Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը, սակայն, շարունակում է մեծապես կախված մնալ Ռուսաստանից անվտանգության, էներգետիկայի և առևտրի ոլորտներում. «Ամերիկայի ձայն»

Մարտ 16,2023 10:49

«Ամերիկայի ձայն». Բրիտանական «The Guardian»-ը «Ռուսաստանը կորցրել է իր փափուկ ուժը». ինչպես է պատերազմն Ուկրաինայում ապակայունացնում վաղեմի խորհրդային դաշնակիցներին» վերնագրով հոդվածը մեջ է բերում ամերիկահայ վերլուծաբան, «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի խոսքերը, որը կարծում է, որ Մոսկվան «կորցրել է դիվանագիտական նախաձեռնությունը Հայաստան-Ադրբեջան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցերում»: Ռուսաստանի ուշադրությունը ոչ միայն շեղված է, այլ այն պարզապես կլանված է Ուկրաինա ձախողված ներխուժմամբ, ասում է Կիրակոսյանը:

Վերլուծաբանի խոսքով, Հայաստանը, սակայն, շարունակում է մեծապես կախված մնալ Ռուսաստանից անվտանգության, էներգետիկայի և առևտրի ոլորտներում: Ռուսական ազդեցությանն ուղիղ հակադրումը հավասարազոր է «ինքնասպանության», նկատում է Կիրակոսյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ հայ-ռուսական հարաբերությունները շատ ավելի անկանխատեսելի են դարձել, իսկ Հայաստանի համար Ռուսաստանը վերածվել է շատ ավելի լուրջ մարտահրավերի։

Կիրակոսյանի պնդմամբ՝ «Խնդիրն այն է, որ Ռուսաստանը դարձել է անվստահելի, այսպես կոչված, գործընկեր, իսկ Ռուսաստանի գլխավորությամբ Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպությունը՝ անիմաստ»:

Իր հերթին Council on Foreign Relations հաստատության ավագ վերլուծաբան Չարլզ Քուփչինն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում նկատում է՝ Ռուսաստանն այսօր ի վիճակի չէ ժամանակ, ռեսուրսներ, քաղաքական կապիտալ տրամադրել Ուկրաինայից բացի այլ խնդիրներով զբաղվելու համար՝ հաշվի առնելով Պուտինի ձախողումները ուկրաինական ճակատում: Ողջ ներուժը ուղղվում է դեպի Ուկրաինա, և դա նվազեցնում է Ռուսաստանի ընդհանուր ազդեցությունն այլ տարածաշրջաններում, ասում է վերլուծաբանը։

«Հայաստանը Ռուսաստանին դիտարկում էր որպես իր անվտանգության երաշխավոր և աջակից, որը կպաշտպանի իր շահերը, սակայն այսօր Հայաստանը որոշ չափով իրեն անտեսված է զգում Ռուսաստանի կողմից, ուստի, կարծում եմ, Երևանը սկսել է ավելի թերահավատորեն մոտենալ իր անվտանգության երաշխավոր հանդիսանալու Ռուսաստանի կարողությանը»,- պնդում է Քուփչինը:

Կանադական Քարլթոն համալսարանի Եվրոպայի, Ռուսաստանի ու Եվրասիայի հարցերով ինստիտուտի պրոֆեսոր Ջեֆֆ Սահադեոն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ևս համակարծիք է. Ռուսաստանը վերջին տարիներին կորցրել է վստահությունն ու իր դիրքերը Հարավային Կովկասում, ուր նախկինում հանդիսանում էր հիմնական խաղացող. «Փաստ է, որ Մոսկվան անարձագանք թողեց Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի շրջանակում օգնության դիմումը՝ չնայած նրան, որ Հայաստանը Ռուսաստանի մերձավոր բարեկամն է և ԵԱՏՄ ու ՀԱՊԿ է անդամակցել հենց Մոսկվայի օգնության ակնկալիքով, որն էլ այդպես էլ չստացավ»,- ասում է նա:

Սահադեոն ևս կարծում է, որ ուկրաինական խնդիրն ամբողջապես կլանում է Ռուսաստանի ուշադրությունը, որը հնարավորություն է ընձեռում ԵՄ-ն ու Արևմուտքին ընդարձակելու իր ազդեցությունը Հարավային Կովկասում: Նրա խոսքով՝ Մոսկվան չունի կարողություն հակադրվելու արևմտյան տերությունների նախագծերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացում:

Չարլզ Քուփչինի կարծիքով էլ, Հայաստանի ու Ռուսաստանի միջև տարաձայնությունները կրում են ավելի շատ համակարգված, քան ժամանակավոր աշխարհաքաղաքական բնույթ:

«Կարծում եմ՝ մենք ականատես ենք ԱՄՆ և ԵՄ ավելի մեծ ներգրավվածությանը Երևանի հետ, որի օրինակներից է Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ առաքելության տեղակայումը: Սրանք, կարծում եմ, քայլեր են, որոնք կարող են ազդարարել Հայաստանի արտաքին քաղաքականության ուրվագծի փոփոխության մասին, որը ներառում է դեպի տրանսատլանտյան համայնք կողմնորոշման մեծացում, ավելի սերտ ինտեգրացում Արևմուտքի հետ և ավելի շատ հեռացում Ռուսաստանից»,- պնդում է նա:

Չարլզ Քուփչինը վստահ է՝ ուկրաինական պատերազմն անդառնալի վնաս է հասցրել Ռուսաստանի ազդեցությանն ինչպես գլոբալ, այնպես էլ հարավկովկասյան տարածաշրջանում, և դեռևս հարց է, թե արդյոք Մոսկվան կկարողանա ապագայում վերադարձնել իր կորսված դիրքերն այստեղ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031