Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են պայմանավորվել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիրները

Մարտ 15,2023 22:03

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներ Սեյրան Օհանյանը եւ Հայկ Մամիջանյանն այսօր հանդիպել են «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ դեռ փետրվարի 24-ին շարժման անդամներն Ազգային ժողովի ընդդիմադիր եւ իշխանական խմբակցություններին էին փոխանցել   Արցախյան ազգային ազատագրական պայքարի 35-ամյակին նվիրված «Արցախի Հանրապետության ճանաչում՝ հանուն փրկության» համահավաքի բանաձեւը: Բանաձեւում երեք պահանջ է.

Ա․ ՀՀ Ազգային ժողովից երկշաբաթյա ժամկետում՝ ի պատասխան Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությանը, ճանաչել Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանից անկախ կարգավիճակը՝ առաջնային համարելով արցախահայության ինքնորոշման իրավունքի լիակատար իրացման անհրաժեշտությունը։

Բ․ Դիմում ենք ՀՀ և Սփյուռքի քաղաքական-հասարակական կազմակերպություններին՝ նախաձեռնել Արցախի Հանրապետության՝ որպես անկախ սուբյեկտի ճանաչման համընդհանուր գործընթացը։

Գ. Հանրային անվստահություն ենք հայտնում ՀՀ կառավարության և վարչապետի մինչ այս պահը վարվող պետականակործան արտաքին քաղաքական գծին։

Ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները շարժման անդամներին փոխանցել են, որ կիսում են բոլոր մտահոգությունները, որոնք արտահայտված են հայտարարություն-պահանջագրում եւ համամիտ են առաջարկվող քայլերի հետ, սակայն, նկատի ունենալով այն դառը փորձը, որ քաղաքական մեծամասնությունը մշտապես տորպեդահարում է ընդդիմադիր փոքրամասնության բոլոր նախաձեռնությունները, քայլերը, հաճախ դրանք անգամ ԱԺ լիագումար նիստերի օրակարգում չեն ներառվում՝ մերժվելով գլխադասային հանձնաժողովում, նաեւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այժմ չկա համաժողովրդական պահանջ, որը պարտադրանք կհանդիսանա իշխող ուժի համար, իրենք ձեռնպահ կմնան շարժման առաջարկն իրականացնելուց, որպեսզի միջազգային բանակցողների՝ միջնորդների հնարավորություններն էլ չսահմանափակվեն:
Aravot.am-ի հետ զրույցում շարժման անդամ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց, որ իրենք հակառակ կարծիքին են եւ դա փոխանցել են Սեյրան Օհանյանին ու Հայկ Մամիջանյանին.

«Եթե մենք հիմա չենք հակադրվում քաղաքական մեծամասնության եւ գործադիր իշխանության դիրքորոշմանը, լուռ ու մունջ ընդունում ենք իրականությունը, չենք դիմադրում, ապա, ստացվում է, որ համաձայն ենք նրանց գործողությունների հետ: Մյուս կողմից, մենք գտնում են, որ եթե մեր նախաձեռնությունն ընդունվի պատգամավորների կողմից, հանրային ճնշում պիտի գործադրենք, որպեսզի որոշումն ընդունվի»: Այն, որ երեկվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ձեռնպահ մնաց հստակ հայտարարել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում կամ երբ հայտարարեց, որ Արցախի անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է, արդեն իսկ վտանգավոր է եւ խոսում է Արցախը կորցնելու իրատեսականության մասին:

«Հայաստանը, որը որ չի ընդունում, որ Արցախում ապրում են 120 հազար ՀՀ քաղաքացիներ, որոնք նաեւ ՀՀ քաղաքացու անձնագրեր ունեն, մինչդեռ դա հիմք է, որպեսզի մենք Արցախը Հայաստանի մաս համարեինք»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ընդդիմադիր պատգամավորների հետ պայմանավորվել են համագործակցությունը շարունակել, ընդլայնել շարժումը, որպեսզի հնարավոր դառնա իշխանությունների վրա ճնշում գործադրել՝ մեր ազգային շահերից ելնելով գործել, այլապես, հստակ պետք է դրվի իշխանության հեռացման հարցը: «Այս տեսակետից, ես կարծում եմ, որ կա այդպիսի կոնսենսուսի ձեւավորման հնարավորություն: Մեզ մնում է միայն մեկ բան՝ պետության եւ պետականության շահերից բխող քայլերի դիմել, որը մենք ներկայացրել ենք, որպես հանրային անվստահություն գործող կառավարությանը եւ նրա ղեկավարին»,- ասաց Արամ Սարգսյանը: Հետագա քայլերի եւ ծրագրերի մասին լրացուցիչ կիրազեկեն:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որին նույն պահանջը փոխանցվել էր, առհասարակ չի արձագանքել:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031