Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինչքա՞ն կարելի է ռուսի ստրուկ լինել․ «Հանրապետություն» կուսակցությունը շնչելու է ձեր թիկունքում»․ Անի Խաչատրյանը՝ իմքայլականներին

Մարտ 15,2023 15:50

«Ինչի մասին պետք է խոսեմ, Հայաստանի Հանրապետությանն է վերաբերում ու ձեր բերանները ջուր առած նստած վիճակին»,-այսօր Երեւանի ավագանու նիստում իր ելույթում դիմելով ավագանու «Իմ քայլը» խմբակցությանն՝ ասաց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։

«Այսօր փաստացի Լաչինի միջանցքը Ռուսաստանի Դաշնությունը փակել է Ադրբեջանի հետ միասին, 120 հազար հայ պատանդի վիճակում է։ Սեպտեմբերյան ներխուժումից առաջ ռուս զինվորականները լքել էին իրենց դիրքերը։ Հայաստանում ՌԴ դեսպանը հրաժարվեց ճանաչել ՀՀ սուվերեն տարածքը։ Երեկ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը լքում է Հայաստանի Հանրապետությունը, եւ այդ ֆոնին մի քանի օր առաջ Երեւանի որոշ դպրոցների տնօրեններ հանդիպում են ՌԴ դեսպանին ու նրա հետ ինչ-որ աշխատանքային խմբի մասին են խոսում։ Սրա մասին քաղաքապետարանը ծպտուն չի հանել, մենք դրա մասին իմանում ենք ՌԴ դեսպանատան էջից, որ ինչ-որ աշխատանքային խմբեր են ստեղծվել, ռուսաց լեզվի խորացման, դասաժամերի ավելացման, նոր դպրոցների բացման մասին։ Սովետ ենք հետ գնում։ Բայց դուք այսքան օր մի ծպտուն չեք հանել։ Այնինչ, ձեր քաղաքական թիմի ղեկավարը, սիրելի ավագանու անդամներ, ասուլիսում ասում էր, որ ավագանին քաղաքական մարմին է»,-ասաց Անի Խաչատրյանը։

Ապա` շարունակվելով ելույթը, դիմելով ավագանու անդամներին, ասաց․ «Այ քաղաքական մարմնի ներկայացուցիչներ, ինչո՞ւ չեք բղավում, որ այս քայլը դեպի միութենական պետություն տանող ծուղակը գցելու մեկնարկ է, ռուսական աշխարհի սահմանները ընդլայնելու քաղաքականության մաս է, իրական վտանգ ՀՀ ինքնիշխանությանը։ Եռաբլուրում հանգչող մեր հերոսները փայլուն տիրապետում էին ռուսերենին, բայց ռուս-թուրքական բարեկամությունը չխանգարեց Ադրբեջանի ձեռքով նրանց սպանել։ Ինչի՞ ձեն չեք հանում, սա կարեւոր չի՞, թքած ունե՞ք էս երկրի ինքնիշխանության վրա, ինչքա՞ն կարելի է ռուսի ստրուկ լինել։ Եթե չեք տեսնում այսքանը, ոչ թե միտումնավոր եք բերաններդ փակել, եթե միտումնավոր է, ուրեմն քաղաքական որոշում է, թող դրա եզրակացությունն անի ՀՀ քաղաքացին, բայց եթե միտումնավոր չի, ուրեմն ձեր քաղաքական թիմի ղեկավարն էր սխալ, դուք քաղաքականապես հասուն չեք»։

Խաչատրյանը վստահեցրեց՝ պահանջելու է հրապարակել այդ խմբի մասնակիցների անունները՝ ԿԳՄՍ-ից եւ քաղաքապետարանից, դպրոցների տնօրենների անունները, որոնք են թույլ տվել մասնակցել այդ հանդիպմանը եւ ովքեր են աշխարհի կողմից ագրեսոր ճանաչված երկրի դեսպանի հետ հանդիպողները․ «Խոստանում եմ, «Հանրապետություն» կուսակցությունը շնչելու է ձեր թիկունքում ու ստանալու է այս հարցերի պատասխանները»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031