած «չորս շարասյուներն» արդյունավետ կազմակերպվում են, իսկ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կարողացել է կազմակերպել մյուսներին՝ նրանց, ովքեր չեն եղել այդ՝ իր պատկերացրած շարասյան մեջ։ Կասկած չունեմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողացել դա անել։
Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: