Երեւանի ավագանու այսօրվա նիստում կրքերը մի փոքր բորբոքվեցին, «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը վրդովվեց։ Նիստում իր ելույթում Անի Խաչատրյանը մեղադրեց «Իմ քայլը» խմբակցությանը, նրանց անվանելով՝ «ռուսի ստրուկ», եւ քննադատեց, թե ինչո՞ւ խմբակցությունը չի արձագանքում որոշ դպրոցների տնօրենների՝ Հայաստանում ՌԴ դեսպանի հետ հանդիպմանն ու աշխատանքային խումբ ստեղծելու մասին հայտարարությանը։
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այս առնչությամբ ասաց, որ աշխատանքային խումբ եթե ստեղծվում է, ապա դա քաղաքապետի որոշմամբ պետք է լինի, իսկ ինքը նման որոշում չի ստորագրել։
Ապա «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն, ի պատասխան Խաչատրյանի ելույթի, ասաց ՝ կա օրակարգ, որը քննարկում ենք եւ ունենք հատուկ բաժին, որպեսզի օրակարգից դուրս ելույթներ լինեն, դրա շրջանակներում մենք կաշկանդված չենք ձեր նշած հարցերի վերաբերյալ խոսել, քննարկել․․․
«Բայց դուք ո՞վ եք, պարոն Գալջյան, որ․․․ դու ո՞վ ես, դուք ո՞վ եք, որ իմ ելույթը քննարկեք, դուք էդ իրավունքը չունեք։ Դուք էն հարցին պատասխանեք, թե խի՞ եք ռուսական ստրուկի կարգավիճակում բերաններդ ջուր առել, ոչ թե ձեր լիազորությունները գերազանցելով ինձ պատասխանեք, դուք դրա իրավունքը չունեք ո՛չ օրենքով, ո՛չ բարոյապես»,-վրդովված ասաց Խաչատրյանը։
Կարդացեք նաև
Ապա Գալջյանն արձագանքեց՝ մենք իրար վեց տարի ճանաչում ենք, գիտեք՝ ով ենք, պետք չէ տենց տեքստեր ասել․ «Մենք որեւէ թեմայից կաշկանդված չենք խոսելու, եթե ուզում եք քննարկումներ անել, պատրաստ ենք»։
«Դուք ընդամենը պատասխանեցիք նրան, որ դուք անլեզու, բերաններդ ջուր առած թիմ եք»,-ասաց Անի Խաչատրյանը։
«Իմ քայլից» առաջարկ եղավ՝ եթե չկա էթիկայի հանձնաժողով, ապա պետք է հրատապ ստեղծել, որպեսզի նման բաներ թույլ չտրվի։
«Ես միշտ խոսում եմ, հարցե՞ր։ Ինչ ուզում, երբ ուզում՝ խոսում եմ, ինչ ուզում եմ»,-անմիջապես արձագանքեց Խաչատրյանն՝ ընդհատելով էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկ անողին։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ