Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Փոխանակ հասարակական պարսավանքի ենթարկեք, ասում եք՝ դավաճաններին թաքուն պահեք, մեր դավաճանները պուպո՞ւշ են». Պապիկյանը՝ Աննա Գրիգորյանին

Մարտ 15,2023 17:27

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց կառավարության ծրագրի 2022-ի կատարողականը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հարցրեց. «Փաստ է, որ պատերազմից հետո մեր առաջնագիծն ամբողջությամբ կահավորված չէ: Դրա դրսեւորումը նաեւ հանրային դաշտում է երեւում եւ Ազատ գյուղում տեղի ունեցածը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ մենք իսկապես շատ բարդ իրավիճակում ենք գտնվում: Չի բացատրվել, թե ինչպես եղավ, որ 18 տղաներ հայտնվել են այդ տնակում, խցում: Ուզում եմ հասկանալ՝ որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ, որ կահավորանքը հավուր պատշաճի ապահովվի: Երկրորդ հարցը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ էսկալացիայի վտանգը շատ մեծ է: Դա ի՞նչ է նշանակում, այսօր մամուլում լուրեր տարածվեցին, որ Ջերմուկում կուտակումներ կան, դա հաստատեք կամ հերքեք»:

Պապիկյանը պատասխանեց, որ առաջնագծում ամեն ինչ այնպես չէ, ինչպիսին կուզեին լիներ, բայց ամեն ինչ արվում է, որ առաջնագիծը օր առաջ լինի ամուր. «Առաջնագիծը իդեալական չի, այդ թվում նաեւ սեպտեմբերյան դեպքերից հետո նոր առաջնագիծը ամբողջական կահավորման կարիք ունի: Խոսքը վերաբերում է նաեւ թիկունքային որոշակի ենթակառուցվածքների մասին»:

Աննա Գրիգորյանը նաեւ հարցրեց պատերազմի պարտության պատճառի՝ 5-րդ շարասյան մասին վարչապետի հայտարարության հետ կապված. «Պարզվում է՝ պատերազմում պարտվել է ՀՀ-ն, որովհետեւ ոչ թե զենք չենք ունեցել, ոչ թե ռազմական ներուժ չենք ունեցել, կամ մարդկային ռեսուրսի խնդիր ենք ունեցել, այլ բոլորը 5-րդ շարասյան ներկայացուցիչ են եղել: Երբ խոսում եք բանակում բարոյահոգեբանական մթնոլորտի մասին, չե՞ք կարծում, որ ամենաշատն է վնասում հենց բանակում մթնոլորտի կայուն պահպանման մասին: Բա նման հայտարարություններից հետո ո՞վ կարող է գալ եւ ծառայել բանակում»:

Պապիկյանը պատասխանեց. «Նախ, բոլորը 5-րդ շարասյուն են արտահայտությունը վատ արտահայտություն է: Ոչ մեկ բոլորի մասին չի խոսել, խոսել են այն մարդկանց մասին, ովքեր այդ դերակատարումը ստանձնել են ու կապ չունի որտեղ քաղաքացիական կյանքում, այդ թվում ԱԺ-ում գուցե: Ես չեմ գնա դրա էմոցիոնալ հատվածին, մենք պիտի իրականության հետ վերջապես առերեսվելու կամք ունենանք: Խոսքը հայոց պետականության մասին է, բանակը դրա կարեւորագույն բաղկացուցիչն է: Եթե բանակում կան խնդիրներ ու արատավոր երեւույթներ ու ընդդիմությունը կարող է դրա մասին ամեն օր խոսել, մամուլում կարող են խոսել ՊՆ-ում տեղի ունեցած վատ ելույթների մասին, ամեն օր դա լրահոս դարձնել, դա նրանից է, որ պահանջը կամ գուցե պատվերը դրա մասին է, որովհետեւ դա թուլացնում է մեր պետականության կենսունակությունը: Ովքեր ծառայում են դրան, 5-րդ շարասյուն մեղմ է, դա ավելի շատ դավաճանություն է: Եթե դավաճան է մարդը, դավաճանի մասին չխոսե՞նք: Փոխանակ հասարակական պարսավանքի ենթարկեք, ասում եք՝ դավաճաններին թաքուն պահեք, մեր դավաճանները պուպո՞ւշ են: Ոչ, պիտի հրապարակայնացվի, բանակում 5-րդ շարասյունը անելիք չունի»:

Հանձնաժողովի նիստի մի հատվածը դռնփակ անցկացվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031