Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կոչ ենք անում ավարտին հասցնել ցուցարարների, լրագրողների, ընդդիմադիր գործիչների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի չարաշահման դեպքերի հետաքննությունը». Եվրոպական խորհրդարանի բանաձև

Մարտ 15,2023 20:03

Եվրոպական խորհրդարանը ձայների 534 «կողմ», 10 «դեմ» և 66 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ընդունեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ զեկույցը:

Զեկույցի հեղինակն է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը: Զեկույցում բանավոր փոփոխություններ առաջարկվեցին, որոնք ընդունվեցին: Ուստի փաստաթղթում ամրագրված է, որ Ադրբեջանը դատապարտվում է Լաչինի միջանցքի շրջափակման համար, ինչպես նաև դատապարտվում է մարտի 5-ին տեղի ունեցած միջադեպը, որը հանգեցրեց զոհերի՝ վտանգի տակ դնելով խաղաղության հաստատման գործընթացը:

Զեկույցում մասնավորապես ամրագրված է. «Ադրբեջանի ռազմական գործողությունները հաջորդում են Ադրբեջանի իշխանությունների մտահոգիչ հայտարարություններին, որոնք վերաբերում են ՀՀ տարածքը՝ որպես ադրբեջանական նախնիների հող համարելուն և սպառնում են ուժ կիրառել՝ հաշվի առնելով, որ 2022 թվականի դեկտեմբերից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև քաղաքացիական երթևեկությունը Լաչինի միջանցքով արգելափակվել է, ինչը բացասաբար է ազդել տարածաշրջան սննդամթերքի և այլ անհրաժեշտ պարագաների և ծառայությունների մատակարարումների վրա»:

Բանաձևում Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքում բազմաթիվ վայրերի նկատմամբ, որը հրադադարի լրջագույն խախտում էր և հակասում էր ավելի վաղ ստանձնած պարտավորություններին, այդ թվում՝ ԵՄ միջնորդությամբ ընդունված բանակցությունների շրջանակում: Փաստաթղթում ամրագրված է. «Եվրոպական խորհրդարանը դատապարտում է 2021-ի մայիսից սկսած ռազմական ներխուժումը ՀՀ-ի՝ միջազգայնորեն ճանաչված տարածք: Վերջին՝ սեպտեմբերյան ագրեսիան ուղղակի կապ չունի Լեռնային Ղարաբաղի շուրջ տեւական հակամարտության հետ»: Այս բանաձևով Եվրոպական խորհրդարանը պահանջում է Ադրբեջանին վերացնել ցանկացած խոչընդոտ՝ Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության և անվտանգության հետ կապված:

Եվրոպական խորհրդարանն առաջարկում է նաև Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության և բոլոր վերադարձողների անվտանգության ապահովման երաշխիքի միջազգային ժամանակավոր մեխանիզմի ստեղծում:

Փաստաթղթով Եվրոպական խորհրդարանն աջակցում է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը՝ ողջունելով մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը, ներառյալ երկու երկրների միջև թռիչքների վերսկսումը:

Եվրոպական խորհրդարանի բանաձևում նաև անդրադարձ կա ՀՀ- Իրան հարաբերություններին: Մասնավորապես ԵԽ-ն դիմելով ՀՀ իշխանություններին, նշում է. «ՀՀ իշխանությունների ուշադրությունը հրավիրվում է իրանական ավտորիտար ռեժիմի հետ համագործակցության ռիսկերի վրա, որը, ի թիվս այլ հանցագործությունների և խախտումների, ռազմական տեխնիկայի մատակարարն է, որն օգտագործվում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի պատերազմում»։

Եվրոպական խորհրդարանը նաև զգուշացնում է, որ ի գիտություն են ընդունվում որոշ հասարակական կազմակերպությունների և ընդդիմության ներկայացուցիչների զեկույցները, որոնք բացահայտում են հետընթացի հնարավոր ռիսկը, գոնե որոշ ոլորտներում և կոչ է անում ՀՀ կառավարությանը տեսանելի առաջընթաց գրանցել այս ոլորտներում: Եվրոպական խորհրդարանը ՀՀ իշխանություններին կոչ է անում ավարտին հասցնել ցուցարարների, լրագրողների, ընդդիմադիր գործիչների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի չարաշահման ենթադրյալ դեպքերի բազմակողմանի հետաքննությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031