Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Մի՛ հուզվեք, թող հուզվի նա, ով 5-րդ շարասյան հետ կապ ունի». Արփի Դավոյանը՝ ընդդիմադիրներին

Մարտ 15,2023 17:07

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում կառավարության ծրագրի 2022-ի կատարողականի քննարկման ժամանակ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ պետք է արմատախիլ արվի ԶՈՒ-ումու ցանկացած ոլորտում դավաճանական ցանկացած երեւույթ՝ թշնամու հետ համագործակցողը դավաճան է, Արցախն ուրացողը՝ եւս. «Խնդիրը մեր անվտանգային համակարգը ամրացնելը չի, հակահետախուզությունը չի, խնդիրը առանց վերջնական դատավճռի՝ հասարակությանը այդ տեղեկատվությամբ թեւաթափ անելու, ԶՈՒ-ի նկատմամբ անվստահության հարցն է»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն իր ելույթում ասաց. «Անզեն աչքով կարելի է տեսնել, թե Ադրբեջանն ինչպես է մեր սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքներ իրականացնում եւ դա է մտահոգիչ, որ այն ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը նման ֆորտիֆիկացիաներ կառուցում մեր երկրի տարածքում, մենք խոսում ենք խրամատների մասին: Այո, սրա մասին պարտադիր պետք է ընդդիմությունը խոսա ու որեւէ նեղսրտություն չպետք է լինի: Այդ խնդիրը կա ու պետք է լուծվի: Դավաճաններին, իմ կարծիքով, նույնիսկ սահմանադրությամբ չամրագրված ձեւերով պիտի պատժել, բայց անթույլատրելի է բանակը դարձնել կամ ձեւակերպել՝ որպես դավաճանների որջ: Այդ բոլոր լրտեսներից քանիսի՞ մասով կան վերջնական տվյալներ»: Ըստ նրա, ակնհայտ է, որ գերությունից վերադարձածների մասով կա ռիսկ, որ կարող են լինել լրտես, այդ ռիսկը ինչո՞ւ չէր գնահատվել, որ նրանց նորից ինտեգրել են ԶՈՒ-ում:

ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը արձագանքեց. «Ես ուզում եմ դավաճանության մի տարբերակի մասին խոսել՝ լինում են դեպքեր, երբ մարդիկ ինչ-որ քաղաքական թիմի հետ ուզում են ճանապարհ անցնել, հետո ինչ-որ իրավիճակում այդ քաղաքական թիմից դուրս են գալիս ու սկսում են այդ թիմին հայհոյել: Ես կարծում եմ, դա էլ է դավաճանության տեսակ ու դրա մասին էլ պիտի խոսել: Անդրադառնամ 5-րդ շարասյանը: Աննա Գրիգորյանն ասում է՝ դավաճանության պատճառով բանակը գրավիչ չի դառնում: Սեպտեմբերի 14-ին պատգամավորները ԱԺ-ի դարպասների մոտ ողջունում էին, որ ԱԺ դարպասները մարդիկ ջարդեին: Բանակը թուլացնում են բոլոր նմանատիպ գործողությունները»:

Ընդդիմադիրները սկսեցին հակադարձել: Դավոյանն ասաց. «Զանգեզուրի միջանցքի մասին որտեղի՞ց է եկել, դրա մասին կխոսե՞ք, դա 5-րդ շարասյո՞ւն է, թե՞ 5-րդ շարասյուն չի: Երբ ասում են՝ վարչապետը բանավոր խոստացել է, դա 5-րդ շարասյուն չի՞: Կգաք ինչ-որ վեհ գաղափարներից կխոսաք ու կասեք՝ ինչո՞ւ են հղում կատարում 5-րդ շարասյանը: Մի՛ հուզվեք, թող հուզվի նա, ով 5-րդ շարասյան հետ կապ ունի»:

Գեղամ Մանուկյանը սկսեց արձագանքել, Դավոյանը սկսեց վիճել. «Պարոն Մանուկյան, հիմա դուք հուզվեցիք, մի՛ հուզվեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031