Նախօրեին իր ասուլիսում Փաշինյանը հայտարարեց բանակում «հինգերորդ շարասյան» առկայության մասին, ասելով, թե պատերազմը պարտվել ենք «5-րդ շարասյան» պատճառով։ Ո՞ւմ նկատի ունի Փաշինյանը։ «Կարծում եմ՝ առաջիկայում այդ փաստերն այնքան հրապարակային կլինեն, որ իմ այս հայտարարությունն այնքան տարօրինակ չի թվա, որքան թվացել է»,- նշեց Փաշինյանը։ Երեկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում այս հարցին ի պատասխան ուշագրավ հայտարարություն արեց․ «Մեր բանակը դրսի դրդմամբ ներսից թուլացրել են, տվյալներ չեմ կարող հայտնել, նախաքննություն է ընթանում»։ Զրուցեցինք ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի հետ։
– Բանակում «5-րդ շարասյուն» կարո՞ղ է լինել, եթե պետությունում հսկող մարմիններ կան, ԱԱԾ կա։ Դուք երկար տարիներ բանակի հրամկազմում եք եղել, ասենք, նախորդ՝ քառօրյա պատերազմի ժամանակ եղե՞լ է «5-րդ շարասյուն»։
– Ես կարծում եմ, որ ասուլիսին ներկա լրագրողները պետք է փորձեին իրեն հարց տալ ու հասկանալ, թե ում նկատի ունի, ինչու այդ մարդիկ մինչեւ հիմա ձերբակալված չեն։
– Նիկոլ Փաշինյանն իր ասածը փորձեց հիմնավորել՝ վկայակոչելով, որ այսօր բարձրաստիճան շատ սպաներ մեղադրվում են տարբեր հանցանքների, լրտեսության, պետական դավաճանության համար։ Նույնիսկ եթե կան նման սպաներ, կարո՞ղ ենք իրենց «5-րդ շարասյուն» համարել, կարո՞ղ էին մի քանի տասնյակ մարդիկ պատերազմի ելքը որոշել, պարտության մեղավոր լինել։
Կարդացեք նաև
– Ձեր բարձրացրած հարցերի պատասխանը գլխավոր դատախազի տեղակալը Հանրայինով որոշ ժամանակ առաջ տվել է` Պետրոսի եթերում նա ասել է, որ բոլոր էդ մեղադրանքով ձերբակալվածները՝ կարծեմ 25 թե 28 հոգի, հայրենիքի դավաճանության հոդվածով բոլոր ձերբակալված մարդիկ, բոլորը հակառակորդի հետ սկսել են աշխատել 2020 թվականի ընթացքում, ընդամենը մեկն է, որ 2018 թվականից է հակառակորդի հետ համագործակցել։ Եվ այստեղ հարց է առաջանում՝ ովքե՞ր են ներդրել «5-րդ շարասյունը», եւ ինչո՞ւ է ներդրվել, ո՞ւմ մեղքով, իսկ ավելի պարզ՝ «5-րդ շարասյան» ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։
– Ի՞նչ նկատի ունեք, որ իր թողտվությա՞մբ են այդ մարդիկ համագործակցել։
– Ես այդպիսի բան չասացի, ես ասացի, որ «5-րդ շարասյան» ղեկավարն ինքն է, եթե կա նման ղեկավար, որ բանակը քանդել է, ապա այդ ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: