Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդ, որը իր իսկ խոսքերով՝ ինքն իրեն գժի տեղ էր դնում, լրջությունից խոսելու իրավունք չունի»». Հայկ Մամիջանյան

Մարտ 15,2023 14:40

«Նիկոլ Փաշինյանը պիտի իր չափերը լավ ճանաչի եւ իր չափերը չանցնի, որովհետեւ մարդ, որը իր իսկ խոսքերով՝ ինքն իրեն գժի տեղ էր դնում, լրջությունից խոսելու իրավունք չունի»,- այսօր, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խորհրդի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով երեկ մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունների մասին արտահայտած տեսակետին:

Հիշեցնենք, Aravot.am-ի հարցին ի պատասխան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս ասել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մեր բանակի հնարավորություններ՝ զենք-զինամթերքի, անձնակազմի եւ այլն, 50 տոկոսով են օգտագործվել: Սերժ Սարգսյանը նաեւ ասել էր, որ 2018 թվականից հետո, Հայաստանը որեւէ ռազմատեխնիկական աջակցություն չի ստացել: Երեկ Նիկոլ Փաշինյանն այսպես էր արձագանքել Սերժ Սարգսյանի հայտարարություններին. «Պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որ բանակում գործել է 5-րդ շարասյուն»:

Հայկ Մամիջանյանը պնդում է, որ այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը չկարողացավ հերքել Սերժ Սարգսյանի պնդումը, որ 44-օրյա պատերազմում մեր բանակի հնարավորությունների 50 տոկոսն է օգտագործվել, նա պատասխանեց․ «Փնթի մանիպուլյացիաներով՝ մեջբերելով մեր կամավորականների հերոսությունները»՝ փորձելով անհամեմատելի բաներն իրար հետ համեմատել: «Ինչ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահը, բնականաբար, համապատասխանում է իրականությանը եւ Փաշինյանը դա հերքել չկարողացավ»,- ասաց Հայկ Մամիջանյանը:

Իսկ ինչ վերաբերվում է սպառազինություն ստանալ-չստանալուն էլ, բանախոսն ասաց. «Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք Հայաստանը ստացել է օգնություն, անվճար՝ 50 հազար տոննա սպառազինություն, որին Փաշինյանը երեկ քմծիծաղով էր փորձում արձագանքել: Վերահաստատում եմ, 2018 թվականից այս կողմ Հայաստանը սպառազինության աջակցություն-օգնություն չի ստացել: Ինչ վերաբերվում է իր նշած՝ բերել ենք, գնել ենք զենքեր եւ այլն, չեմ էլ ուզում խոսել նույնիսկ իր եւ իր քաղաքական թիմի անդամների բարձրաձայնած՝ փողը տալիս ենք, զենքը չեն տալիս եւ այլ թեզերին»:

Հայկ Մամիջանյանը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի հրապարակած՝ զենքի ձեռք բերման պայմանագրերի մի մասը, շուրջ 300 միլիոն դրամի, կնքվել են ՀՀԿ-ի իշխանության տարիներին, որոնց մի մասն ինքն անմտորեն փոխել է՝ ՀՕՊ համակարգերը փոխարինելով առանց հրթիռների, «սելֆիի համար ՍՈւ-երով»: Բանախոսը հիշեցնում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ պետական բյուջեից կատարվել են արտարժույթով կանխիկացումներ եւ գնվել են 2-3 անգամ ավելի թանկ գնով զրահաբաճկոններ եւ այլն ու խոստացավ, որ այդ գործը պարզվելու է, ունենալու է իրավական հետեւանքներ եւ հրապարակվելու են բոլոր մարդկանց անունները, որոնք մասնակցել են այդ գործարքին:

Ինչ վերաբերվում է «5-րդ շարասյան» մասին Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, Հայկ Մամիջանյանը պատասխանեց. «Դա հետագայում ՊՈԱԿ-ի կողմից պատրաստվելիք եւ ֆեյքերի կողմից տարածվելիք՝ Փաշինյանը մեղավոր չէր, բանակը չկռվեց, գեղարվեստական կինոնկարի թրեյլերն էր: Ոչ ոք իրավունք չունի հայոց փառապանծ բանակի մասին նման ակնարկներով խոսել»:

Հայկ Մամիջանյանը մեր բանակի մարտիկներին՝ զինվորից-գեներալ, խնդրեց. «Դուք էլ բացի ձեր զինվորականի մունդիրի պատվից, կորցնելու բան չունեք՝ սկսեք խոսել պատերազմի ժամանակ մատակարարման մասին, կազմակերպման, լոգիստիկայի, Սյունիքից զորքերի հետքաշման հրամանի մասին եւ անօրինական ու հակապետական բոլոր հրամանների մասին, որ ստացել եք: 30 տարի դուք եք մեզ պաշտպանել, խոստանում եմ՝ ինչ հնարավորություններ ունեմ՝ իրավականից-տեղեկատվական եւ ֆիզիկական պաշտպանությունը, համեստ հնարավորությունների չափով, ապահովել: Հետո արդեն ուշ է լինելու»:

Հայկ Մամիջանյանն անդրադարձավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հրապարակած փաստաթղթին, ըստ որի Արցախը հանձնվում է Ադրբեջանին եւ դրան Նիկոլ Փաշինյանի արձագանքին էլ. «Արմեն Աշոտյանի հրապարակած փաստաթուղթն այլեւս անհերքելի է: Երեկ իր ասուլիսի ժամանակ, Փաշինյանը չհերքեց այդ փաստաթուղթը, որովհետեւ դա անհնար է անել, որովհետեւ դա ընթացիկ, այս պահին բանակցվող, թեզերը վեր հանող փաստաթուղթ է: Այնպես որ, բոլոր իշխանական եւ մերձիշխանական երեւույթներին, որոնք փորձում էին Փաշինյանից ավելի Փաշինյան երեւալ եւ այս ընթացքում հերքել այդ փաստաթուղթը՝ հենց լավ ժամանակ է հիմա, ստատուսները ջնջելու»:

Նա հորդորեց՝ մեկ անգամ ևս ուժ գտնել, նայել երեկվա ասուլիսը եւ համեմատել, թե ինչպես էր Փաշինյանը խոսում արցախյան հակամարտության, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, ինչ չափով էր փորձում հերքել ադրբեջանական թեզերը եւ ինչ էմոցիայով եւ ջանասիրությամբ էր փորձում հերքել իր խմբակի կոռուպցիոն սկանդալների անհերքելի փաստը: Դրա ապացույցն ու վերահաստատումն, ըստ Հայկ Մամիջանյանի, տեղի ունեցավ ուշ երեկոյան, երբ Aravot.am-ի յութուբյան ալիքը հարձակման ենթարկվեց, իսկ դրանից մի քանի ժամ առաջ կայքում անոնսավորվել էր, որ հրապարակվելու է տեսանյութ՝ գործող իշխանավորների կոռուպցիան ներգրավվածությունների մասին պատմող:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031