Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին նոր փոխքաղաքապետ ունի․ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռանն ամենաշատ ձայներ տվեց «Բալասանյան դաշինքը»

Մարտ 15,2023 15:41

Այսօրվանից Գյումրին նոր փոխքաղաքապետ ունի․ ավագանին ձայների մեծամասնությամբ այդ պաշտոնում նշանակեց 28-ամյա ատամնաբույժ Վահագն Հրաչի Մկրտչյանին։

Վերջինս, ինչպես տեղեկացրել ենք, ՔՊ խմբակցության կողմից նոր ընտրված ավագանու անդամ է և վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հարազատ մորաքրոջ թոռն է։

Ավագանու նիստը սկսվելուն պես՝ տեղեկացրեցին, որ Վահագն Մկրտչյանը վայր է դրել մանդատը և քննարկեցին փոխքաղաքապետի պաշտոնում նրա թեկնածության հարցը։

Երիտասարդը ելույթ ունեցավ, ներկայացրեց իր համեստ կենսագրականն, ասաց, որ իր համար մեծ պատիվ է Գյումրու պես քաղաքի ղեկավարի տեղակալի պաշտոնում առաջադրվելը, քանի որ իր տոհմը Գյումրիում ունի 200-ից ավելի պատմություն, այս քաղաքն այդ պատճառով իր օջախն է։ Նա խոստացավ աշխատել ի շահ գյումրեցու ու «հնամենի քաղաքի երբեմնի փառքի վերականգմանը»։

Նրա ելույթից հետո «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ հիմքով են նրան նշանակում փոխքաղաքապետ։

Վարդգես Սամսոնյանը սկսեց գովաբանել․ «Հաշվի ենք առել, որ պարոն Մկրտչյանն ունի կազմակերպչական փորձ»։

Վարդևան Հակոբյանը հակադարձեց․ «Պարոն Սամսոնյան, կազմակերպչական փորձ չունի Մկրտչյանը»։

Քաղաքապետը, սակայն, շարունակեց․ «Ես հաստատում եմ, ունի՛, փոքր քաղաք է, դուք էլ ճանաչում եք, գիտեք գործունեություն ծավալած տեղը, վայրն, արած աշխատանքները։ Շփվելով, տեսնելով գիտելիքները, մեծ հույս ենք կապել, որի արդյունքում իր թեկնածությունն ենք առաջադրել, համայնքի ղեկավարն է առաջադրում՝ ըստ ընթացակարգի»։

«Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը պահանջեց մանրամասնել՝ ի՞նչ կազմակերպչական փորձ ունի, ի՞նչ գիտելիքներ ունի։

Գյումրու քաղաքապետն ասաց․ «Գիտեք, որ քաղաքում ունենք «Մելիքովիչ և որդիներ» կազմակերպությունը, նաև ատամնաբուժական տեղ, որտեղ ինքն է տնօրենը և կառավարել է, շատ լավ համբավ ունի։ Իսկ կազմակերպչական աշխատանքներն այդտեղից էլ երևում են»։

Ամենաշատ ձայներ նրան տվեց «Բալասանյան դաշինքը»՝ 12 կողմ, ՔՊ-ն՝ 9 կողմ, «Հանրապետական» և «Ապրելու երկիր» խմբակցությունները դեմ արտահայտվեցին, յուրաքանչյուրն ունի 2 ձայն, ստացվեց չորս դեմ, իսկ 3 ձայն ունեցող «Զարթոնք» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց։

Նշանակումից հետո Վահագն Մկրտչյանը լրագրողների հետ ճեպազրույց ունեցավ՝ տեղեկացնելով, որ երկար է մտածել փոխքաղաքապետի պաշտոնը ստանձնելու մասին, միանգամից որոշում չի կայացրել՝ հասկանալով մեծ պատասխանատվությունը։

Նա անդրադարձավ նաև Աննա Հակոբյանի հետ ազգակցական կապին, ի շնորհիվ այդ կապի փոխքաղաքապետի նշանակվելուն։

Մանրամասները՝ քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031