«Առավոտ» առցանց լրատվական կազմակերպության խմբագիր Աննա Իսրյաելյանը 2023թ. մարտի 14-ին հրապարակում է արել այն մասին, որ նույն օրը` ժամը 19:46-ից սկսած խմբագրությունը կորցրել է յութուբյան էջի հասանելիությունը։ Ըստ նրա` էջի արգելափակումից առաջ հրապարակել են անոնս մի շարք պաշտոնյաների գույքի ու եկամուտների վերաբերյալ, և արգելափակումը կապված է այդ հրապարակման հետ:
Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն աջակցություն է հայտնում «Առավոտ»-ին եւ խիստ մտահոգիչ է համարում լրատվական կազմակերպության յութուբյան էջի արգելափակումը, որը կապված է մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու հետ: Տեղի ունեցածն ուղղակի միջամտություն է արտահայտվելու ազատությանը եւ լրագրողական մասնագիտական աշխատանքին:
Հիմնադրամն արդեն հարցը քննարկել է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի եւ առցանց լրատվամիջոցի խմբագիր Աննա Իսրայելյանի հետ, արձանագրել նրանց մտահոգությունները:
Ակնկալում ենք, որ պատկան, այդ թվում` տեղեկատվական անվտանգության ու իրավապահ ոլորտի մարմինները հնարավորին չափ սեղմ ժամկետում քննարկման կարժանացնեն հարցը եւ յուրաքանչյուրն իրեն վերաբերող մասով միջոցներ կձեռնարկի հարցի լուծման ուղղությամբ։
Կարդացեք նաև
«Թաթոյան» հիմնադրամ