Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանին

Մարտ 15,2023 20:40

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 14-ին տեղի ունեցած ասուլիսում հնչեցրած հայտարարությունները Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին՝ պնդելով, որ Երևանը շահագրգռված չէ այդ պայմանագրի ստորագրմամբ:

«Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, քանի որ դեմ է հանդես գալիս այն կետերին, որոնք բացառում են Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները, իր ոչ կառուցողական մոտեցումը ներկայացնում է որպես «միջազգային մեխանիզմների» և «միջազգային երաշխիքների ինստիտուտի» գաղափարներ: Այն փաստը, որ հայկական կողմը վերջին անգամ անցյալ տարվա դեկտեմբերին հրաժարվեց մասնակցել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, տարբեր դրդապատճառների անվան տակ դեմ է հանդես գալիս ԵՄ միջնորդական ջանքերին, վկայում է այն մասին, որ նա պատրաստվում է շարունակել բանակցությունները խոչընդոտելու փորձը, որը վարել է մոտ 30 տարի շարունակ»,- ասել է Հաջիզադեն:

Նա նշել է, որ Փաշինյանը երեքշաբթի հայտնել է խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին, «որում հիշատակված են միայն Հայաստանի առաջարկները և հաշվի առնված չեն Ադրբեջանի առաջարկները, ինչը ևս մեկ ապացույց է, որ նրանք շահագրգռված չեն»:

«Հայաստանի այս ապակառուցողական գործողությունները պետք է կանխվեն և դատապարտվեն միջազգային հանրության կողմից»,- ասել է Հաջիզադեն:

Նա նաև «հարված բանակցային գործընթացին» է անվանել Փաշինյանի այն հայտարարությունը, որը «ամենակոպիտ ձևով աղավաղում է պատմական փաստերը»:

«Հակաադրբեջանական արշավը, որ վարում է Փաշինյանը՝ շեղվելով իր ստանձնած պարտավորություններից և տարբեր միջազգային հարթակներում իր իսկ տված խոստումներից, նրա հռետորաբանությունը, որն ի չիք է դարձնում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները և միջազգային միջնորդների ջանքերը, Հայաստանի համար ոչ մի լավ բան չեն խոստանում»,- ասել է խոսնակը:

Նա նաև անընդունելի է համարել «Հայաստանի վարչապետի հերթական փորձերը՝ ներքաշվել Ադրբեջանի Ղարաբաղ շրջանի ծագումով հայ բնակիչների հետ երկխոսության հարցին»: Ըստ խոսնակի՝ անընդունելի են նաև «Փաշինյանի սադրիչ հայտարարությունները Ադրբեջանի՝ միջազգային մակարդակով ճանաչված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, նրա կողմից այնպիսի արտահայտությունների օգտագործումը, ինչպիսիք են «Ղարաբաղի ժողովուրդ և կառավարություն»»:

«Այն, որ Հայաստան արհամարհում է Ադրբեջանի դիրքորոշումը, որի համաձայն ծագումով հայ բնակիչների վերաինտեգրման վերաբերյալ հարցերն Ադրբեջանի ներքին գործն է, և որ օտարերկրյա պետություններն այստեղ որևէ դերակատարություն չունեն, վկայում են այն մասին, որ Հայաստանը չի հրաժարվում իր ագրեսոր քաղաքականությունից, որն սկսել է մեր երկրի դեմ 90-ականների սկզբին՝ «ժողովուրդների ինքնորոշման» պատրվակի տակի,- ասել է Հաջիզադեն: -Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի մեղադրանքները, որը մինչ այժմ չի կատարել իր պարտավորությունները ու պայմանավորվածությունները՝ պնդելով, որ Ադրբեջանը սրում է իրավիճակը սահմանամերձ շրջաններում, ընդամենը քայլ է՝ թաքցնելու իր հնարավոր ռազմական սադրանքները»,- ասել է Հաջիզադեն:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031