ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռք են բերվել նույն քննչական բաժնում քննվող քրեական վարույթով տուժողի դատավարական կարգավիճակ ունեցող անձից քննիչի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ տվյալներ:
2023 թվականի մարտի 13-ին Կոտայքի մարզի 27-ամյա բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2022թ. օգոստոսի 1-ից ՀՀ քննչական կոմիտեի վերոնշյալ քննչական բաժնում քննվող քրեական վարույթներից մեկով ունի տուժողի դատավարական կարգավիճակ, որի շրջանակներում 12.000 ԱՄՆ դոլար գումարի խարդախության զոհ է դարձել։
Ըստ հաղորդման՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող քննիչն իրենից պահանջել է 500 ԱՄՆ դոլար գումար, որպեսզի այն փոխանցի դատախազին՝ առերևույթ հանցանք կատարած անձին գտնելու նպատակով և մեկ շաբաթ անց հետ վերադարձնի նշված գումարը։ Սակայն հետագայում քննիչը հրաժարվել է գումարը հետ վերադարձնել՝ հայտնելով տարաբնույթ, անհիմն պատճառաբանություններ։
2023 թվականի մարտի 10-ին հիշյալ քննիչը, զբաղեցրած պաշտոնն այլևս զբաղեցրած չլինելու պայմաններում, 27-ամյա երիտասարդի հաշվին փոխանցել է 204.000 ՀՀ դրամ և պահանջել մոտենալ քննչական բաժին՝ քննությունը շարունակելու նպատակով։
Կարդացեք նաև
Նկատի ունենալով, որ 27-ամյա երիտասարդի կողմից ներկայացրած հաղորդումը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված առերևույթ հանցանքի փաստական նկարագրություն՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հաշվի առնելով, որ առերևույթ կոռուպցիոն հանցագործության դեպքերով նախաքննությունն իրականացվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում՝ նախաձեռնված քրեական վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու նպատակով։
Նշված քննիչը ՀՀ քննչական կոմիտեում զբաղեցրած պաշտոնից ազատվել է 2022թ. հոկտեմբերի 12-ին։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե