Լրահոս
Օրվա լրահոսը

«Անվանումը դրել են խաղաղության բանակցություններ, բայց այն ոչնչով չի տարբերվում Հայաստանի շարունակական կապիտուլյացիայից». Վարուժան Գեղամյան

Մարտ 15,2023 20:30

«Ադրբեջանը մի քանի տիրոջ ծառա է: Իհարկե, Թուրքիայի մասնիկն է, Իսրայելի ուղղակի խամաճիկը, իրենք էլ պարծենում են դրանով, և աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային իրավիճակում այնպիսի դինամիկա է տեղի ունեցել, որ Իսրայելի և Ադրբեջանի շահերը գրեթե հարյուր տոկոսով համընկնում են, նպատակներն են տարբեր»,- «Դեպի ուր է գնում տարածաշրջանը. նոր զարգացումներ» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը:

Ըստ քաղաքական վերլուծաբանի՝ Իսրայելի նախագծերից մեկն է Ադրբեջանի ձեռքերով կռվել Իրանի դեմ ՀՀ-ի տարածքում: Խոսքը հարավային շրջանների մասին է:

Արևելագետ, թուրքագետ Վարուժան Գեղամյանը, ներկայացնելով հայ-թուրքական հարաբերությունների տրամաբանությունը, նշեց. «Ըստ էության նախապայմաններն անդադար են եղել: Զիջեք Կարինը, էրզրումը, լավ կլինի, զիջեցինք, խնդիրներն առաջացան Վանում, ասացին զիջեք Կարսը, լավ կլինի, ստացանք խնդիր Նախիջևանում, զիջեցինք այնտեղ, խնդիրն եկավ Արցախ, Արցախը զիջում ենք, խնդիր ստացանք Սյունիքում: Խնդիրը ոչ թե նախապայմանների կատարման կամ չկատարման մեջ է, պետք է նայենք, թե ինչի համար են դնում նախապայման: Դա անում են ոչ թե ՀՀ-ի հետ բարիդրացիական հարաբերությունների համար, այլ անում են իրենց մեծ նպատակին հասնելու համար. այն է ՀՀ-ն և Արցախի Հանրապետությունը եթե ոչ լիարժեք նվաճել, այլև իրենց ազդեցության գոտում վերցնել: Բանակ չունենալու հարց, ատոմակայանի փակում, միջանցք, այդ նախապայմանները կատարելու պայմանում հայտնվելու են նորերը: Ամեն նախապայման ավելի թուլացնելու է հայկական քաղաքական գործոնն այս տարածաշրջանում»:

Ըստ Վարուժան Գեղամյանի՝ Թուրքիան ոչ թե հակամարտության միջնորդ է, այլ հակամարտության կողմ: Այն, ինչ կատարվում է, ոչ թե հարաբերությունների կարգավորում է, այլ հակամարտության շարունակում: Ըստ նրա՝ անվանումը դրել են խաղաղության բանակցություններ, բայց այն ոչնչով չի տարբերվում ՀՀ-ի շարունակական կապիտուլյացիայից:

Հարցին՝ ի՞նչ է տեղի ունենում այսօր Վրաստանում և ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ ՀՀ-ի վրա, քաղաքական վերլուծաբան, քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ասաց. «Այն, ինչ այսօր տեղի է ունենում Վրաստանում, ՌԴ-ի և Արևմուտքի հակամարտության ուղիղ արդյունքն է: Մինչև ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելն այդ հակասությունն այդքան մեծ չէր»: Անդրադառնալով Վրաստանի իշխանություններին՝ Երվանդ Բոզոյանն ասաց. «Վրաստանում փայլուն իշխանություններ ունեն՝ բարձր որակի մարդիկ են, բարոյական քաղաքական իմաստով, իսկապես եվրոպական արժեքների կրող մարդիկ են և միաժանամակ նաև վրացի են, ինչն ուղղակի փայլուն ցուցանիշներ է տալիս: 8 միլիարդով ավելացրել են ՀՆԱ-ն: Մի սխալ գործեցին արտասահմանյան լրտեսների մասին օրենքը սխալ էր: Հաշվի չեն առել, որ 30 տարի արևմուտքն այդ հիմնադրամները հիմնադրել է Վրաստանում, ՌԴ-ում, Մոլդովայում, Ուկրաինայում, մարդիկ ապրում են, տասնյակ հազարավոր մարդիկ են, և այդ օրենքով այդ մարդկանց խանգարելով՝ քո դեմ ես հանում այդ տասնյակ հազարավոր մարդկանց: Նրանք կարող են հարյուր հազարավոր դառնալ: Ուղղակի զարմանալի էր, որ իրենք չհասկացան, որ չէր կարելի կպչել դրան: Արևմուտքի կողմից դա օգտագործվեց, և Արևմուտքն արդեն պահանջներ է առաջադրում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031