«Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 198 դպրոցի հետ կապված ի՞նչ մոտեցում կա։ Դրան կպած Ջրաշենի դպրոցն է, ի՞նչ է արվելու՝ այն տեսքի բերելու համար»,-ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր «ՀՀ կառավարության ծրագրի 2022թ․-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
Նախարարը պատասխանեց, որ դպրոցների եւ մանկապարտեզների նորոգման ծրագրի շրջանակում ակտիվ աշխատում են․ «Ամեն շաբաթ կոնկրետ ցանկեր ենք քննարկում։ Առաջիկա քննարկումների արդյունքում պարզ կլինի առանձին դպրոցների եւ մանկապարտեզների մասով արվելիք աշխատանքը։ Հասկանում եմ, պարոն Ասլանյան։ Բոլոր հարցերը մանրամասն նայում ենք։ Ցավոք, երկիրն այն վիճակում է, որ շատ տեղերում կարիք կա հիմնանորոգման։ Սկզբունքների հարց է, թե ինչ հերթականությամբ են հաստատությունները նորոգվելու։ Վերջնական ցանկերը հրապարակելու ենք»։
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ 300 դպրոցների ու 500 մանկապարտեզների վերակառուցման, կառուցման ու նոր գույքով հագեցման ծրագրի շրջանակում մինչեւ 2026թ․-ը նախատեսվում է աշխատանքներ իրականացնել 337 դպրոցներում եւ 521 մանկապարտեզներում․ «2022թ․-ին աշխատանքներն ավարտին են հասցվել 24 դպրոցներում եւ 46 մանկապարտեզներում։ Կառուցվել է 7 դպրոց եւ 8 մանկապարտեզ, վերակառուցվել են եւս 8 մանկապարտեզներ, հիմնանորոգվել են 17 դպրոցներ եւ 30 մանկապարտեզներ։ Նախագծման փուլում են 26 դպրոցների եւ 39 մանկապարտեզների կառուցման, 17 դպրոցների եւ 1 մանկապարտեզի վերակառուցման, 1 դպրոցի եւ 32 մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ