Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ բարդ ընտրություններ են լինելու Թուրքիայում

Մարտ 16,2023 12:00

Թուրքիայի գործող նախագահ Էրդողանը երկարատեւ եւ լուրջ հաշվարկներից հետո, այնուամենայնիվ, որոշեց անցկացնել ոչ թե հերթական, այլ արտահերթ նախագահական ընտրություններ, որոնք 2023թ. հունիսից տեղափոխվեցին նույն թվականի մայիսի 14-ը: Մի բան հաստատ է, որ դա Էրդողանի կողմից արված խիստ հաշվարկված քայլ է, որտեղ, ըստ նրա, մեծ դեր է խաղալու մոտ երկու ամիս առաջ գցելը, որն առաջին հերթին նշանակում է, որ ամեն անցնող օրն ի վնաս Էրդողանի է աշխատելու: Սա երկու բան կարող է նշանակել. կամ Էրդողանը մոտակա երկու ամսում չի տեսնում քայլեր, որոնք աստիճանաբար կբարձրացնեին նրա վարկանիշը, կամ հստակ գիտակցում է, որ երկրաշարժի հետեւանքների վերականգնման հետ կապված, արդեն իջել է իր վարկանիշը, թեկուզ եւ այդ ուղղությամբ չի տեսնում այնպիսի քայլեր, որը կբարձրացնի նրա վարկանիշը եւ նույնիսկ ավելին՝ ընթացիկ հարցերի հետ կապված, հնարավոր՝ առաջացող մի շարք նոր խնդիրները կարող են էլ ավելի իջեցնել նրա՝ առանց այն էլ ոչ այնքան բարձր վարկանիշը: Այլապես, բնավ կարիք չէր լինի արտահերթ ընտրությունների անցկացումը: Դրա համար կա նաեւ մեկ այլ կարեւոր հանգամանք. մինչեւ ընտրությունները որքան քիչ ժամանակ մնա, ընդդիմությանն այդքան քիչ ժամանակ կմնա համախմբվելու ու նախապատրաստվելու համար, քանզի Էրդողանը՝ փաստացի, լուրջ նախապատրաստվելու կարիք չունի, որովհետեւ պետք է ներկայացնի ընդամենն այն, ինչն արդեն փաստացի արվել է նրա կողմից, եւ ներկայացնի նաեւ այն քայլերը, որոնք պլանավորում է անել՝ կյանքի կոչել:

Այլ խոսքով, արվածը ներկայացնելու համար ժամանակ չի պահանջվում, իսկ ինչը պլանավորում է անել, դա ընդամենը թերի արվածն է եւ չարվածը՝ արվածի շարունակությունը, որը շատ ավելի հեշտ է ներկայացնելը, քանզի այն եւս ժամանակի դեֆիցիտ չի ենթադրում: Իսկ ընդդիմության գործն էապես ավելի բարդ է, քանզի նա ամեն ինչ սկսելու է զրոյից: Նրա համար մի բան է միայն պարզ ու հստակ: Նա պետք է ճոխ ձեւով ներկայացնի իշխանության կողմից՝ իր ղեկավարած տարիներին չարված, կամ թերի արված գործերը, որը եւս իրենց հաշվարկով պետք է էականորեն իջեցնի Էրդողանի ոչ այնքան բարձր վարկանիշը: Նա հանրությանը պետք է հստակորեն ներկայացնի, թե իշխանությունն իր ղեկավարման ընթացքում ինչ պետք է աներ, ինչն ընդհանրապես չի արել կամ ինչն է թերի՝ կիսատ-պռատ արել, որի պատճառով չպետք է նորից ընտրել Էրդողանին՝ իր իշխանությամբ հանդերձ: Մի բան փաստ է եւ ինչպես արդեն նշվեց, տեղի ունեցած երկրաշարժը ու Էրդողանի որոշակի խոստովանությունն առ այն, որ գործող իշխանությունն այնքան էլ ճիշտ եւ օպերատիվորեն չարձագանքեց երկրաշարժի հետեւանքների վերացմանը, բավականին բացասականորեն է ազդելու Էրդողանի վարկանիշի վրա: Դա թուրք ժողովրդի համար ոչ թե մի սովորական հարցում թույլ տրված սխալ էր, որը կարող էր նաեւ արագ մոռացվել, դա 48 հազարից ավելի մարդկանց մահ էր, որը կարող էր նաեւ էականորեն քիչ լինել, եթե ժամանակին ամեն ինչ ճիշտ արվեր, որը ժողովրդի կողմից ոչ ավելի, ոչ պակաս որակվեց չափազանց անտարբեր վերաբերմունք Էրդողանի՝ ասել է թե՝ թուրքական իշխանությունների կողմից՝ թուրք ժողովրդի նկատմամբ, որը չափազանց երկար է հիշվելու, քանզի դա հազարավոր մարդկանց կյանքի հարց է:

Իրականում, դժվար է գտնել մեկ այլ համարժեք երեւույթ, որի մեջ մեղավորության դեպքում, այդքան կիջեցներ Էրդողանի եւ նրա կառավարության վարկանիշը, որքան տեղի ունեցածը: Կարծում եմ անգամ, որ սա այն բացառիկ երեւույթն է, որը նույնիսկ դարերով չի մոռացվի, ավելին՝ քիչ է ասել, որ այն իջեցրեց Էրդողանի ու նրա թիմի վարկանիշը, այլեւ մեծ ատելություն առաջացրեց Էրդողանի եւ նրա ամբողջ թիմի նկատմամբ: Փաստացի, սա բացառիկ է այնքանով, որ խոսքը հազարավոր մարդկանց կյանքերի մասին է, որոնց թիվը՝ մեկով պակաս լինելն անգամ, չափազանց մեծ բան կնշանակեր:

Եթե սրան էլ ավելացնենք նաեւ այն, որ հատկապես վերջին ժամանակներում Էրդողանի հպարտ՝ ինքնավստահ պահվածքն աշխարհի՝ հատկապես Արեւմուտքի, ՆԱՏՕ-ի եւ Եվրոպայի նկատմամբ, որը նաեւ չափազանց ցցուն երեւում է ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում, ապա պարզ է դարձնում այն իրողությունը, որ նրանք մեղմ ասած՝ այնքան էլ բարյացակամորեն տրամադրված չեն Էրդողանի անձի նկատմամբ, որն անգամ նրանց կողմից այնքան չի էլ թաքցվում, ապա պարզ է դառնում, որ այդ երկրներն ու կառույցները ոչ միայն չեն աջակցելու Էրդողանին, այլեւ ներքուստ, թաքուն՝ ոչ բացահայտորեն, աջակցելու են նրա հիմնական հակառակորդին՝ ընդդիմության միասնական թեկնածուին, որը եւս էական կերպով բացասաբար է ազդելու Էրդողանի վերընտրվելու վրա: Կա նաեւ մեկ այլ էական հանգամանք, որը դարձյալ բացասաբար է ազդելու Էրդողանի ընտրության վրա. դա Էրդողանի, նրա ընտանիքի, մերձավորների կողմից հսկայական չափերի հասնող թալանի ու միլիարդների կարողություն ունենալու հանգամանքն է, որը եւս նախընտրական քարոզարշավի ժամանակ անպայման շահարկվելու է ընդդիմության կողմից, որն էլ իր հերթին, հերթական լուրջ բացասական ազդեցությունն է թողնելու Էրդողանի վերընտրվելու վարկանիշի վրա: Համոզված եմ, որ վերը նշված հանգամանքներն էական ազդեցություն են ունենալու Էրդողանի վերընտրվելու վրա: Էրդողանի վերընտրվելու վրա միայն մեկ դրական գործոն եմ տեսնում. դա վարչական լծակների մաքսիմալ օգտագործման հանգամանքն է, որն ամեն դեպքում, կարծում եմ՝ լուրջ դեր է խաղալու: Թե այս ամենի պարագայում ինչ արդյունք է արձանագրվելու, դժվար է կանխատեսելը: Կապրենք, կտեսնենք …

Քանի որ դեռեւս անհայտ է, թե ինչ խճանկար կունենա նախագահի թեկնածուների կազմը, ապա դժվար է կանխատեսել նաեւ, թե այնուամենայնիվ, ով կդառնա Թուրքիայի հաջորդ նախագահը: Բնականաբար, դժվար է նաեւ կանխատեսելը, թե ում ընտրվելու դեպքում Հայաստանի համար ավելի շահեկան վիճակ կլինի …

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
16.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031