Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում ենք Եվրոպայի հետ մերձենալ, բայց ամենևին դա չի նշանակում, որ պետք է ոչնչացնել գոյություն ունեցող անվտանգային համակարգը՝ ՀԱՊԿ-ը». Արա Սահակյան

Մարտ 15,2023 17:35

«Իշխողներն իրենց շրջանակում ելնում են նրանից, որ մենք պարտված ենք և այն, ինչ անում ենք, նոր կորուստներից մեզ ազատելն է: Սա մեզ ամենաարագ ձևով մոտեցնում է նոր աղետների»,- «Դեպի ուր է գնում տարածաշրջանը. նոր զարգացումներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց դիվանագետ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը:

Նա փաստեց՝ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում նվազել է ու այս համատեքստում դիտարկելով ՀՀ իշխանությունների վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ, նշեց. «Այս իշխանության վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ նաև իր խորքում ստորության և երախտամոռության երանգ ունի. օգտվել ռազմավարական գործընկերոջ, գոնե երկու դար համատեղությամբ, բարեկամաբար ապրող պետության նեղ վիճակից: Չգիտես՝ անգրագիտություն, հատուկ հանձնարարություն, թե կենսափորձի պակաս կամ բոլորը միասին դիտարկել սրա պատճառը»:

Խոսելով Ռուսաստանից սպասելիքների մասին՝ Արա Սահակյանն ասաց. «Երբեմն ես ինձ բռնացնում եմ նրա վրա, որ ինքս էլ, ունենալով այս մեծ սպասելիքները Ռուսաստանից, ակամա ընդունում եմ, որ մենք պետք է ՌԴ-ի հետ նույն պետության կազմում լինենք: Որովհետև այն ամենը, ինչ ուզում ենք ՌԴ-ից, կարող ենք ուզել, եթե նույն պետության կազմում ենք: Բայց տարբեր պետություններ ենք, ունենք դաշնակցային հարաբերություններ: Թուրքիան և ՌԴ-ն նրբորեն իրականացրին անհամաձայնությունները համաձայնեցնելու ուղեգիծը: Այսօր ՌԴ-ն Թուրքիայից կարողացել է պոկել այսպիսի դիրքորոշում. Թուրքիան պրոուկրաինական դիրքորոշում ունի, բայց ընդգծված հակառուսական դիրքորոշում չունի»:

Անդրադառնալով ՀՀ-ի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը՝ նա ասաց. «Մենք ուզում ենք Եվրոպայի հետ մերձենալ, բայց ամենևին դա չի նշանակում, որ դու պետք է ոչնչացնես գոյություն ունեցող անվտանգային համակարգը՝ ՀԱՊԿ-ը: Մենք ՌԴ-ի հետ կարող ենք գնալ այն ճանապարհով, որ մենք ՀԱՊԿ-ից չենք պահանջում դատապարտող բանաձև, բայց մենք ձեզնից պահանջում ենք ռազմական աջակցություն: Եվրոպայի հետ աշխատելիս մենք փորձում ենք ինչ-ինչ ինստիտուցիոնալ բարեփոխումների, նաև սպասվող ներդրումների հարցում համագործակցել ձեզ հետ, բայց դուք մեր առաջ մի դրեք ՌԴ-ի հետ կապերը խզելու պայման: Քանի դեռ իրենք իշխանության են, ինչքան էլ դնենք իշխանափոխության պահանջ, պետք է մեր խոսքը հղենք նրանց: Օրինակ՝ շատ չվստահել խաղաղության այն պայմանագրին, որը ՀՀ-ին պարտադրվում է բոլոր կողմերից»:

Ռուս-թուրքական հարաբերությունների մասին էլ դիվանագետն ասաց. «Թուրքերը հմտորեն զբաղված են՝ ռուսական նավթը վերամշակելով և աշխարհին վաճառելով: Արդեն երկու միլիարդ դոլարի շահույթ ունեն: ԱՄՆ է արտահանվում ռուսական նավթի վերամշակումից առաջացած ավիոկերոսին: 2021-2022 տվյալներով՝ 24 հազար տոննայից արտահանումը հիսուն անգամ ավելացել է: Թուրքիան կարողանում է մեզ ցույց տալիս, թե ինչպես պետք է պետություն ստեղծել, կառուցել և ամրապնդել: Ավելի մեծ օգուտ նրանք մեզ չէին կարող տալ: Նույնն անում է նաև Ադրբեջանը: Գրեթե ամենօրյա ռեժիմով Ադրբեջանում հարավկովկասյան քննարկումներ են կատարում: Նրանք խոսում են այն մասին, որ մեր առաջնորդը՝ Ալիևն իր օգնության ձեռքն է մեկնում Հայաստանին: Այստեղ պետք է կարողանալ պաշտպանական լուրջ շերտեր ստեղծել, որ կորուստների շղթան կտրվի»:

Ըստ Արա Սահակյանի՝ Իրանը մեզ համար չի կարող լինել անվտանգության երաշխավոր: Նրա խնդիրն իր անվտանգությունը պահպանելն է:

Ամփոփելով Արա Սահակյանն ասաց. «Կարծում եմ՝ չպետք է հակադրել անվտանգության համակարգերն իրար, այլ փոխլրացման սկզբունքով դրանք պետք է առաջ տանել և լինել շատ ճկուն: Հակառակ դեպքում Հարավային Կովկասը կմնա իր տեղում, բայց Հայաստանը չի լինի իր անկախ պետական համակարգով: ՌԴ-ի և Թուրքիայի միջև այս սահմանագիծը Հայաստանի վրայով կգծվի: Մի մասը կմնա ապագա միացյալ կամ ավելի մեծ վրացական պետության տարածքում, մյուսը՝ միացյալ թուրք-ադրբեջանական տարածքում: Պիտի կարողանանք այս վերջին կտորը, որ ժառանգել են մեզ Առաջին Հանրապետության ժառանգորդները, պաշտպանենք»:

Արա Սահակյանի համոզմամբ՝ իրավիճակն այնքան էլ ողբերգական չէ: Նրա համոզմամբ՝ դաշնակիցների հետ պետք է աշխատել գրագետ, խելացի, երբեք նրանց չվանել, փորձել հասկանալ նրանց շահը և նրանց հետ դաշնակցային հարաբերություններում առաջ տանել մեր շահը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031