Լրահոս
Օրվա լրահոսը

«Կլինեն նոր բացահայտումներ, ու գուցե 100 միլիարդից ավելի ստվերային շրջանառություն դուրս բերվի»․ ՊԵԿ նախագահ

Մարտ 15,2023 18:20

«Երեւի թե ամեն օր որեւէ տեսանյութ կամ նկար են ուղարկում թմրանյութերի հայտնաբերման։ Հիմա հստակ թիվ չեմ հիշի, բայց «կրիստալ» տեսակի թմրանյութերի հայտնաբերումները 2021թ․-ի համեմատ նախորդ տարում ավելացել են։ Դա շատ է անհանգստացնում։ Դեպք կա, որ փորձ է արվել անցկացնել սահմանային անցակետերով կամ դրանք շրջանցելով։ Հաճախ նաեւ փոստային առաքանիների մեջ է հայտնվում։ Մի շարք նախաձեռնություններ ունենք դրա համար»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նրա խոսքով՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը շատ երկրներում է ակտիվացել․ «Նոր հայտնված եւ ավելի վտանգավոր տեսակի թմրանյութեր կան, որոնք դեռ ՀՀ չեն հասել։ Մենք մշտական մոնիթորինգ ենք անում, որպեսզի նման դեպքեր չլինեն»։

Անդրադառնալով «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում չարաշահումներին վերաբերող քրեական վարույթին՝ Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ բացահայտված միակ դեպքը չէ․ «Առաջիկայում կլինեն բացահայտումներ։ Հետեւեք մեր լրահոսին, անպայման հրապարակելու ենք։ Առգրավված սերվերներից, մեր նախնական դիտարկումներով, տասնյակ միլիարդներով ենք հաշվում ստվերային շրջանառությունը։ Ոչ միայն «Նոր Զովք»-ինը։ Բազմաթիվ են տնտեսվարողները։ Չի բացառվում, որ հարյուր միլիարդ եւ ավելի ստվերային շրջանառություն դուրս բերվի։ Տնտեսվարողներին հորդորում եմ՝ եթե կարող են ենթադրել, որ մենք տիրապետում ենք այդ տեղեկատվությանը, պետք է ներկայացնել ճշտված հաշվարկներ, տույժերով հանդերձ սկսել վճարումներ կատարել, որպեսզի տհաճ հետեւանքներ չունենան օրենքի շրջանակում»։

Հորդորը, Ռուստամ Բադասյանի խոսքով, վերաբերում է այլ ոլորտների տնտեսվարողներին, որոնք գուցե այլ մեթոդներով են իրենց համար ստվերային շրջանառություն ապահովում․ «Այս պահից սկսած պետք է աշխատեն իրենց հաշվապահների հետ եւ արդյունքները ներկայացնեն ՊԵԿ-ին»։

Ռուստամ Բադասյանը, արձագանքելով հարցին, թե ձերբակալումն ինչո՞ւ միայն «Նոր Զովք»-ին վերաբերեց, նշեց․ «Դա քննիչն է որոշում։ Տեղեկատվությունն ի սկզբանե եղել է այդտեղ, հետո՝ ընդլայնվել։ Խոսքը ոչ միայն սուպերմարկետների մասին է։ Շինարարական ընկերություններին եւս վերաբերում է։ Մեր քաղաքական թիմի թիրախում ոչ մի բիզնես չկա։ ՊԵԿ-ն օրենքի շրջանակում է գործում, իսկ հետեւանքները նախատեսված են օրենսդրությամբ»։

Հարցին՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում հայտնաբերվե՞լ են չարաշահումներ, Ռուստամ Բադասյանը պատասխանեց․ «Հունվարի մեկից մենք մեր բոլոր գործողությունների արդյունքները հրապարակում ենք։ Կոնկրետ այդ դեպքում ցանկերում կարող եք գտնել՝ տուգանվե՞լ են, թե ոչ, եւ ի՞նչ խախտում անելու համար են տուգանվել։ Մեր համար տարբերություն չկա, թե որ տնտեսվարող սուբյեկտն է կիրառել սեւ հաշվապահությունը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031