Հայրենի դատարանը խախտել էր «Հարգանքի սկզբունքը»՝ չտրամադրելով պաշտպանական կողմին ապացույցները
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը օրեր առաջ ճանաչեց գանգատաբեր Սամվել Այվազյանի իրավունքների՝ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի՝ ազատ արձակման, ողջամիտ ժամկետի խախտումը: Այդ մասին «Առավոտի» հետ զրույցում երեկ տեղեկացրեց փաստաբան, Ս. Այվազյանի շահերի պաշտպան Աննա Ծառուկյանը (լուսանկարում):
2017-ի մայիսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 10105517 քրեական գործը: 29.05.2018թ.-ին ՀՀ քննչական կոմիտեի մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով թիվ 10105517 քրեական գործի նյութերով հարուցվել է թիվ 69103218 քրեական գործը եւ միացվել է թիվ 10105517 քրեական գործի վարույթում: Թիվ 10105517 քրեական գործի վարույթում առկա է նաեւ թիվ 71101917 հարուցված քրեական գործը՝ գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ:
2018թ. նոյեմբերի 9-ին Ս. Այվազյանը ձերբակալվել էր եւ նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, որ նա «մի խումբ անձանց՝ Եվգենի Ալեքսանդրի Կաչակի եւ գործով չպարզված անձանց հետ ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ապօրինաբար կյանքից զրկել Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փ. 77 շենքի 23 բնակարանի բնակիչ, հանցավոր աշխարհում «Շալո» մականվամբ հայտնի Շալիկո Մանուչարյանին»: Դատարանը հաջորդ օրը՝ նոյեմբերի 10-ին խափանման միջոց էր ընտրել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով: Ի դեպ, պաշտպանական կողմը միջնորդել էր հետագայում գրավ կիրառել, սակայն դատարանը դիմողի պաշտպանի միջնորդությունը մերժել էր, պատճառաբանելով. «Դատարանը գտնում է, որ քրեական գործի քննության տվյալ փուլում, երբ առկա են մեղադրյալի նկատմամբ ընտրված կալանավորում խափանման միջոցի ժամկետը երկարացնելու վերը նշված հիմքերն ու պայմանները, ուստի նաեւ այդ նույն հիմքերի առկայության պայմաններում գրավի կիրառումն անթույլատրելի է, քանի որ այն չի կարող քրեական գործի տվյալ փուլում երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագիծը: Այսպիսով, դատարանը արձանագրում է, որ քրեական գործի նախաքննության տվյալ փուլում կալանքը այն բացառիկ խափանման միջոցն է, որը կարող է գործուն երաշխիք լինել մեղադրյալի պատշաճ վարքագիծը ապահովելու համար եւ բացառում է կալանքին այլընտրանքային խափանման միջոց հանդիսացող գրավի կիրառումը»: Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանից հետ չի մնում նաեւ վերաքննիչ դատարանը, գրավի հետ կապված դատարանն արձանագրում է հետեւյալը. «… Մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցի կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու թույլատրելիության հարցին, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործի նյութերում բացակայում են այնպիսի փաստական տվյալներ, որոնք հնարավորություն կտան փաստարկված դատողություն անել առ այն, որ գործի քննության տվյալ փուլում, գրավը, որպես կալանավորման այլընտրանք, կարող է գործուն երաշխիք հանդիսանալ քրեական գործով վարույթի ընթացքում նրա ոչ իրավաչափ վարքագծի կանխման համար: Վերաքննիչ դատարանի այդպիսի եզրահանգման համար հիմք է հանդիսանում մասնավորապես՝ Ս. Այվազյանին վերագրվող ենթադրյալ հանցանքի հետ առնչություն ունեցող այլ անձանց հայտնաբերված եւ հարցաքննած չլինելը, Ս. Այվազյանի կողմից վարույթի ընթացքում արդեն իսկ դրսեւորած վարքագիծը, մեղադրյալի անձը, վերագրվող հանցագործության բնույթը, վտանգավորության աստիճանը, այդ թվում նաեւ հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, եւ ակնկալվող պատժի խստությունը»: Իսկ ըստ Վճռաբեկ դատարանի՝ «Վճռաբեկ դատարանը գտնում է, բողոքաբերների կողմից չի հիմնավորվել, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի եւ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եւ որ առերեւույթ առկա է մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտում»:
Կարդացեք նաև
Դիմողի նկատմամբ գրավ չի կիրառվել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտմամբ: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն. «Ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք ունի … մինչեւ դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»:
Ըստ ՄԻԵԴ ներկայացրած գանգատի, դիմողը պնդել էր, որ ներպետական դատարանները խախտել են նրա արդար դատաքննության եւ «զենքերի հավասարության» սկզբունքի իրավունքը, քանի որ իր կողմից վիճարկվող այն բոլոր նյութերը, որոնք ըստ դատարանի հիմք են հիմնավոր կասկածի առկայության համար, ապա պատշաճ կարգով չեն գնահատվել, պատճառաբանելով, որ «դատավարության այս փուլում դատարանն իրավունք չունի անդրադառնալու մեղադրանքի էությանը եւ հիմնավորվածությանը, իրավասու չէ հետազոտել ու գնահատել ապացույցները, քանի որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը չի հետապնդում կատարված հանցագործության բոլոր հանգամանքները հետազոտելու եւ դրանց քրեաիրավական գնահատական տալու կամ տրված գնահատականը ստուգելու ու համապատասխան որոշում կայացնելու նպատակ»: Դատարանը միայն բավարարվել է այն հանգամանքով, որ առկա է մեկ շահագրգիռ անձի ցուցմունք՝ Իննա Իվանովայի կողմից տրված, որտեղ ակնհայտ առկա են հակասություններ: Վերջինիս ցուցմունքը «անուղղակի տեղեկություններ են», ինչի աղբյուրը մահացած՝ Ե. Կաչակն է, ում հարցաքննել հնարավոր չէ եւ դիմողի այն պնդումները, որ ուշադրություն դարձնեն նույն ցուցմունքում դիմողին արդարացնող հիմքերին, մասնավորապես՝ վկան հստակ նշում է, որ Ե. Կաչակի՝ ՀՀ գալու նպատակը 10 000 ԱՄՆ դոլար պարտքը վերցնելն էր արդեն իսկ կատարած աշխատանքի համար, սակայն դատարանը չի գնահատում այս փաստը՝ պատճառաբանելով, որ այս փուլում չի կարող տեղի ունենալ արդարադատություն:
Թե հայրենի դատարաններում, թե ՄԻԵԴ-ում պաշտպանական կողմը (պաշտպաններ՝ Աննա Ծառուկյան, Գուրգեն Հովհաննիսյան) պնդել էր. «Միայն մեկ անձի ցուցմունքի հիման վրա, այն էլ հակասություններով լի եւ կոնկրետ դեպքը չնկարագրող ցուցմունքի, ով միեւնույն ժամանակ շահագրգիռ անձ է, քանի որ հանդիսանում է մահացած՝ Ե. Կաչակի կինը, չի կարող հիմնավորվել «հիմնավոր կասկածի» առկայությունը՝ առանց դրանք հաստատող օբյեկտիվ ապացույցների առկայության, ինչը սույն գործում առկա չէ: Դեռ առաջին կալանքի երկարացման ներկայացրած հարցաքննության առաջին էջերից չէր երեւում դրանց բովանդակությունը, այսինքն, դրանք դիմողին արդարացնող, թե մեղադրող ցուցմունքներ են եւ դատարանը չունենալով եւ պաշտպանական կողմին դրանք չտրամադրելով՝ զրկել են Այվազյանին դրանք պատշաճ վիճարկելու իրավունքից եւ հասկանալու՝ արդյոք առկա՞ է հիմնավոր կասկած, թե՝ ոչ: Դատարանը խախտել է մեր՝ պաշտպանական կողմի նկատմամբ «հարգանքի սկզբունքը», չտրամադրելով պաշտպանական կողմին ապացույցները, որոնց առանց ծանոթանալու հնարավոր չէր պնդել, որ առկա է հիմնավոր կասկած»:
Պաշտպանական կողմը հղում էր կատարել ՄԻԵԴ մի քանի որոշումների՝ «Օջալանն ընդդեմ Թուրքիայի», «Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի», «Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի», «Lamy v. Belgium»:
Գործում առկա էին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված ՀՀ ոստիկանապետի գրությունում պարունակող օպերատիվ տեղեկատվություններ, թե ինչ տվյալներ էին դրանք, պաշտպանական կողմը կրկին զրկված է եղել դրանք վիճարկելուց, իսկ դատարանը՝ գնահատելուց:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ.-«Առավոտը» լուսաբանել է Ավան եւ Նոր Նորք նստավայրում (դատավոր՝ Վարդան Գրիգորյան, «Մարտի մեկի գործով» դիպուկահարի կողմից ենթադրյալ մահափորձով տուժող-հեղինակությունն իրեն տուժող չի համարում», 23.10.2019թ.) «Շալո» մականունով հայտնի վանաձորցի հեղինակության սպանության նախապատրաստության գործով դատաքննությունը, անդրադարձել նաեւ նախաքննությանը: Հիշեցնեմ, որ ըստ գործի նյութերի, 2017-ին արտերկրից Հայաստան էր հրավիրվել դիպուկահար Կաչակը, ով մնացել էր Վանաձորում վարձակալած բնակարանում: Մինչ դիպուկահարը կկատարեր «զակազը», նա սպանվել էր: Ս. Այվազյանը իբր ճանաչել էր Կաչակին, եւ նա էր հրավիրել Հայաստան: «Շալոն» այդպես էլ իրեն տուժող չհամարեց, անգամ դատարան գալուց էր խուսափում: Այվազյանի նկատմամբ նույն այս դատարանը ընտրել էր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:
«Առավոտ» օրաթերթ
16.03.2023