«Ես չեմ պատրաստվում իմ առջեւ դրված խնդիրները կիսատ թողնել, հրաժարական չեմ պատրաստվում տալ: Ես շարունակելու եմ իմ սկսած բարեփոխումները: Թե որքան ինձ կհաջողվի դա իրականացնել՝ կյանքը ցույց կտա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը:
Հարցին՝ ճի՞շտ է, որ Անդրանիկ Քոչարյանը աչք ունի ձեր տեղի վրա՝ Պապիկյանը պատասխանեց. «Կոռեկտ չի էլի նման հարցի պատասխանել, բայց Անդրանիկ Քոչարյանը մեր լավ գործընկերն է, նրա հետ մենք շատ լավ աշխատում ենք, եւ կարծում եմ, մեր միջեւ սեւ կատու անցկացնելը լավ գործ չէ»:
Մեզ հաջողվե՞լ է զենք գնել հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Մեր բանակը սպառազինված է այնքանով, ինչքանով մենք հնարավորություն ենք ունեցել ձեռք բերել, ամենօրյա ռեժիմով զբաղվում ենք դրանով: Չեմ կարող ասել, թե որտեղից ինչ ենք ձեռք բերել»:
Կարդացեք նաև
Հարցին՝ պատերազմի ժամանակ մեր զենքերի 50%-ը չի՞ օգտագործվել, այդ մասին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարություն է արել՝ Պապիկյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել՝ ինչի մասին է խոսել Սերժ Սարգսյանը: Հարցը պիտի տալ նրան, որ նշի ինչ զենքերի մասին է խոսքը, ինչ կերպ պետք է դա կիրառել, ովքեր դա չեն կիրառել, Սերժ Սարգսյանի դաշտում է, կխոսի՝ կպատասխանեն համապատասխան մասնագետները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ