ՀՅԴ ներկայացուցիչները Մոսկվայում հանդիպել են «Արդար Ռուսաստանը՝ հանուն ճշմարտության» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովին
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպել են «Արդար Ռուսաստանը՝ հանուն ճշմարտության» կուսակցության նախագահ, Պետդումայում կուսակցության խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, Լաչինի միջանցքի շրջափակմանը, Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, ընդգծվել է Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցային հարաբերությունների պահպանման և զարգացման անհրաժեշտությունը։
Սերգեյ Միրոնովը նախ հիշատակել է 2022 թվականի նոյեմբերի 29-ին կայացած հանդիպումը՝ բարձր գնահատելով «Արդար Ռուսաստանը՝ հանուն ճշմարտության» և «ՀՅ Դաշնակցություն» կուսակցությունների համագործակցությունը` 2007 թ. ստորագրված համագործակցության պայմանագրի շրջանակներում:
ՀՅԴ ներկայացուցիչներն անդրադարձել են Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ Լաչինի միջանցքի փակումից երեք ամիս անց Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է, և այժմ շատ կարևոր է Ռուսաստանի և ռուս խաղաղապահների դիրքորոշումը։ Նշվել է, որ Արցախի Հանրապետության ժողովուրդը Ռուսաստանի Դաշնությունից ակնկալում է ավելի ակտիվ գործողություններ։
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին Սերգեյ Միրոնովը հույս է հայտնել, որ ի վերջո կհաղթի ողջախոհությունը, ձեռք կբերվեն որոշակի պայմանավորվածություններ, կլուծվեն հայ բնակչության անվտանգության խնդիրները, որի երաշխավորը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը։