Մարտի 18-19-ին Երևանում կանցկացվի Move2 ArmeniaMarket–ը, որի ընթացքում կներկայացվեն տեղական փոքր արտադրողների, խոշոր բրենդների, լոկալ ու ժամանած երիտասարդ ու փորձված արտադրողների ապրանքները: Move2 ArmeniaMarket–ը կգործի քաղաքի կենտրոնում գտնվող Դիանա Աբգար զբոսայգու վերանդայում: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնեց նախաձեռնության հեղինակներից Մարիա Գոնչարովան:
Բրենդ-մենեջեր, մարկետի հիմնադիր Նաստյա Ակշովան նշեց, որ Move2 ArmeniaMarket–ի նպատակն է մեկ հարթակում համախմբել հարյուրից ավել բրենդների, հնարավորություն ստեղծել միմյանց հետ ծանոթացնելու, գործակցության եզրեր գտնելու, օգնելու տեղական և ժամանած ձեռներեցներին՝ pop-up ձևաչափով ներկայանալու լայն լսարանին: «Move2 ArmeniaMarket–ը լոկ տոնավաճառ չէ, այն քաղաքային իրադարձություն է՝ տեղական և DIY բրենդներով, որոնք պատրաստել են ամենատարբեր ապրանքներ՝ նորաձև հագուստ, սպասք, զարդեր, կոսմետիկա և այլն: Move2 ArmeniaMarket-ը տոն է Երևանի բնակիչների և հյուրերի համար՝ գեղեցիկ դեկորով, վառ մթնոլորտով, կոլորիտային երաժշտությամբ և համեղ ուտեստներով»,-ասաց Ակշովան: Մարկետի ընթացքում կկազմակերպվեն տարատեսակ խաղարկություններ, կլինեն տարբեր մրցանակներ ու նվերներ, կգործի մանկական գոտի, կմատուցվեն հաճելի անակնկալներ:
Կարդացեք նաև
Move2Armenia –ի անդամներից Գարիկ Գևորգյանը անդրադառնալով Move2Armenia–ին տեղեկացրեց, որ այն ոչ առևտրային կազմակերպություն է, որն օգնում է ադապտացվել այն մարդկանց, ովքեր տեղափոխվել Հայաստան կամ պատրաստվում են դա անել։ «Ավելի քան մեկ տարի առաջ IDeA հիմնադրամի աջակցությամբ սկսեցինք Move2Armenia նախաձեռնությունը, այն ժամանակ մեր ուղղությունը բացառապես ռեպատրիանտների և Հայաստան տեղափոխվող յուրաքանչյուրին օգնություն ցուցաբերելն ու աջակցելն էր, նպատակն էր ստեղծել մի հարթակ, որը կօգնի, կաջակցի Հայաստան տեղափոխվող յուրաքանչյուր մարդու:
Մի քանի ամիս հետո, մեր ուղղությունը փոխվեց, պայմանավորված Ռուսաստանից Հայաստան տեղափոխվողների մեծ հոսքով, բայց նպատակը մնաց անփոփոխ՝ օգնել, աջակցել Հայաստան տեղափոխվողներին: Մի տարում մենք բազմաթիվ միջոցառումներ, տոնավաճառներ ենք կազմակերպել մոտ 1000 հոգի մեր միջոցով աշխատանքի է տեղավորվել, մատուցվել է իրավաբանական, խորհրդատվական ծառայություններ: Մեզ ասոցացնում են ռելոկանտների կազմակերպության հետ, պետք է ասեմ, որ Move2Armenia–ն կազմակերպություն է ռելոկանտների, ռեպատրիանտների ու տեղացիների համար»,- ասաց Գևորգյանը:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ