Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը ներկայացնում է նաև երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններ

Մարտ 15,2023 16:42

Մարտի 16-ին տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնի բացման համերգը, որի ընթացքում ունկնդիրը հնարավորություն կունենա վայելելու Հարություն Դելլալյանի «Մահ» սիմֆոնիկ պոեմը, Նորայր Հարությունյանի Կոնցերտինոն դաշնամուրի և նվագախմբի համար և Ժիրայր Շահրիմանյանի Առաջին սիմֆոնիան։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ռեմի Դյուրուն։

Երիտասարդ կոմպոզիտոր Նորայր Հարությունյանը (լուսանկարում) նկատում է, որ Հայաստանում առաջին անգամ է հնչելու իր սիմֆոնիկ ստեղծագործությունը։ Սա նաև առաջին համագործակցությունն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Նորայր Հարությունյանի երեք սիմֆոնիաները ձայնագրվել են Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ կապելլայի հետ՝ դիրիժոր, ՌԴ ժողովրդական արտիստ Վալերի Պոլյանսկիի ղեկավարությամբ, որոնց ձայնագրությունները տեղադրված են տարբեր հարթակներում։ Հեղինակը նկատում է, որ հայրենիքում իր սիմֆոնիկ ստեղծագործության կատարումն իր երազանքն էր, ինչն իրականություն է դառնում Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնի շրջանակում։

Կոմպոզիտորը, խոսելով Կոնցերտինոյի խորհրդի մասին, նշում է, որ այն գրել է պատանի տարիքում, երբ շատ ոգեշնչված էր կյանքով և երազում էր ստեղծել ու ձայնագրել մի գործ, որտեղ արտացոլված կլիներ իր այդ ոգեշնչվածությունը։ Նա կարծում էր, որ երջանիկ հույզերը երաժշտության տեսքով ձայնագրելով ու պահպանելով՝ հետագայում լսելիս կարելի էր վերապրել երջանիկ պահերը։

Կոնցերտինոն, ըստ Նորայր Հարությունյանի, մեղեդու միջոցով ունկնդրին տեղափոխում է տարբեր աշխարհներ։ Երաժշտությունը գրված է հեղինակի ստեղծած օտար բասերի համակարգով։ Երիտասարդ կոմպոզիտորը նշում է, որ ցանկանում էր կենսուրախ երաժշտական լեզու ստանալ, որպեսզի նկարագրի գեղեցիկ կյանքը։ Եվ ընտրելով ջազի ամենապայծառ ակորդը, որը ըստ մեր զրուցակցի՝ ռե բասով դո մաժորն է, մի ամբողջ համակարգ է հավաքել այդ ակորդի շուրջ։ Այն, ինչ ստեղծվեց, երաժշտասերները կարող են ունկնդրել մարտի 16-ին՝ փառատոնի բացման համերգի ընթացքում։ Հեղինակն ինքը կարծում է, որ այս նոր համակարգով շատ դրական ու կենսուրախ երաժշտություն են ստանում։

Նորայր Հարությունյանն իր երախտագիտությունն է հայտնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին և դաշնակահարուհի Լիլիթ Արտեմյանին, որոնց կատարմամբ էլ հնչելու է իր ստեղծագործությունը։

Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նպատակը հայ դասական և արդի կոմպոզիտորական դպրոցի, ավանդույթների պահպանումն է։ Փառատոնը հնարավորություն է ստեղծում մեծանուն կոմպոզիտորների երաժշտական ժառանգության կողքին ներկայացնելու նաև երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Փառատոնի կարևորագույն բաղադրիչներից է հայ հեղինակների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, պարտիտուրների, նվագաբաժինների թվայնացումն ու պահպանումը:

Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

 

Գայանե ԱԶԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031