Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացնելով կառավարության ծրագրի 2022-ի կատարողականը, անդրադարձավ թմրամիջոցների վաճառքին. «Արձանագրվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 134 դեպք, որից 37-ը՝ իրացնելու, 97-ը՝ ձեռք բերելու:
Արգելափակվել է «Տելեգրամ» հավելվածում գործող 17 համացանցային խանութի գործունեություն, որոնց վարողները ձերբակալվել են»: Այս տարի հայտարարվել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի: Ղազարյանն ասաց, որ 2023-ի 2 ամիսների ընթացքում հայտնաբերվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 87 դեպք:
Կարդացեք նաև
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «44-օրյա պատերազմից հետո ոստիկանական ուժերը կարողացել են հատուկ միջոցների սահմանափակ կիրառմամբ հասարակական կարգը պահել պատ կազմելով ու հետագա զարգացումները կանխելով: Մեր կյանքից ոնց որ թե հեռացել է փշալարը: Փշալարը մեզ ուղեկցել է տարիներ շարունակ: Դա ամենակարեւոր ձեռքբերումներից մեկն է: Փշալարը մոռացել ենք: Այսօր հիշում ենք թմրամիջոցների դեմ պայքարը: Միայնակ ոստիկանական ուժերով արդյունավետություն չի լինի այդ խնդրում, ինչքան էլ հայտարարենք: Մենք վերջերս պատգամավորներով քննարկում էինք, որ վերջին հաշվով ինչքան էլ տելեգրամյան կանալով գրեն՝ այսինչ հասցեում, այսինչ քարի դա, մարդ կա դրա հետեւում, մարդուն հայտնաբերելը…
Պարզվում է մենք հնարավորություն ենք տվել մաքսակետերով ազատ ճամպրուկներով դեղեր գան Հայաստան, ո՞նց ենք վերահսկելու: Ադվիլի տուփի մեջ կարող է կրիստալ է, փոշի է լցրած, էդ ո՞նց պետք է կարողանանք դա վերահսկենք: Դեղեր են մտնում մաքսակետերով, դա անվերահսկելի է, մարդը իր բարեկամին դեղ է ուղարկում, հիվանդ է, չես էլ կարող վերահսկել»: Ըստ նրա, հայտնաբերված խախտումների ծավալը քիչ է. «Ծավալը մեծացել է, տեսականին հարստացել է, դպրոց է արդեն հասել»:
ՆԳ նախարարն ասաց, որ պետք է հասնեն նրան, որ չթողնեն թմրամիջոց մտնի Հայաստան. «Երեկ Մեղրիի մաքսակետից բռնեցինք մի քաղաքացու, չակերտները չբացենք: Մեծ խմբաքանակ է եղել, մարիխուանա եւ կրիստալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ