Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն է Ողջի գետում ձկների անկման պատճառը (ֆոտոշարք, տեսանյութ)

Մարտ 15,2023 18:12

Մարտի 14-ի կեսօրին մոտ, կապանցիները Ողջի գետում նկատեցին անկած ձկներ։ Aravot.am-ի զրուցակիցները նշեցին, որ նաեւ շրջակայքում գարշահոտություն է տարածվել։ Այսօր՝ ձկների անկում եւս արձանագրվել է եւ փրկարար ծառայության աշխատակիցները գետից հանում էին ձկներին։ Կապանի թիվ 3 դպրոցի 8-րդ «գ» դասարանի աշակերտները հետազոտում էին առկա իրավիճակը եւ մեզ են տրամադրել տեսանյութ։

Պարզաբանումների համար դիմեցինք բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի պետ Արտակ Սահակյանին։ Վերջինիս խոսքով, ձկների անկումը նկատվել է Կապանի թիվ 3 դպրոցի մոտակայքից մինչեւ Դավիթբեկի արձանն ընկած հատվածում՝ մոտ 1 կմ շառավղով։

«Փրկարար ծառայության աշխատակիցների օգնությամբ անկած ձկները հանել ենք գետից, նախ՝ որ հաշվարկենք բնության հասցրած վնասը, հետո էլ՝ որպեսզի թունավորված ձկները չմնան ջրում եւ աղտոտեն ջուրը»,-ասաց Արտակ Սահակյանը։

Անկած ձկներից եւ գետի ջրից նմուշարկում է վերցվել եւ ուղարկվել փորձաքննության։ Միայն այդ ժամանակ պարզ կլինի ձկների անկման պատճառը։ Արտակ Սահակյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում բացառեց, որ միջադեպը կապված լինի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հոսքերի հետ։ «Նախ՝ կոմբինատն այս պահին արտադրողականության 20 տոկոսի չափով է աշխատում, հետո նորից եմ ասում՝ ձկների անկումը նկատվել է Կապան քաղաքի տարածքում՝ 1 կմ շառավղով։ Եթե կոմբինատից արտահոսք լիներ, ապա անկումը կլիներ գետի ողջ երկայնքով, այլ ոչ թե մի հատվածում»,-ասաց Արտակ Սահակյանը։

Մեր այն դիտարկմանը՝ արդյոք հնարավո՞ր է անկումը կապված լինի ջրմուղ-կոյուղու վթարների հետ ու Ողջի գետին ջրերին քլորաջուր խառնված լիներ՝ ոլորտի պատասխանատուն ասաց․ «Չի բացառվում։ Այս սեզոնին Ողջի գետի ջուրը նորմայից 10 անգամ քիչ է։ Ենթադրենք 500 լիտր ջուր կա գետում եւ 100 լիտր քլորաջրի խառնվելը ուղիղ ազդեցություն կունենա ձկների վրա։ Իսկ եթե 10 հազար լիտր ջուր լինի, ապա 100 լիտր քլորաջուրը չի կարող ազդեցություն ունենալ։ Եկեք սպասենք փորձաքննության արդյունքներին, որպեսզի ջրի քիմիական ու ֆիզիկական բաղադրությունները հասկանանք ու անպայման եզրակացության մասին կծանուցենք»։

Ինչ վերաբերում է գարշահոտությանը, ապա դա եւս երկու պատճառ կարող է ունենալ; «Առաջինը՝ կոյուղաջրերը խառնված լինեն գետի ջրին եւ երկրորդ՝ քանի որ ջուրը քիչ է, գետում առկա տիղմի հոտը կարող է լինել, որովհետեւ ճահճացում կա։ Ստիպված եմ կրկնել՝ սպասենք փորձաքննության արդյունքներին»,-իր խոսքն եզրափակեց Արտակ Սահակյանը։

Մինչեւ փորձաքննությունների պաշտոնական պատասխանների ստացումը, Կապանի թիվ 3 դպրոցի 8-րդ «գ» դասարանի աշակերտները Ողջի գետից ջրի փորձանմուշ են վերցրել։ Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց քիմիայի ուսուցչուհի Վարդուհի Օհանջանյանը, նրանք պատրաստվում եմ մարտի 22-ին՝ Ջրի համաշխարհային օրվա միջոցառումներին։ « Այսօր առավոտյան ենք նմուշը վերցրել՝ որոշելու գետի ջրի միջավայրը՝ թթվային միջավա՞յր է, չեզո՞ք, թե՞ հիմնային։ Շատ թույլ թթվային է՝ PH =6 , այսինքն` վտանգավոր չէ այդ պահի դրությամբ, քանի որ գետի աերացիան (թթվածնի հարստացումն) արագ է կատարվում: Լեռնային գետի լինելու պատճառով` շատ արագ փոխվում է միջավայրը մինչեւ չեզոք միջավայրի, `այսինքն` այս պահին շրջակա միջավայրի եւ ձկների համար անվտանգ է»,-ասաց Վարդուհի Օհանջանյանը։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031