Լրահոս
Օրվա լրահոսը

«Հո «Սանտա Բարբարա»-ն չի՞․ դիմեք վարչապետին ու ստացեք այդ տեղեկանքը»․ Սիսակ Գաբրիելյանն ընդհատեց Լիլիթ Գալստյանին

Մարտ 15,2023 15:33

«Դա աշխատանքային փաստաթուղթ է, որն այս փուլում չի նախատեսվում հրապարակել։ Այդ պատճառով այն անվանել ենք վերլուծական տեղեկանք։ Վստահ եմ, որ հաջորդ փուլերում կունենանք այն ձեւաչափը, որով այդ քննարկումները կդարձնենք ընդհանուր եւ կներառենք շահագրգիռ կողմերին»,- ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական նիստում այսօր «ՀՀ կառավարության ծրագրի 2022թ․-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցադրումներին, թե ինչո՞ւ չի հրապարակվում այն տեղեկանքը, որը կփաստի բուհերի միավորման, ակադեմիական քաղաքի ստեղծման ծրագրերի մասին փաստական վերլուծությունները։

Ժաննա Անդրեասյանը նշեց․ «Վստահեցնում եմ՝ չկա մի բան, որն արվում է ոչ թափանցիկ, որովհետեւ կրթության զարգացման պետական ծրագիրը շատ հստակ թիրախներ ունի՝ ակադեմիական քաղաքի, բուհերի խոշորացման մասով։ Ու ցույց է տալիս գործիքակազմ։ Ավելին՝ գործողությունների պլանը շուտով հաստատվելու է կառավարության որոշմամբ, եւ դրանում կոնկրետ թվեր կան։ Ակադեմիական քաղաքի տեղակայումը հստակեցված է։ Առաջիկայում նախատեսում ենք ստեղծել ծրագիրն իրականացնող կառույց։ Բոլոր հարցերը քննարկումների միջոցով առաջիկայում պարզ կլինեն»։

Լիլիթ Գալստյանը նկատեց՝ քննարկումները չեն կարող հիմք տալ ու բավարար լինել՝ հասկանալու համար, թե այս կամ այն բուհերի միավորման ռիսկերն ու արդյունքները որոնք են․ «Հաշվարկվա՞ծ է այդ ամենը, կարիքները։ Համոզվեցի՝ չկա փաստաթուղթ, որը թույլ կտա այդ ամենը հասկանալ։ Ռազմավարությունը դեռ չի նշանակում, որ ռիսկերը հաշվարկված են։ Չկա փաստաթուղթ, որով վաղը կարող ենք ասել, որ այս կամ այն միավորումը որքանով է հիմնավորված ու որքանով է ծառայում պետության շահերին»։

Ժաննա Անդրեասյանը պնդեց՝ տեղեկանքը կա։ Լիլիթ Գալստյանը խնդրեց իրեն տրամադրել։ «Ոչ»,-պատասխանեց Ժաննա Անդրեասյանը։ «Եթե դա հանրային ու թափանցիկ չի, ապա կառավարությունն ի՞նչ հիմքերով է փոփոխություններ անում ՀՀ կրթական համակարգում։ Գաղտնիության ռեժիմում եք պահում հիմնավորումները»,-արձագանքեց Լիլիթ Գալստյանը։

Միջամտեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը․ «Տպավորություն է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարն է խոսում, տիկին Գալստյան։ Ձեզ ի՞նչ՝ վարչապետն այդ տեղեկանքն ուզել ու ստացե՞լ է, թե չէ»։

Լիլիթ Գալստյանը պատասխանեց․ «Ի՞նչ։ Սա իմ հայրենիքն ու պետությունն են։ Ցավում եմ, որ այդպես եք մտածում։ Դուք տասնամյակներով ստեղծված գիտակրթական համակարգի հետ գործ ունեք»։ Սիսակ Գաբրիելյանն ընդհատեց Լիլիթ Գալստյանին․ «Մենք ձեզ լսեցինք, շնորհակալություն»։ Մինչդեռ Գալստյանը խոսքը չէր ավարտել։ «Հո շարունակելո՞վ չի, «Սանտա Բարբարա»-ն չի»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը։

Լիլիթ Գալստյանը փորձեց համբերատար բացատրել, որ չի կարելի իրեն ընդհատել, խոսքի իրավունք ունի։ Սիսակ Գաբրիելյանը հորդորեց ելույթների ժամին շարունակել խոսել, հիմա՝ լռել։ Լիլիթ Գալստյանն ասաց․ «Եթե մեր թիկունքում գաղտնի եք աշխատում, այդպես էլ ասեք, որ բուհական համակարգի հետ անում եք այն, ինչ ուզում եք»։

Ապա Սիսակ Գաբրիելյանն ասաց՝ եթե ուզի Գալստյանի օգնականին տրված ինչ-որ տեղեկանք տալ, Գալստյանը դա կտա՞ իրեն։ Գալստյանը վրդովվեց, որ պետությանը վերաբերող հարցն իր օգնականի թղթաբանության հետ է համեմատում։ Սիսակ Գաբրիելյանը խորհուրդ տվեց վարչապետի աշխատակազմին դիմել ու տեղեկանքը ստանալ․ «Վարչապետն է ուզել այդ տեղեկանքը ու ստացել է։ Դիմեք՝ ուզեք»։

Ուշագրավ է, որ հետո Սիսակ Գաբրիելյանը հարցրեց՝ «Դաշնակցության» այս կամ այն տեղեկանքը որ ուզեմ, կտա՞ք։

«Շնորհակալություն, որ «Դաշնակցությանը» պետության հետ համեմատեցիք»,-պատասխանեց Լիլիթ Գալստյանը։ Ապա Ժաննա Անդրեասյանը հորդորեց «թաքուն ու գաղտնի» ոճի խոսակցությունները դադարեցնել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031