Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավալի է, որ պարեկային ծառայությունը ավելի շատ արհավիրք է դարձել հայ հասարակության համար, քան իրավապահ մարմին». Ոստիկանության գնդապետ

Մարտ 15,2023 21:01

Ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը, որը երկար տարիների աշխատանքային փորձ ունի եւ համակարգը շատ լավ գիտե ներսից, «Հայելի» ակումբում խոսեց վերջերս ստեղծված պարեկային ծառայության աշխատակիցների՝ համակարգը հեղինակազրկող  պահվածքի մասին:

«Կարելի է արձանագրել, որ այս ազգակործան պատուհասները 2018 թվականին գալով իշխանության՝ ոչ թե ապիկարության, անխելքության պատճառով, այլ դիտավորությամբ, դավաճանական քայլերով, ամբողջությամբ կազմաքանդեցին պետական կառավարման համակարգերի հիմքերը: Եվ շարունակում են: Սրանք որպես նոր գաղափար, մտցրեցին պարեկային ծառայությունը:

Հիշենք, թե ինչպես սկսեցին պարեկների ընտրությունը եւ մասնագիտական գիտելիքների ուսուցումը կազմակերպելը: Արձանագրենք, որ ոստիկանության ծառայություն ընդունելության եւ մասնագիտական գործունեությունը դասավանդում էին արդարադատության նախարարության աղջնակների որոշակի խմբեր, որոնք բացարձակ կապ չունեին ոստիկանության հետ: Եվ այսպես ստեղծվեց պարեկային ծառայությունը, որը ավելի շատ արհավիրք է հայ հասարակության համար, քան իրավապահ մարմին: Ու սա ցավալի է:

Այն, ինչ տեսնում ու լսում ենք հատկապես վերջին օրերին, ավելի շատ ոչ թե ծիծաղելի է, այլ՝ ողբերգական, քանի որ այդ անձինք հանդիսանալով ոստիկաններ, հասարակական կարգ պահպանելու կոչված պետության ներկայացուցիչներ, հասարակության համար դարձել են պատուհասներ՝ կոնկրետ ծառայությունը դարձնելով հասարակության կյանքի եւ առողջության համար վտանգավոր»:

Ոստիկանության գնդապետը բերեց վերջին օրերի իրադարձությունների օրինակներ եւ վերլուծեց դրանք: «Հասարակությունը տեղեկացավ, որ ոստիկանության ծառայող հանդիսացող պարեկը Կոտայքի մարզում քաղաքացիների կողմից հայտնաբերվեց գողություն կատարելու ժամանակ ու երկրորդ հարկի պատուհանից նետվելով՝ ինքն իրեն վնաս պատճառեց: Կարծեմ, կոտրեց  ոտքը: Այսինքն, ոստիկանության ծառայողը ինքը կատարում է գողություններ: Ես այն կարծիքին չեմ, որ նախկինում նման դեպքեր չեն եղել: Բայց այսպես ահագնացող, նման քանակի դեպքեր երբեք չեն եղել: Նախաքննական վարույթի ընթացքում նաեւ բացահայտվեց, որ այս ոստիկանը նախկինում եւս մի քանի գողություն է կատարել:

Ծանր իրավիճակում հայտնվեց պարեկը Հրազդան քաղաքում: Քաղաքացին ահազանգում է, որ իր գոմում հայտնվել է ինչ-որ անձ, որը փորձում է գողություն կատարել: Պարեկային ծառայության ոստիկանները, հավանաբար, տարածքային ոստիկանության աշխատակիցները եւս, փորձում են այդ անձին վնասազերծել՝ չփորձելով հասկանալ, թե ինչ նպատակով է գոմ մուտք գործել: Գողությա՞ն: Իսկ, գուցե, պատսպարվելո՞ւ, գուցե, հոգեկան որոշակի խնդիրնե՞ր ունենալու պատճառով, գուցե, հարբեցող էր, որ իր գոմը շփոթել էր: Եվ առանց լիարժեք պատկերացում կազմելու, իբրեւ թե անձը կացնով մոտեցել է ոստիկանին, որի պայմաններում վտանգվել է եղել վերջինի կյանքը: Լավ, ընդունենք: Նման վիճակ եւս լինում է: Երկու անգամ օդ կրակել նախատեսված է կանոնակարգով: Ինչո՞ւ սպանելու միջոցով կանխել հանցագործություն կատարող անձին: Այն էլ՝ առերեւույթ հանցագործություն կատարող: Կրծքավանդակին դիմահար կրակելով, անձին կյանքից զրկելով կանխել գողության փո՞րձ: Եթե անգամ կրակելու անհրաժեշտություն կար, կարելի էր կրակել մարմնի այլ մասի եւ կյանքին վտանգ չսպառնալ:

Ոստիկանին հաշվեցուցակային զենք տրամադրելով՝ նրան սովորեցնում են, որ հասարակությանը, հանրային, իր կյանքին վտանգ սպառնալու դեպքում պետք է կանխել հանցագործության դեպքը առավել նվազ վնաս պատճառելու  միջոցով:

Պարեկային ծառայության արկածները, կարծես, ամեն օր շարունակվում են: Տեղեկություն տարածվեց, որ պարեկային ծառայողը իրականացրել է թմրանյութի ապօրինի շրջանառություն: Լավ, այս պարեկային ծառայողը ո՞ւմ կողմից է ընտրվել աշխատանքի: Չէ՞ որ նրանք բժշկական փորձաքննություն պետք է անցնեն՝ թմրանյութի, ալկոհոլի օգտագործման, հոգեկան աշխարհի: Ես կարծում եմ, որ պարզապես, փողոցից վերցրել, բերել-կանգնեցրել են ծառայության, համազգեստ եւ ատրճանակ տվել»;

Թաթուլ Պետրոսյանը անդրադարձավ նաեւ երեկ համացանցում տարածված տեսանյութին, որում կին հինգ ոստիկաններ այգում փորձում էին խուզարկել մի կին քաղաքացու: Նա համազգեստավոր կանանց գործողությունները որակեց ապօրինի՝ նշելով այն օրինական հիմքերը, որոնց առկայության պարագայում միայն կարելի է քաղաքացուն խուզարկել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031