Լրահոս
Օրվա լրահոսը

Ասացի կգաք՝ ինչպես Հայաստանում, կասեք Մարիաննա Գեւորգյանի հյուրն եք

Մարտ 16,2023 13:00

Միջազգային մրցույթների հաղթող քանոնահարը՝ Հնդկաստանի համերգի տպավորությունների ու անակնկալների մասին

– Սիրելի Մարիաննա, խնդրում եմ ներկայացնես, թե ինչ առիթով էիր վերջերս Հնդկաստանում:

– Կանանց տոների առիթով Հնդկաստանի Տրիվանդրում քաղաքում մեկ շաբաթյա մշակութային մեծ միջոցառում էր կազմակերպված, որի շրջանակներում հանդես էին գալիս արվեստի տարբեր ճյուղեր ներկայացնող արտիստներ: Ինձ շատ հաճելի էր, որ երաժշտություն ներկայացնելու համար ինձ էին ընտրել որպես պատվավոր հյուր Հայաստանից:

– Համերգին ի՞նչ ծրագրով հանդես եկար, ի՞նչ երաժիշտների ընկերակցությամբ:

– Մենահամերգի ծրագիրը ես էի ընտրել՝ բացառապես հայկական ժողովրդական ու կոմպոզիտորական ստեղծագործություններ: Սակայն համերգի առաջին փորձից հասկացա, որ կարելի է մի հնդկական երգ եւս ներառել, որն էլ կատարեց Ամռիտա Ռաջան: Ինձ նվագակցում էին շատ տաղանդավոր երաժիշտներ, բարձր պրոֆեսիոնալներ, որոնք վարպետներ էին՝ տաբլա նվագող Մահեշ Մանի, դաշնամուր Ռոհիդ Կրիշնա եւ Ջինշու Վարման, ով տիրապետում էր տարբեր ազգերի յոթ նվագարանի՝ դարբուկ, կահոն, ասալատո, ռեինստիք, չիմես, շակերս, սփլեշ: Ֆանտաստիկ յուրահատուկ թիմ, յուրաքանչյուրն իր էներգետիկայով ու ոճով ապահովում էր համահունչ միաձույլ հնչողություն: Ինձ հաճելի էր աշխատել իրենց հետ: Չհասկանալով միմյանց լեզու՝ մենք խոսեցինք հոգու եւ երաժշտության լեզվով:


– Կարծեմ խնդիր է եղել քանոնի հետ կապված, բայց դու կարողացել ես պատվով դուրս գալ: Խնդրում եմ այդ մասին պատմես:

– Այո, ինքնաթիռում քանոնիս կաշվե հատվածը պատռվել էր, դա ինձ համար շատ մեծ սթրես էր, որովհետեւ այնտեղ այլ քանոն չկար, ոչ էլ քանոն պատրաստող վարպետ: Բայց ես շուտ կարողացա ելք գտնել ու պատվով նվագեցի մենահամերգս:

– Ինչ տպավորություններով ես վերադարձել Հնդկաստանից:

– Հրավիրող կողմը շատ գեղեցիկ դիմավորեց, ընդունեց ու ճանապարհեց ինձ, շատ ջերմ ու սպասված հանդիպում էր, երկար էին պատրաստվել: Մարդիկ շատ ջերմ ու հյուրընկալ էին, սիրեցին ինձ, իմ արվեստը, Հայաստանը, անգամ շփվում էինք հայերենով: Ճիշտ է, ժամանակը շատ սուղ էր, բայց մի քանի կարեւոր վայրերում փորձեցի լինել, օրինակ, իրենց համալսարանում` շփվել պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ, իրենց ամենահզոր աստվածներից` Շիվայի սուրբ վայրում գտնվել: Ես շատ սիրեցի Տրիվանդրումը, բնակիչներին եւ օվկիանոսը: Ինչպես իրենք են ասում՝ ես գտնվում էի Աստծո տանը, ըստ իրենց պատմության, երբ Աստված ստեղծել է երկիրը, այդ դրախտավայրը իր համար է պահել:

– Ինչպե՞ս ընկալվեց հայկական երաժշտությունը:

– Ես չզգացի օտարություն, շատ ընկալելի էր իրենց համար, յուրաքանչյուր ակնթարթ ինձ հետ ապրում ու հասկանում էին, վայելք էր:

– Ի՞նչ արձագանքներ եղան հնդկական կողմից:

– Համերգի ավարտին ինձ Կեռալա արտի կողմից հանձնեցին երախտագիտության նամակ, շնորհակալագիր ու մրցանակ՝ նման բարձրակարգ համերգի համար: Արձագանքները շատ դրական էին, գերազանցված էր նիշը, դե իհարկե, իմ ու նման տաղանդավոր երաժիշտների համատեղ եռանդուն ու նվիրված աշխատանքի արդյունք էր: Շատ կարեւոր է, երբ թիմդ միաձույլ է, ողջ համերգն անցավ շատ թեժ ու կրակոտ: Կազմակերպիչ կողմն էլ ոչինչ չէր խնայում, աշխատում էր մեծ ու հզոր թիմ, որի համար ես էլ իրենց եմ շնորհակալ: Նաեւ շնորհակալ եմ Կամերային երաժշտության տան տնօրինությանը, ու իմ մաեստրոյին, որ յուրաքանչյուր հարցում ինձ հետ են եղել ու աջակցել: Մի հետաքրքիր դրվագ էլ. հյուրանոցում իմ կողքի հարեւաններն անգլիացի ամուսիններ էին, երբ ծանոթացանք, շատ հետաքրքրեց իրենց (իմ արտիստ կերպարը իրենց խոսքերով) քանոն նվագարանը ու ցանկանում էին տոմս գնել ու ներկա գտնվել համերգին, բայց տոմսերը սպառված էին: Ասացի կգաք, ինչպես Հայաստանում ընդունված է, կասեք Մարիաննա Գեւորգյանի հյուրն ենք եւ առաջին շարքում տեղ ունենք, ու այդպես էլ արել էին… Շատ հուզիչ էր ինձ համար, երբ համերգից հետո ժամեր անց օդանավակայանի ճանապարհին էինք, իմ երաժիշտ ընկերները իրենց ընտանիքներով միացել էին պատվիրակությանը:

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
16.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031