Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե ինչ-որ մեկն ակնկալում է, որ ես պետք է գնամ կանգնեմ նրա կողքը եւ օգնեմ Արցախը հանձնել՝ կներեք, չեմ կարող». Հայկ Մամիջանյան

Մարտ 15,2023 16:38

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը սուտ է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ասուլիսում արած այն պնդումը, որ Ադրբեջանի հետ բանակցություններ էին գնում Բաքու-Ստեփանակերտ ձեւաչափով հանդիպումների մասին եւ հանկարծ Ադրբեջանը սկսեց խոսել ինտեգրացիայի մասին, քանի որ 2020 թվականի նոյեմբերից սկսած՝ Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների, այդ թվում նախագահի կողմից խոսվել է ինտեգրացիայի մասին ու այդ էր պատճառը, որ հայաստանյան ընդդիմությունը դեմ էր Բաքու-Ստեփանակերտ բանակցային գործընթացին, քանի որ դա նշանակում էր՝ Հայաստանը ձեռքերը լվանում է Արցախից:

Այսօր կայացած մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին էլ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախի անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է, Հայկ Մամիջանյանը հիշեցնում է՝ Հայաստանի՝ Արցախի անվտանգության երաշխավոր լինելու մասին փաստարկում արված է Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրում ու իր ասուլիսում, Նիկոլ Փաշինյանը պետք է հայտարարեր, որ իր կառավարության ծրագիրը գոնե այդ մասով, ձախողել է:

Հայկ Մամիջանյանը նաեւ հարցեր ունի Նիկոլ Փաշինյանին՝ եթե Արցախի անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է, ինչո՞ւ ես դու ամենօրյա ռեժիմով վատթարացնում հայ-ռուսական հարաբերությունները, որոնք այսօր, իր կարծիքով, հասել են պատմական նվազագույնի եւ ինչո՞ւ է Արցախի հարցի կարգավորման այնպիսի ձեւաչափ ընտրվում, որտեղ ՌԴ-ն ներկայացված չէ: Պատգամավորը նաեւ հիշեցնում է, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեցին Արցախի հարցի կարգավորման ՌԴ-ի առաջարկած սկզբունքից, ըստ որի՝ Արցախի կարգավիճակի հարցն առաջիկային է թողնվում: Այս իրողությունները, ըստ պատգամավորի, հակասում են ՌԴ-ի՝ Արցախի անվտանգության երաշխավոր լինելու մասին Նիկոլ Փաշինյանի պնդումներին:

Ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսն, ըստ ընդդիմադիր գործչի երեք ուղերձ ուներ. «Եկել էր վերջնականապես ասելու, որ իմ վրա հույս չդնեք, ավելի լայն բացեց օվերտոնի պատուհանը, որը արդեն բացված է եւ եկել էր առաջ տաներ այն թեզը, որը այսօր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը թելեց՝ Փաշինյանն ի՞նչ մեղք ունի պատերազմի պարտության մեջ, 5-րդ շարասյունն է մեղավոր»:

Հարց հնչեց՝ իր պաշտոնավարման տարիներին ե՞րբ է Սերժ Սարգսյանը հայտարարել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, որ ընդդիմությունը ցանկանում է այդ արտահայտությունը լսել Նիկոլ Փաշինյանից:

Պատասխանը եղավ՝ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում մի քանի անգամ, այդ թվում՝ նաեւ միջազգային ամբիոններից է հայտարարել, ԵԽԽՎ-ում հաստատ ասել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Նա հորդորեց հետեւել հարցի բանակցային հետագծին, որտեղ դա կարմիր գիծ էր: Հայկ Մամիջանյանը նաեւ հիշեցրեց՝ ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի նախագահները Փաշինյանին մի քանի անգամ ասել են, որ Ադրբեջանն ընդունում է կամ համակերպվել է, հասկանում է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Լրագրողի դիտարկմանը՝ ինչո՞ւ ընդդիմությունը չի փորձում կանգնել Նիկոլ Փաշինյանի կողքը եւ օգնել նրան՝ հարցը ճիշտ ուղով տանելու, Հայկ Մամիջանյանը պատասխանեց, որ միակ ճիշտ բանը, ինչ երեկ ասեց Նիկոլ Փաշինյանը, դա այն է, որ Հայաստանն ու Արցախն իրապես գտնվում են Ադրբեջանի ռազմական նոր ագրեսիայի շատ բարձր վտանգի առջեւ. «Իսկ չարժե՞ վիժեցնել այն գործընթացը, որի արդյունքում Արցախը հանձնվում է Ադրբեջանին: Եթե ինչ-որ մեկն ակնկալում է, որ ես պետք է գնամ կանգնեմ նրա կողքը եւ օգնեմ Արցախը հանձնել՝ կներեք, չեմ կարող»:

Ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլեր է նախատեսում ընդդիմությունը, Հայկ Մամիջանյանն ասաց, որ այս հարցին խոսքերով պատասխանելն արժեք չունի, այստեղ էական են գործերը, իսկ ՀՀԿ-ն միշտ պատրաստ է եղել, այժմ էլ պատրաստ է մասնակցել ցանկացած ընդդիմադիր գործընթացի, պատրաստ են մասնակցել: ՀՀԿ-ի առաջնային նպատակն է իշխանափոխությունը եւ ընդդիմադիր պատգամավորը համոզված է, որ եթե բոլորը՝ միասնաբար եւ իրապես ձգտեն իշխանափոխության, գործը գլուխ կգա: Հայկ Մամիջանյանը հիշեցնում է, որ ինքն ու իր գործընկերները մասնակցել են անգամ հանրահավաքների, որտեղ հարթակից իրենց են փնովել, այսօր էլ պատրաստ են այն ընդդիմադիր ուժերի հետ, որոնք ՀՀԿ-ին փնովելով են քաղաքական դիվիդենտներ հավաքում, պատրաստ են դուրս գալ փողոց, եթե գործընթացն իրապես ընդդիմադիր լինի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031